ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի շրջանակներում երեկ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Քննարկվեցին երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրությունում առկա խնդիրները:
2008 թվականին ընդհանուր հանցագործությունների թվաքանակի 10 տոկոսի աճի պայմաններում գրանցվել է անչափահասների հանցավորության մակարդակի նվազում 4.8 տոկոսով եւ քրեական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակի նվազում 23 տոկոսով, հայտնեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից Նելլի Դուրյանը :
2006 թվականին 395 անչափահաս` բացառապես 14-15 տարեկան, կատարել են 506 հանցագործություն: 2007-ին արձանագրվել է 563 հանցագործության դեպք` 366 անչափահասի կողմից, իսկ 2008 թվականի 12 ամիսների ընթացքում արձանագրվել է 536 հանցագործության դեպք` 282 անչափահասի կողմից:
Ոստիկանության ներկայացուցիչը առաջարկեց 14-18 տարեկան արական սեռի դժվար դաստիարակվող, իրավախախտ եւ հատուկ դաստիարակության տարիք ունեցող անչափահասների համար Նուբարաշենում հակասոցիալական վարք ունեցող դպրոցի բազայի վրա ստեղծել հատուկ ուսումնադաստիարակչական հաստատություն, որն, ըստ Դուրյանի, համահունչ է ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի դրույթներին: Ինչպես նաեւ Վարդաշենի հակասոցիալական վարք ունեցող անչափահասները պետք է առանձնացվեն մուրացիկ հանցագործներից:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը կարեւոր համարեց ոստիկանների վարկի բարձրացումը.
«Երեխաների իրավունքների պաշտպանության մասին բազմաթիվ օրենքներ ունենք, սակայն դրանք կիրառելու մեխանիզմները բացակայում են», իր հերթին ասում է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը :
Ա. Հարությունյանի մատուցմամբ` երեխաների իրավունքների խախտման բողոքներ իրենք չեն ստանում ու պաշտոնական որեւէ վիճակագրություն չունեն, ինչն էլ ցույց է տալիս, որ վիճակն իրոք պրոբլեմային է: «Եթե ընդհանրապես բողոք չի լինում, սա հակառակի մասին է խոսում, որ երկրում խնդիրներ ունենք: Պետությունը ընտանիքի նկատմամբ պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի եւ դա օրգանապես կապված է երեխայի իրավունքի հետ», ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ նրա, իրենք երեխաների իրավունքների հետ կապված խնդիրները չեն դիտարկում, որ երեխան գնա ու բողոքի ծնողի դեմ, այլ պետությունն ընտանիքների նկատմամբ պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի, ինչն էլ օրգանապես պետք է կապված լինի երեխայի իրավունքների հետ: Իսկ երեխան, ըստ նրա, ձեւավորվում է հենց ընտանեկան միջավայրում, դասեր է քաղում ընտանիքից, իսկ պետությունը ընտանիքի մասին հոգ տանելով, ապահովում է նորմալ միջավայրում դաստիարակված երեխաներ:
Երեխայի ծնունդը չգրանցելու դեպքերը, ամուսնալուծված ծնողներից երեխայի համար վճարվող ալիմենտի նվազագույն շեմը` հազար դրամը, նույնպես երեխաների իրավունքների խախտում են` իր արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրել է Արմեն Հարությունյանը:
«7000 դրամով ուրվագծեցինք խնդրի լուծման մի մեկնարկային հնարավորություն: 1000 դրամով երեխայի իրավունքները հնարավոր չէ ապահովել: Մինչեւ երկու երեխայի համար նպաստ է ստանում այն ծնողը, որը աշխատում է եւ գտնվում արձակուրդում: Այստեղ պետք է հաշվի առնենք, որ նպաստ պետք է ստանան այն երեխաները, որոնց ծնողները չեն աշխատում: Նամանավանդ, գիտենք, որ օբյեկտիվ պատճառներ կան, որ ծնողները չեն աշխատում», լրագրողներին հայտնեց Ա. Հարությունյանը:
Որոշ չափով երեխաների իրավունքների հետ է կապվում նաեւ հայրենադարձությունը, եւ որպես դրա հետեւանք` քաղաքացիության շնորհումը:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարց ուղղեց պատգամավոր Անահիտ Բախշյանը. «Եթե, տա Աստված, մի օր հայրենադարձություն ունենանք, ինչպես 46 թվին եղավ, շատ հայեր ներգաղթեն Հայաստան, քաղաքացիության օրենքում այսօրվա կարգը իրեն կարդարացնի՞»:
«Աստված արդեն տվել է: Եթե նայեք վիճակագրական տվյալները, ապա կտեսնեք, որ 2008 թվականին քաղաքացիություն ստացողների թիվը մոտավորապես 6,5 անգամ ավելացել է: Մենք մի փոքր նույնիսկ ավելի լոյալ ենք, քան որեւէ երկրի քաղաքացիության մասին օրենսդրությունը», ասում է Գ. Դանիելյանը :
Անահիտ Բախշյանին մտահոգում էր, թե ինչպես են լուծվելու Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընտանիքի անդամների քաղաքացիության խնդիրները:
«Ջրային վոլեյբոլի թիմ են բերել Բրազիլիայից եւ տեղնուտեղը քաղաքացիություն են տվել նրանց: Ես ուրիշ հարց ունեմ: Եթե կարելի է այդ մարդկանց շատ կարճ ժամանակահատվածում տալ քաղաքացիություն եւ դեռ չգիտենք դրա արդյունքը` ինչ կլինի, ապա Ժիրայր Սեֆիլյանը, որ կռվեց, ստացավ մարտական խաչ, հերոսի կոչում, մինչեւ օրս չի ստանում քաղաքացիություն եւ հենց մի թթու խոսք է ասում իշխանության հասցեին` իշխանություններն ուրիշ ճար չունեն, միանգամից ուզում են երկրից վռնդել»:
Արդարադատության նախարարն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելիս տվյալ քաղաքացուն զգուշացնում են նաեւ գոյություն ունեցող բացասական հետեւանքների մասին. «Նկատի ունեցեք, որ կան երկրներ, որտեղ չեն ընդունում երկքաղաքացիության ինստիտուտը եւ շատ հստակ ունեն նորմեր, որ եթե շրջանցելով եւ ծածուկ ստանում են այլ երկրի քաղաքացիություն, ապա միանգամից զրկվում են տվյալ երկրի քաղաքացիությունից»:
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ