«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ» ՏԵՍՔԻ ԵՆ ԲԵՐՎՈՒՄ 225-Ն ՈՒ 300-Ը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որը պետք է նախապատրաստի ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունները` դրանք օրենսդրական նախաձեռնություն դարձնելու համար, մարտի 1-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հավաքվել էր երկրորդ անգամ` քննարկելով առաջարկների երկու փաթեթ (խմբինն ու ԺՀ-ինը): Խմբի առաջարկները ներկայացնում էր աշխատանքային խմբի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը , իսկ ԺՀ-ի առաջարկները` Արծվիկ Մինասյանը: Նիստը փակ էր լրագրողների համար, սակայն քննարկմանը մասնակից ներսուդուրս անողներից իմացանք, որ առաջարկները վերաբերում են քր. օր.-ի` վերը նշված հոդվածներիՙ իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման եւ մի շարք այլ դրույթներին, որոնց վերաբերյալ ավելի վաղ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչներին ՀՀ իշխանությունները խոստումներ էին տվել քաղաքական տարրը անջատել քրեականից: Դ. Հարությունյանն առաջարկում էր «իշխանության յուրացում» հասկացությունն անջատել «սահմանադրական կարգը տապալել» հասկացությունից, քանի որ վերջինս միշտ չէ, որ իշխանության յուրացում է: Տարանջատվելու են նաեւ «իշխանությունը պահել» եւ «իշխանությունը զավթել» հասկացությունները: Իսկ Արծվիկ Մինասյանն ընդհանրապես առաջարկում է հրաժարվել «պետական իշխանության յուրացում» արտահայտությունից:

Նիստի ընդմիջմանը զրուցեցինք քննարկման մասնակիցներից մի քանիսի հետ:

Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկելով «իշխանության յուրացում» հոդվածը` առաջարկվում է այն բաժանել երեք հոդվածի. առանձին կլինեն իշխանության յուրացմանը (իր մեջ երկու տեսակ ունի` իշխանությունը զավթելն ու իշխանություն պահելը), սահմանադրական կարգի տապալմանը, տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին վերաբերող հոդվածները:

Հարցին, թե ի՞նչ է լինելու աշխատանքային խմբի գործունեության խիստ մոտակա ավարտից հետո, խմբի ղեկավարը նկատեց, թե հարցի պատասխանը ԱԺ նախագահի տիրույթում է, կախված նրանիցՙ ինչպիսի՞ արդյունք է գրանցվելու: Ասենք, որ Վենետիկի հանձնաժողովը ներգրավված է լինելու հոդվածները փոփոխելու աշխատանքներում:

  «Ազգի» հարցին, թե «7-ի» դատավարության հետ ինչ-որ եզրեր կարո՞ղ են ունենալ այս փոփոխությունները, ի պատասխան Դ. Հարությունյանը նկատեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել` չտիրապետելով մեղադրական եզրակացությանը եւ չլինելով գլխավոր դատախազ. «Մեր գործը բացարձակ օրենսդիր աշխատանքն է: Եթե մեկը համարում է, որ ոչ հստակ ձեւակերպումներ են հնարավոր` տարածական եւ այլն, մեր գործն է այդ մասը հստակեցնել: Գործադրողի` դատախազի, դատարանի գործը լրիվ այլ է, նրանք պետք է սա փորձեն պրոյեկտավորել` ղեկավարվելով սահմանադրությամբ եւ այլն, մի խոսքովՙ իրենց գործն է: Ես չեմ ուզում դրանք իրար հետ կապել», ասաց:

Ըստ իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանի` եթե նախկին, իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններին վերաբերող հոդվածը դառնում է մի քանի հոդված, դա չի նշանակում, որ այդ հանցագործությունների համար պատասխանատվություն չի սահմանվի: Իսկ որ տեսակետ կա, թե ողջ օրենսգիրքը պետք է փոխվի, եւ միայն այս երկու հոդվածի փոփոխությունը իրավիճակային ձեռնարկում է, այս դիտարկմանը պատասխանեց, թե աշխատանքային խումբը ստեղծված է ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւի կատարման` այս երկու հոդվածների քրիստոնեական տեսքի բերելու կամ իրավական անորոշությունները վերացնելու համար: Եթե այդ երկու հոդվածները անուղղակիորեն փոխկապակցված են այլ հոդվածների հետ, ապա դրանցում եւս փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես` 225-ի հետ կապված 94 հոդվածը կփոխվի` սպանությունը զանգվածային անկարգությունների ժամանակ կդիտարկվի որպես որակյալ սպանություն եւ պատժաչափն ավելի խիստ կլինի:

«7-ի» գործի հետ ինչո՞վ է կապվում» հարցին Թովմասյանը եւս ուղղակի չպատասխանեց` կախված է նրանից, թե այս փոփոխությունները վերջին հաշվով ի՞նչ բնույթ կկրեն: Փոփոխությունների արդյունքում եթե այդ հանցակազմերը վերացան կամ մեղմացան, եւ գլխավոր դատախազը գտավ, որ նման փոփոխություններ կան` կփոխվի նաեւ 7-ին ներկայացվող մեղադրական եզրակացությունը:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, որ հրավիրյալի կարգավիճակում (ԺՀ-ում) մասնակցում է քննարկումներին, թեեւ գտնում էր, որ մեր քրեական օրենսգիրքն ընդհանրապես փոփոխությունների կարիք ունի` մոտ 40 հոդվածներում փոփոխություններ պետք է լինեն, բայց 10 օրվա մեջ այս երկու հոդվածում փոփոխություններ պատրաստելը, նրա կարծիքով, ռեալ չէ: Երեք-չորս ամսվա աշխատանք է շատ լուրջ մի հանձնախմբի, որը պետք է վերանայի քրեական օրենսգիրքն ամբողջությամբ, որովհետեւ մեր քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ են հնչում: Ի՞նչ է նշանակում զանգվածային անկարգություն, ի՞նչ է նշանակում իշխանության յուրացում, իշխանության տապալում բռնի կերպով. «Իշխանությունը կեղծված ընտրությունների միջոցով ստանձնելն իշխանության յուրացո՞ւմ է, թե ոչ: Եթե քաղաքական ենթատեքստ սրա տակ չդնենք, ուղղակի իրավական խնդիրներ լուծենք, ապա աշխատանքը շատ բեղմնավոր պիտի լինի իսկապես` շատ լուրջ մասնագետների ներգրավմամբ: Բայց քաղաքական ենթատեքստն ավելի բարձր է դասվել, քան իրավականը, քանի որ սա ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջների համատեքստում է իրականացվում: Ամեն անգամ իրավիճակից ելնելով հո չենք կարող փոփոխություն անել: Քաղաքական ենթատեքստով քրեական օրենսգիրք, սահմանադրություն փոփոխելը որքանո՞վ է ճիշտ: Իմ կարծիքով դա ամենակոպիտ սխալն է», հենց քաղաքական ենթատեքստից չկարողացավ կտրվել Արամ Կարապետյանը եւ գտավ, որ քաղաքական տարրից քրեական օրենսգիրքը ազատելու նպատակը ճիշտ եւ խելացի է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4