ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը նկատում է օրենսդրական լուրջ բարեփոխումներ, որոնք պետք է խթանեն հայրենական արտադրությունը: Այդ առնչությամբ անընդհատ տեղի են ունենում օրինագծերի կանոնակարգումներ տնտեսվարող սուբյեկտների դաշտում: Ըստ Բոստանջյանի` հատկանշական են հատկապես նախորդ տարի ԱԺ-ի ընդունած ակցիզային հարկերի օրենքում փոփոխությունները, համաձայն որոնցՙ հայրենական արտադրողներին ընձեռվում են որոշակի հնարավորություններ` արդյունավետ գործելու եւ շրջանառությունը մեծացնելու նպատակով: ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ խնդիրը վերլուծում է Ֆինանսական-տնտեսական ճգնաժամի համատեքստում: Վերջինս իշխանության ներկայացուցիչների գործողություններում հստակ քայլեր չի տեսնում, որոնք կխրախուսեն հայրենական արտադրողին: «Ի՞նչ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու 2009-ին: Երեւի բոլորս, բացի իշխանություններից, գիտակցում ենք, որ ինչ-որ վատ բան է լինելու», նկատում է Ասատրյանը: Նա չի հերքում, որ ԱԺ-ն օրենքներ ու օրինագծեր ընդունել ու մշակել է, պարզապես կան երկրներ, որտեղ օրենքները լավ են լինում եւ նպաստում են տնտեսության զարգացմանը, եւ կան երկրներ, որտեղ լավ օրենքներ չեն ընդունվում: Ասատրյանի դիտարկմամբՙ Հայաստանը պատկանում է երկրորդ խմբին:
Որպես ապացույց Ասատրյանը ներկայացրեց 2008-ի ամփոփիչ արդյունքները: «Պարզվեց, որ մեր երկրում ներմուծումը կազմել է 4 մլրդ 4 մլն դոլար, իսկ արտահանումը` 1 մլրդ 65 մլն դոլար: Այսինքնՙ մեր իշխանությունների քրտնաջան, նվիրված աշխատանքի արդյունքում ստացանք ճեղքվածք, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1 մլրդ 100 մլն-ով», ներկայացրեց Ասատրյանը: Նա վստահ է, որ մեր քաղաքականությունը խրախուսում է արտաքին արտադրողներին, ներմուծողներին, բայց որեւէ քայլ չի ձեռնարկում ներքին արտադրողներին խրախուսելու: Նախորդ տարվա համեմատությամբ արտահանման ծավալները բացարձակ թվով կրճատվել են: Ասատրյանը ներկայացրեց օրենքների այն փաթեթը, որ ԱԺ-ի օրակարգի գլխավոր խնդիրն է: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված 122 հարցերից որեւէ մեկը չի անդրադառնում վերոնշյալ հարցի եւ չի ներկայացվում լուծումները` մանավանդ ֆինանսատնտեսական ճգնաժամի ներքո:
Ասատրյանի մտքերին հակառակվեց Բոստանջյանը, սակայն արժեքավոր որեւէ մեկնաբանությամբ չներկայացավ:
Ասատրյանն ակնարկեց, որ դարձել ենք բանան ուտող ժողովուրդ, խոպանից ուղարկված փողով ապրանքներն առնում ու ուտում ենք: Սակայն որեւէ բան չենք արտադրում: Բոստանջյանն էլ համաձայնեց, որ իրապես հայրենական արտադրողների համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում: «Եթե այդ ասպարեզում թույլ ենք տվել դանդաղկոտություն, ապա չենք կարող այդ ամբողջ երեւույթը համարել բացասական: Պետք է հասկանանք, որ հանրապետությունը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում», նկատեց Բոստանջյանը: «Էդ երգը արդեն հնացած է, 500 տարի նույն բանն ենք լսում... Ուզում ենք ապրել նորմալ երկրում: Որեւէ միջոց ձեռնարկվե՞լ է, որ այս տարվա էքսպորտը 1.65 մլրդ-ից մի քիչ բարձրանա», շարունակեց Ասատրյանը: Բոստանջյանն էլ ասաց, որ Ասատրյանը խփում է ամենացավոտ, խոցելի կետին: «Իհարկե, վատ բան է, սակայն դա չի նշանակում, որ պետք է պեսիմիզմով լցվենք: Համարժեք քայլեր կանենք: Կառաջարկեի, որ հետեւողականությունը մեծ լիներ», ասաց Բոստանջյանը` հավելելով, որ վարչապետը ռուսական հեռուստաընկերություններից մեկում մոտավորապես 30 րոպե ներկայացրել է Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը: Բոստանջյանը վստահեցրեց, որ ներկայացվածն անխոցելի ծրագիր էր, սակայն շատերը թերահավատությամբ կլցվեն, թե արդյոք կարո՞ղ ենք իրագործել այդպիսի գաղափարները, երբ գոյություն ունեն այսքան անհարմարություններ:
Բոստանջյանը նաեւ նշեց, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում հարկերի բարձրացման մասին խոսք չի եղել: «Հարկային փաթեթում որեւէ տեղ չեք հայտնաբերի դրույքաչափերի բարձրացում: Հարկային բեռը կարող է բարձրանալ` պայմանավորված ստվերային մասով»:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կառավարությունը անպատասխանատու դիրքորոշում ունի: Կառավարությունը պետք է խոսի ծրագրերով, բյուջեներով: Մեր իշխանություններն ապրում են այնպես, ինչպես 3-4 տարի առաջ», ասաց Ասատրյանը: Ինչ վերաբերում է Հայաստան-2009-ին, ապա, ըստ Ասատրյանի, մեր իշխանությունները պետք է մտածեն հատկապես գործազրկության մասին: «Մեր հայրենակիցներից մի քանի հարյուր հազարն աշխատում են Ռուսաստանում: Նրանց զգալի մասը աշխատանք է կորցնելու, փողերը չի փոխանցելու էս քյասիբ երկիրը: Հանրապետության գլխավոր խնդիրը պետք է դառնար գործազրկության հարցը: Թող մեկ տարի հետաձգեին հարկային վարչարարության բարելավման հարցը: Աշխարհը դրանից չէր քանդվի: Գոնե 1000-1500 հոգի զբաղվածություն կունենային», Ասատրյանը նշեց, որ ճգնաժամի ամբողջ բեռն ու հետեւանքներն ընկնելու են միջին խավի ուսերին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ