2008-ի սեպտեմբերի 18-ին Վայոց ձորում կառավարության 2-րդ արտագնա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ առաջնահերթ խնդիրներից մեկը Հայաստանի տարածքային համաչափ զարգացումն է:
Կառավարությունը 2009-ի իր պահուստային ֆոնդի հաշվին 161 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով «Մեգա Արարատ» ՍՊԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով: Ներդրումների հետգնման ժամկետը 5 տարի է: Հաշվի է առնվել, որ «Մեգա Արարատ»-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 50 նոր աշխատատեղերի ստեղծմանը, Վայոց ձորի եւ հարակից մարզերի 100-ից ավելի ընտանիքների ներգրավմանը խոտաբույսերի հավաքման աշխատանքներում, նոր տեսակների` ուրցադաղձի, ծիրանի եւ դեղձի թեյերի արտադրության կազմակերպմանը եւ արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը: Ընկերությունը զբաղվում է բուսական 6 տեսակի թեյերի արտադրությամբ (ուրցի, դաղձի, ալոճի, մասուրի, սեւ եւ կանաչ ):
Մխիթար Մաթեւոսյանը ` «Մեգա Արարատ»-ի ղեկավարը, երեկ Վայք քաղաքում տեղակայված թեյի արտադրական տեղամասում լրագրողներին տեղեկացրեց, որ թեյի արտադրատեսակը լրացնելու համար Վրաստանից ներկրվել է սեւ եւ կանաչ թեյերի բարձրորակ տեսականի: Բիզնես ծրագրում ներկայացված հաշվարկներով` ընկերության տարեկան շրջանառությունը կազմել է 430 միլիոն դրամ: Մաթեւոսյանի մատուցմամբ` ծրագրվում է արտադրանքի 90 տոկոսի արտահանում Ռուսաստան: Ընկերությունը կարեւոր է համարում 2009-ին ձեռք բերել օրգանական սերտիֆիկատ, այն է` թեյի բոլոր արտադրատեսակները պետք է ունենան բնական ծագում, որպեսզի հնարավորություն լինի արտադրանքն արտահանելու նաեւ եվրոպական երկրներ: Ի դեպ, ընկերությունը Թբիլիսիում տեղի ունեցած բուսական թեյերի փառատոնի ժամանակ գրավել է առաջին տեղը:
ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանն էլ ընդգծեց, որ պետք է բարելավել ընկերության կառավարման համակարգն ու մարկետինգային քաղաքականությունը` վստահեցնելով, որ մի քանի ամիս անց արտադրամասն ունենալու է լիովին այլ պատկեր:
Թեյի արտադրական տեղամասն առայժմ ունի 10 աշխատակից. վերջիններս գոհ էին իրենց աշխատանքից:
Մեկ տարվա ծրագրի իրականացման շրջանակներում թեյերի արտադրանքների ծավալը նախատեսվում է հասցնել 1 միլիոն տուփի:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ