«Երեկ տվեցինք առաջին զոհըՙ Արշալույսցի Գագոն էր: Տղերքը մարմինը բերում են Արշալույս......»
05.02.1991
«Հասանք Հորադիզ, կուզենայի մի քանի օրով տուն գալ, բայց......»
Նոյեմբեր 1993 թ.
«Մարտակերտում վիճակը ծանր է, Մեզ տեղափոխում են Մարտակերտի հատված...»
Նոյեմբեր 1992 թ.
Այս նամակները գրել են էջմիածնեցի զինվորները, որոնք 90-ականներին մեկնել էին Ղարաբաղ` հայրենի հողը թշնամուց պաշտպանելու ու երկրին խաղաղություն պարգեւելու: Այսօր այդ ու էլի մի քանի տասնյակ նամակներ անմահացան Էջմիածնի Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ արցախյան ազատամարտիկներին նվիրված հուշարձանին: Քանդակ-հուշարձան, որ ապագա սերունդներին կպատմի հայ քաջերի սխրագործությունների, հույզերի, ապրածի ու տեսածի մասին: Հուշարձանի հեղինակը` Սամվել Մովսիսյանը խոստովանում է, որ ցանկանում էր ընդունված մոտեցումներից տարբեր արտահայտել իր երախտագիտությունը զինվորներին:
«Զրուցեցի ազատամարտիկների ընտանիքների անդամների, մարտական ընկերների հետ: Զինվորներից շատերն էին պատերազմի տարիներին նամակներ ուղարկում ընկերներին, հարազատներին` պատմելով անցած ճանապարհի ու դժվարությունների մասին: Զինվորների նամակները պատմությունը նորովի հրաշալի ու ինքնատիպ ներկայացնելու նյութ կարող էին հանդիսանալ: Ոչ ոք չի կարող ավելի ճշգրիտ ու պատկերավոր ներկայացնել պատերազմն իր ամբողջ դժվարություններով ու տառապանքով, քան պատերազմի մասնակից զինվորը: Եվ որոշեցի, որ հուշարձանը պետք է լինի աբստրակտ ոճի: Քարերը պետք է կոտրտված լինեն: Յուրաքանչյուր քար անհատական պատմություն է խորհրդանշում: Այս նամակները պետք է հուզեին դիտողին, որովհետեւ յուրաքանչյուրն իր պատմությունը, ցավը ունի, յուրաքանչյուրը խոսում է իր կորստի, կորսված կյանքի մասին: Մինչդեռ ուրախությունը մեկն է` ազատագրված հող, որ թերեւս ամենակատարյալ ստեղծագործությունն է», պատմեց քանդակագործը:
Նամակներին զուգահեռ ներկայացված է նաեւ Ղարաբաղի մթնոլորտը: Արծիվներ, բնաշխարհը պատկերող զարդաքանդակներ, խաչքարերի փոքրիկ կտորներ, որպեսզի ղարաբաղյան շունչը տեղափոխվի Էջմիածին ու պատկերն ամբողջական դառնա:
Քանդակագործը խոստովանում է, որ դժվար էր զրուցել բազալտի հետ, սակայն առավել դժվար է ներկայացնել մի քանի տասնյակ տղաների կյանքի ամենադժվար ուղին: «Թեպետ իմ առաջին մոնումենտալ ստեղծագործությունը չէր, սակայն շատ էի հուզվում: Սուրբ գործ ներկայացնելը պատասխանատու ու պարտավորեցնող է: Ասում են, որ հուշարձանը վերացական է, սակայն համամիտ չեմ: Ոչ թե պատմությունն է հիմք հանդիսացել, այլ հուշարձանն է մարդկանց ուղեկցում դեպի պատմությունը, որ դեռեւս անավարտ է: Նպատակը մեկն էր, որ հուշարձանը լիներ շատ ինքնատիպ, մարդուն դեպի իրեն ձգեր, կարդային նամակներն ու մի ակնթարթ մտորեին, գնահատեին զինվորների կատարածը, երախտագիտությամբ լցվեին նրանց անձի ու սխրագործությունների նկատմամբ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ