Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանիՙ Հայաստանը հետաքրքրված է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆինանսական հաշիվներն իրականացվեն ազգային արժույթներով, ոչ թե դոլարով կամ եվրոյով, քանի որ դա հանգեցնում է արտարժութային ռիսկերի դիվերսիֆիկացման եւ կրճատում գործարքավարական ծախսերը: Այդ մասին վարչապետն ասել է «Ռեգնում» գործակալության թղթակցին: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք անցումը ռուբլուն` որպես պահուստային արժույթի, նախապատրաստական քայլ լինել Հայաստանի` ռուբլու գոտի մտնելու համար, վարչապետը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ է նկատի առնվում «ռուբլու գոտի» ասելով:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ եթե «ռուբլու գոտի» հասկացության տակ նկատի են առնվում այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ առեւտրային գործարքներում որպես հաշվարկային արժույթ օգտագործում են ռուբլին, ապա դա բավականին իրական հեռանկար է, իսկ եթե հասկանում են եվրոգոտու սկզբունքով երկրների միավորումը, ապա այսօր այդ մասին խոսելը վաղաժամ է»:
Նա նշել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը 3 տարի առաջ որոշում է ընդունել ռուբլին որպես պահուստային արժույթ օգտագործելու մասին եւ դիմել է Միջպետական բանկին` առաջարկելով ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի համար ստեղծել ռուբլու գործիքներ:
Ա. Մ.