Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ Եվրոմիության անդամ երկրների դեսպաններին ներկայացրեց 2009-2011 թթ. իրականացվելիք, 195 գերակայություններից բաղկացած Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան-ԵՄ «Արեւելյան գործընկերության» նոր ծրագրին: «Եթե այս ծրագիրը լավ իրականացնենք, կունենանք համագործակցության նոր աստիճան: 2011-ից հետո Հայաստանի եւ Եվրոմիության քաղաքական ու տնտեսական համագործակցությունը կբարձրանա միանգամայն նոր մակարդակի վրա», ասաց Արթուր Բաղդասարյանը :
«Համոզված եմ, որ «Եվրոպական հարեւանություն» քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ ծրագրով նախատեսված 2009-2011 թթ. գործողությունների ծրագրի հաջող իրականացման դեպքում 2011-ին Հայաստանին կհաջողվի մերձենալ ԵՄ-ի հետ շատ ուղղություններով», ասաց նա լրագրողներինՙ Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ծրագիրը ներկայացնելուց հետո:
Եվրոպական կառույցների հետ համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը Բաղդասարյանի գլխավորությամբ նոյեմբերի 21-ին հավանության է արժանացրել 2009-2011 թթ. գործողությունների ծրագիրը, որը նախատեսվում է «Եվրոպական հարեւանության» քաղաքականության ծրագրով եւ մշակվել էՙ հաշվի առնելով Եվրոմիության նոր առաջարկությունները:
Դա համապարփակ փաստաթուղթ է, որը ներառում է միջոցառումներ եւ նախագծեր քաղաքականության, իրավունքի, ենթակառուցվածքների ոլորտներում, ինչպես նաեւ հումանիտար, սոցիալական, ֆինանսատնտեսական, առեւտրային, բնապահպանական եւ առողջապահական հարցերում:
Բաղդասարյանը նաեւ նշեց, որ այսօր Եվրոմիությունը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում առաջ է քաշել քաղաքական համագործակցության նոր ձեւ, եւ այս տարվա մայիսին տեղի կունենա այդ ծրագրին մասնակցող պետությունների ղեկավարների գագաթաժողովը:
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ ԵՄ-ի հետ համագործակցության գործումՙ երկխոսության եւ քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների ամրապնդման համար, իսկ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նոր աստիճան է ԵՄ երկրների հետ քաղաքական համագործակցության գործում», ընդգծեց նա:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնությամբ եւ հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ: «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում, քաղաքական ինտեգրման աստիճանի առավել զգալի բարձրացում:
Իրականացման դեպքում այդ ծրագիրն էականորեն կփոխի ԵՄ քաղաքականությունն այն պետությունների նկատմամբ, որոնք հեռանկարում կարող են միության անդամ դառնալ: Ծրագրով նախատեսվում են բազմակողմ առեւտրին վերաբերող նոր պայմանագրերի կնքում, այդ երկրների միջեւ նոր առեւտրային ցանցի ստեղծման խրախուսում, ԵՄ տնտեսության մեջ աստիճանաբար ինտեգրում: Ծրագիրը նաեւ նախատեսում է էներգետիկ անվտանգությանը նվիրված նոր միջոցառումներ եւ լրացուցիչ ֆինանսական օժանդակություն:
Ն. Մ.