«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2009-02-11 | #23, 2009-02-12 | #24, 2009-02-13


ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԱՏՎԻ ՀԱՐԿԵՐԻՑ, ԽՈՇՈՐ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԸՙ ՍԱՀՄԱՆԻՆ ԱԱՀ ՎՃԱՐԵԼՈՒՑ

Նոր մաքսատուրք կկիրառվի ներմուծվող բազմաթիվ ապրանքների համար

Ճգնաժամին դիմագրավելուն եւ տեղական արտադրության խրախուսմանն ուղղված կառավարության հաստատած մի շարք օրենքների նախագծերն ու որոշումները երեկ լրագրողներին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը : Նա նշեց, որ դրանք ուղղված են ոչ միայն ճգնաժամին դիմագրավելուն, այլեւ մեր մրցակցային առավելությունների օգտագործմանը:

Հիմնականը քաղաքականության փոփոխություններն են, որոնք փոխելու են հարկային ռեժիմները զանգվածային աշխատատեղեր ապահովող, սոցիալական արդյունք տվող եւ խոշոր ներդրումներ ներգրավող ընկերությունների համար: Դրան ավելանալու է նաեւ նորարարությունների խրախուսումը:

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ կանխիկ հոսքերի խնդիրներ ունեցող ընկերությունների համար բանկերի միջոցով փորձ է արվելու լուծել այդ խնդիրը: Նման որոշում է ընդունվել «Թամարա ֆրութի» համար, որը խոստացել է իրականացնել ներդրումներ. լինել ավելի հաշվետու եւ թափանցիկ: Մասնավորապես 2009-ի արդյունքներով 2010-ին այս ընկերությունը պետք է միջազգային աուդիտ անցած լինի:

Գյուղնախարարության հետ համատեղ սուբսիդավորման գործիքի կիրառման որոշումները ենթադրում են սուբսիդավորման որակի եւ ձեւի փոփոխություն: Դրանք ներառելու են գիտելիքի ներգրավումը եւ նորարարությունները գյուղատնտեսության մեջ:

Մեկ այլ կարեւոր օրենսդրական փոփոխությամբ բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են 2009-2010-ի ընթացքում 300 մլն դրամից (1 մլն դոլարից) ավելի ներդրումներ կատարել, ազատվում են ներկրվող սարքավորումների համար սահմանին վճարվելիք ավելացված արժեքի հարկից: Դրա վճարման համար նրանք ստանալու են 3 տարվա ժամկետ: Արդեն երեկ կառավարությունը նման հնարավորություն տվեց թեթեւ արդյունաբերության ոլորտում մեծաթիվ աշխատատեղեր ապահոված «ՎԿՍ Արմենիա» ընկերությանը, որը համագործակցում է գերմանական «Տեքստայլ սոլյուշնս» ընկերության հետ: Ներկայումս «ՎԿՍ Արմենիան» 700 աշխատատեղեր ունի Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ նպատակ ունի դրանք ընդլայնելու:

Հայկական գորգագործությունը որպես ազգային մշակույթի տարր պահպանելու նպատակով նախատեսվում է ազատել ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից: Հայտնելով այս մասին, Ներսես Երիցյանը նշեց, որ նման որոշում ընդունվել է` նկատի ունենալով աշխարհում ձեռագործ գորգերի գների նվազումը եւ այդ պատճառով հնարավորություն տալով մրցակցային առավելություններ ստեղծելու մեր ընկերությունների եւ տնայնագործների համար: «Ազգի» հարցին, թե խոսքը գորգագործական քանի՞ ընկերությունների մասին է եւ դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բյուջեի վրա, Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ ազդեցությունը բյուջեի վրա էական չի լինի, եւ խոսքը 2-3 ձեռնարկությունների ու տնայնագործների մասին է, որոնք նախկինում 2-3 հազար աշխատատեղ են ապահովել, իսկ այժմՙ մոտ 800: Նրանք կազատվեն վերոնշյալ հարկերից, որպեսզի կարողանան մրցակցել արտաքին շուկաներում:

Տեղական արտադրության խրախուսման նպատակով երեկ հաստատվեց այն ներմուծվող ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կկիրառվի 15 տոկոս մաքսատուրք: Նման հնարավորությունը տվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը: Ներսես Երիցյանը նշեց, որ այդ ապրանքները բազմազան ենՙ սննդամթերք եւ վերջնական սպառման այլ ապրանքներ, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ շուտով դրանց ցանկը կհրապարակվի: Ըստ նախարարի, նկատի ունենալով, որ այժմ ապրանքների գները իջնում են, սա հարմար պահ է այս մաքսատուրքը կիրառելու համար: Տեղական արտադրողներն էլ, օգտվելով դրանից, պետք է ներդրումներ ներգրավեն եւ նորարարություններ կիրառենՙ զարգացնելով իրենց արտադրությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4