Սովորության համաձայն մեր աղմուկն ուշացած է
Վերջին մի քանի օրերի երեւանյան ամենաշրջանառվող թեման դարձել էր Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան վաճառքը, որ ցնցել էր հասարակության ամենաստվար զանգվածին: Տեղեկատվության մեջ հիշատակվում է, թե իբր Թբիլիսիի քաղաքապետարանը կուտակված 25.000 դոլար պարտքի դիմաց Թումանյանի տունը, որտեղ բանաստեղծը բնակվել է 14 տարի` 1909-1923թթ., եւ գրադարանը վաճառել է բիզնեսմեն Արդշին Լեժավային:
Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում բոլորովին այլ պատմություն ներկայացրեց: Պարզվեց, որ տան վաճառքը տեղի է ունեցել 1997-ին, որից հետո վերավաճառք չի կայացել: «Գոյություն ունի վառելիք ներկրող Ռուսաստանում գրանցված «Սայուզ աուլ» բաժնետիրական ընկերությունը: Քաղաքապետարանը, ի թիվս այլ տարածքների, հարկի դիմաց, որ կազմել է 162.000 դոլար, հանձնել է նաեւ Թումանյանի տան հարկի մի մասը` 120 քառակուսի մետր տարածքով: Լրատվամիջոցներում գրվում է, թե իբր պատմական Վերնատունն է գտնվում վերոնշյալ հասցեում` չի համապատասխանում իրականությանը: Մեր կողմից ուսումնասիրվել են վերոնշյալ գրադարանի վաճառքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, զրուցել ենք սեփականատիրոջ հետ` տարածքի հնարավոր վաճառքի հետ կապված: Մինչեւ այսօր որեւէ հետաքրքրություն հայկական կողմից չի ցուցաբերվել: Սակայն սեփականատերը նշել է, որ եթե ցանկացողներ լինեն, պատրաստ է տարածքը վաճառելու: Հովհաննես Թումանյանին պատկանող բնակարանի մի մասում բնակվում են Թումանյանի ժառանգները` ծոռը Օլեչնիկովա Ելենա Վլադիմիրովնան», ասաց Սիլվանյանը:
Վերջինս նշեց, որ բնակարանը գտնվում է խարխուլ վիճակում եւ անհրաժեշտ են հսկայական ներդրումներ, որպեսզի այն անհրաժեշտ տեսքի բերվի: Անհասկանալի է, թե ինչու է հայկական կողմը 10 տարվա լռությունից հետո այսպիսի աղմուկ բարձրացրել: «Աղմուկը նոր չէ, գուցե 97-ին էլ են աղմուկ բարձրացրել, գիտեմ, որ համայնքը մշտապես հետաքրքրվում է տան ճակատագրով: Սակայն անհասկանալի է, թե ինչու է այսպիսի աղմուկ բարձրացրել վերջին մի շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերում է գրադարանին, այն գործում է, սակայն շինությունը Հովհաննես Թումանյանի գրադարանը չէ, այլ քաղաքային գրադարան է, որ կրում է Թումանյանի անունը: Շատերի մոտ այն տպավորությունն է, որ գրադարանում միայն Թումանյանի գրականությունն ու գրքերն են եղել ու հիմա այդ գրքերից զրկվել ենք, սակայն դա այդպես չէ: Սեփականատերը մի քանի անգամ բողոքարկում է դատարանին, որ բնակարանն ու գրադարանը իրենն են, սակայն գրադարանի աշխատողները մինչեւ հիմա տարածքը չեն ազատել: 25.000 դոլարը, որի մասին խոսում են, Լեժավինի առաջարկած հատուցման գումարն է, այն բոլոր տարիների համար, որ նա չի օգտվել տվյալ շինությունից: Նա ամիսը 400 դոլարով է հաշվել ու հանգել այդ գումարին: Իսկ Երեւանում բոլորովին այլ լուրեր են պտտվում: Այդտեղ ապատեղեկատվություն են տարածում, մենք էլ ստիպված ենք լինում այն մեկանաբանել», ասաց պարոն Սիլվանյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ