Ամբաստանյալները հիմա էլ չեն ցանկանում նստել
Երկշաբաթյա դադարից հետո երեկ կրկին մեկնարկեց սկանդալային բնույթ ստացած «7-ի գործով» դատավարությունը: Ժամը տասնմեկից դատարանի բակն արդեն լիքն էր: Էլի նույն մարդիկ էին հավաքվել, չէին փոխվել ընդդիմության ներկայացուցիչների կոչերը, բազմության սպառնալիքներն ու բողոքները: Նույնն էին մնացել նաեւ գունավոր սուլիչներն ու փոքրիկ դրոշակները: Անփոփոխ էր նաեւ դատարանի բակում հավաքված ոստիկանների, այնուհետեւ շենքում կարգադրիչների կոպիտ վերաբերմունքը դատավարությունը լուսաբանող լրագրողների նկատմամբ: Դատավարությունից մեկ ժամ առաջ արդեն լեփ-լեցուն էր դատարանի դահլիճը:
Ամբաստանյալների կանայք էլ լրագրողների մոտ դժգոհեցին, որ դատին որեւէ առնչություն չունեցող մարդիկ են եկել դատավարությանը ներկա գտնվելու: Թե իրականում ովքեր էին այդ մարդիկ` պարզել չհաջողվեց, սակայն նրանցից մի քանիսը նշեցին, որ մարտի 1-ին վիրավորվածների ու զոհվածների բարեկամ-ընկերներն են ու իրավունք ունեն դատին մասնակցելու: Ամբաստանյալներին հատուկ մեքենաներով դատարան բերեցին առավոտյան ժամը 11-ին: Դատավարությունը սկսվեց ուղիղ մեկ ժամ անց: Դատարանի դահլիճ ամբաստանյալների մուտքը կրկին ուղեկցվեց ծափողջույններով: «Փիլոյան, ո՞նց ես, վա՞յ, բարեւ ձեզ, ընկեր Փիլոյան», հիշատակվեցին Ալիկ Արզումանյանի եւ Շանթ Հարությունյանի խոսքերը: «Ոտքի, դատարանն է գալիս» քարտուղարի խոսքերի ժամանակ շատերի համար անսպասելիորեն ամբաստանյալները կանգնեցին:
«Նստեք», հետեւեց նախագահող դատավոր Կորյուն Փիլոյանի խոսքը: «Իսկ դուք արձանագրեցի՞ք, որ մենք խախտում չենք կատարել», հարցրեց Ալիկ Արզումանյանը:
«Դուք խանգարում եք դատավարության ընթացքին, նստե՛ք, արձանագրեցինք», հետեւեց պատասխանը:
«Մենք կանգնած կմնանք, երկու ամիս նստել ենք, հիմա էլ կանգնած կմնանք», շարունակեց Արզումանյանը:
Մինչ Մնացական Մարտիրոսյանը պարզաբանումներ էր տալիս` Ալիկ Արզումանյանը բոլորի անունից ներկայացավ հայտարարությամբ: «Ուզում ենք, որ բաց դատ տեղի ունենա: Անգամ հաշվի առնելով երկրի «բեզպրիդելը»` պատրաստ ենք բաց դատի: Կամ դատը կանգնած վարեք, կամ էլ որոշում կայացրեք, որ չափից դուրս հարգալից վերաբերմունքի համար եք դատը հետաձգում... Քանի՞ օր է ձեզ պետք, վերեւներում ձեզ ինչքա՞ն ժամանակ են տվել: Երկու ամիս նստած ենք, հիմա էլ ուզում ենք կանգնել»:
Մարտիրոսյանը հերթական անգամ պարզաբանեց, որ կատարվածն օրենքի խախտում է: Դատական նիստի ժամանակ պետք է կարգ պահպանել, ենթարկվել նախագահող դատավորին: «Ստե լյուբոյ տղու անցյալ էլ կասի, որ մենք մեղավոր չենք: Էս երկրի դավաճանները չենք: Ինձ մենակ մեղավոր եմ ճանաչում, որ իմ աչքի առաջ իմ ժողովրդին սպանեցին, բայց ես չկարողացա նրանց պաշտպանել», ասաց Սասուն Միքայելյանը:
«Ձեզ դեմ են տվել մեզ, դուք մեզնից վատ վիճակում եք գտնվում», ասաց Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, վերջինս իրեն վատ էր զգում ու հենվել էր աթոռին:
Գրիգոր Ոսկերչյանն էլ ասաց, որ ոտքի է կանգնել, սակայն դատարանին չի հարգում:
Նախագահող դատավորի վերջին զգուշացմանը, թե անհրաժեշտ է նստել, որպեսզի դատը շարունակվի, մնաց անպատասխան: Սկսվեց լեզվակռիվ ամբաստանյալների ու դատավորի միջեւ: Մնացական Մարտիրոսյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերունքի համար սանկցիա կիրառեց եւ դատը հետաձգվեց մինչեւ փետրվարի 26-ը:
Հավանաբար թե՛ ամբաստանյալները եւ թե՛ դատարանը սպասում են համապատասխան հոդվածների փոփոխմանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ