«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով փետրվարի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազության պատվիրակությունըՙ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ:

Աղվան Հովսեփյանը եւ Յուրի Չայկան երեկ ստորագրեցին հուշագիր ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների 2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին:

Հուշագրի համաձայնՙ 2009-2011 թթ. կողմերի համագործակցության առաջնային ուղղություններ են լինելու` դատախազության գործունեությունը քրեաիրավական ոլորտից դուրս, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, կոռուպցիայի կանխարգելումը, պայքարը ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առեւտրի, զենքերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ, միջազգային պայմանագրերի կատարումը, քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով եկամուտների հայտնաբերման, առգրավման, բաժանման եւ բռնագրավման հարցերը:

Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Յուրի Չայկան դրական գնահատեցին Երեւանում 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության շրջանակներում փորձաքննություն անցկացնելու համագործակցությունը:

«Մենք այժմ բոլոր առաջ քաշած հարցերի առնչությամբ ունենք եզրակացություններ, եւ դրանք շուտով կտեղակայվեն ՀՀ գլխավոր դատախազության կայքում: Ավելի վաղ մենք ռուսական կողմի օգնությամբ փորձաքննություններ ենք անցկացրել «Չերյոմուխա» հատուկ նյութի գործածման պայմանների եւ մի շարք տեխնիկական չափորոշիչների առնչությամբՙ որոնց մասին եզրակացություններն արդեն հրապարակված են», հիշեցրեց Աղվան Հովսեփյանը:

«Ռուսաստանում այլատյացություն ու ծայրահեղականություն իսկապես գոյություն ունի: Մենք դա տեսնում ենք եւ գիտենք: Գլխավոր դատախազությունում դեռ երկու տարի առաջ բացվել է հատուկ բաժին, հարցը նաեւ նախագահի ուշադրության կենտրոնում է: Մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ», ասաց Յ. Չայկան:

Չայկայի մատուցմամբ` ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւն այդ ուղղությամբ հրամայել է Ազգային անվտանգության ծառայության եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցներին ակտիվացնել իրենց քայլերը:

Անդրադառնալով նման հանցագործների պատժամիջոցներին, Չայկան նշեց, որ այստեղ էլ մտածելու բան կա: Մոտ ժամանակներս դատախազությունը պատրաստում է ամենամյա զեկույց ՌԴ-ում գործող օրենքների վիճակի մասին, որում առանձին բաժնով ներկայացվելու է նաեւ այդ թեման: Ըստ նրա, առաջարկվելու է միջոցառումների համալիր ծրագիր, որոնք պետք է նպաստեն ոչ միայն իրավապահ մարմինների այլեւ կառավարության աշխատանքների ակտիվացմանը:

Ինչպես նշեց Չայկան, խնդիրը կապված է տնտեսական ճգնաժամի հետ: «Մեծ մասամբ ԱՊՀ անդամ երկրներից մարդիկ գալիս են Ռուսաստան աշխատելու: Այս ուղղությամբ մենք նույնպես կաշխատենք, որպեսզի հասարակության միջից հանենք լարվածությունը», ընդգծեց ռուս դատախազը:

Ըստ Չայկայի, ռուսական իրավապահ մարմինների տվյալներով, 2009-ի սկզբին Ռուսաստանում իրականացվել են մոտ 2 տասնյակից ավելի հարձակումներ ազգային անհանդուրժողականության հողի հիման վրա, 5 մարդ մահացել է, 7-ը` վիրավորվել: Բացի այդ, վերջին երկու ամսում Մոսկվայում սպանվել է մի քանի հայ:

Ինչ վերաբերում է 2 օր առաջ Մոսկվայում հայ ընտանիքի սպանությանը, ապա Չայկան տեղյակ չէր այդ դեպքից, ինչը նշանակում է, որ իրականում ազգային անհանդուրժողականության խնդիրը ՌԴ գլխավոր դատախազի համար կարեւոր չեն:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4