«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԶԴՆԵ՞ՐԸ

Ադրբեջանցիները հերքում են, թե Սումգայիթում ... հրեական ջարդեր են տեղի ունեցել

Սումգայիթի ոստիկանությունը հերքել է հրեական ջարդերի մասին տեղեկատվությունը, դա համարելով հայկական սադրանք: Հատկանշական է, որ այս հերքման հեղինակը, ըստ ադրբեջանական Inews.az կայքի, Սումգայիթի ոստիկանության հերթապահն է: Զարմանալի է, որ նման պատասխանատու հայտարարությունը հրամցվում է հերթապահ սպայի, այլ ոչ թե, առնվազն, քաղաքային ոստիկանապետի միջոցով: Փորձ է արվում այն տեսակետը ձեւավորել, թե նույնիսկ քաղաքային իրավապահ կառույցի ղեկավարության մակարդակով թեման հրատապ չէ: Նաեւ շեշտվում է, որ ոստիկանության բաժանմունքում հրեա ազգի ոչ մի ներկայացուցչից բողոք չի ստացվել:

Թե ինչպես են Սումգայիթում կոծկվում ազգային հողի վրա կատարված հանցագործությունները, գիտենք 1988-ի փետրվարի վերջին իրականացված հայկական ջարդերից: Պարզապես ծավալներն ու շարժառիթներն են տարբեր: Այն հեռավոր փետրվարին կար միութենական կենտրոն, որն իբր պարտավոր էր իր քաղաքացիների անվտանգությունն ապահովել: Եվ թե ինչպես է միութենական ղեկավարությունը արձագանքել սումգայիթյան սպանդին` նույնպես քաջատեղյակ ենք:

Քանի՞ հրեա է այսօր ապրում Սումգայիթում. ադրբեջանական վիճակագրությունը հազիվ թե ստույգ պատասխան տա: Բայց ակնհայտ է, որ տխրահռչակ այդ քաղաքում հիմնականում բնակվում են նույն այն ջարդարարներն ու նրանց ժառանգները, ովքեր 21 տարի առաջ իրականացրել են ոճիրը հայազգի բնակիչների հանդեպ: Մարդկային հիշողությունն այդքան կարճ չէ, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ազգային փոքրամասնության բնաջնջմանը: Չմոռանանք նաեւ, որ հենց սումգայիթաբնակ հրեաների աչքի առաջ է տեղի ունեցել անցյալ դարավերջի եղեռնը, եւ ներկա դեպքում արթնացած գազանի վայրագություններից տուժածները չէին էլ կարող արդարադատություն ակնկալել տեղի իրավապահներից:

Անկախ շարժառիթից, հրեաների նկատմամբ հաշվեհարդարը չի կարող տեղավորվել զուտ կրոնական մոլեռանդության ենթատեքստում: Այսօր Ադրբեջանում տիրող ազգայնականությունը հանրության մեջ ամրակայել է ատելություն ոչ միայն հայերի կամ հրեաների, այլեւ մյուս ազգերի, այդ թվում` մահմեդականների հանդեպ: Դրա մի ապացույցը` խտրական քաղաքականությունն է թալիշ-մուղանյան շրջանում:

Նկատենք նաեւ, տոտալիտար երկրում ոչ մի զանգվածային գործողություն առանց իշխանությունների թողտվության չի կատարվում, ուստի դժվար է հավատալ, որ տեղաբնակ հրեաների նկատմամբ բռնարարքները տեղի են ունեցել առանց ադրբեջանական իշխանությունների խրախուսման: Բնականաբար, նրանք պետք է լռության մատնեին սեւ փաստը, մանավանդ որ հայկական ջարդերի հերթական տարելիցին հաշված օրեր են մնում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4