«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


«ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՀԱՐՑԵՐՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՈՒԾԻ»

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը փաստում է, որ ներկա իրավիճակում ԼՂՀ-ի քաղաքական-հասարակական կյանքը գտնվում է կիսաճահճային, «դինջ» վիճակում: Մամուլի ազգային ակումբում երեկ կայացած հանդիպման ժամանակ Բաղդասարյանը փաստեց, որ մինչ նախագահական ընտրությունները, Արցախում որոշակի աշխուժություն կար, սակայն նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ դարձավ Բակո Սահակյանը, քաղաքական բազմազանությունը կորավ, քաղաքական մտածելակերպը դարձավ միատարր, նաեւ բացակայում էին ընդդիմադիր ուժերը: Կիսաճահճային իրավիճակն ըստ պատգամավորի, պահպանվում էր մինչեւ վերջին զարգացումները: Վերջին ժամանակահատվածում ղարաբաղյան հասարակությունը մտահոգված է հատկապես Ղարաբաղյան հարցի բանակցությունների ընթացքով: Ընդ որում, այս հարցում միակարծիք են թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունները: Նրանց չի գոհացնում այն հանգամանքը, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից եւ չի համարվում հակամարտող կողմ: «10 տարի շարունակ մենք չենք մասնակցում բանակցային գործընթացին, նույնիսկ հակամարտող կողմ չենք համարվում եւ սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի: Ժամանակին հատկապես ընդդիմությունը անընդհատ արձագանքում էր այս հարցին, սակայն իշխանության կողմից արձագանքներ չէին լսվում: Վերջին շրջանում իշխանությունները սկսեցին արդեն բացահայտ խոսել այդ մասին», նկատում է Բաղդասարյանը: Ըստ նրա, այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում էր Հայաստանն ու Ղարաբաղը, շատ լավ պատրաստված ծուղակ էր: Թե ով էր ծուղակի հեղինակըՙ բանախոսը չգիտի: Սակայն կարծում է, որ մինչ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելը, առաջին ու գլխավոր մեղավորները ԼՂՀ իշխանություններն են, որ երկար տարիներ պատասխանատվություն չէին կրում բանակցային գործընթացի համար: «Ստեղծված իրավիճակը բավականին շահեկան էր իշխանությունների համար: Նրանք որեւէ պատասխանատվություն չէին կրում, ամբողջ գործը բարդեցին ՀՀ իշխանությունների վրա: Նրանք այդ կյանքից չէին բողոքում եւ հրաշալի հնարավորություն ունեին հանգիստ կյանքով ապրելու եւ գլուխները ազատելու այդ գլխացավանքից», ասում է Բաղդասարյանը:

Բանախոսը հավելում է, որ պատերազմից հետո Ղարաբաղում սկսվեց խաղաղ կյանքը: «Մենք կարող էինք այդ ժամանակահատվածը վերածել ոսկեդարի, սակայն ոսկե դարաշրջան սկսվեց ոչ թե հասարակ ժողովրդի, այլ իշխանությունների համար: «Ժամանակն է հստակեցնելու բանակցային գործընթացներում երկու երկրների պատասխանատվությունները, դերն ու պարտականությունները: Ինչի համար է պատասխանատու ՀՀ-ն, ինչի համար է պատասխանատու Ղարաբաղը: Թեպետ հարցադրումը ուշացած է, սակայն ժամանակն է այդ խնդիրը լուծելու: Հայաստանը չպետք է դուրս գա բանակցային գործընթացներից, ինչպես պնդում էր Արկադի Ղուկասյանը վերջին ժամանակահատվածում: Բայց կոնկրետ քայլեր չեն արվում, որպեսզի Ղարաբաղը դառնա բանակցային ուժ: Մենք մտադիր չենք մեր թիկունքում կատարված բանակցությունների համար պատասխանատվություն կրելու», ասաց Բաղդասարյանը: ԼՂՀ խորհրդարանականները այս հարցի առնչությամբ զրուցել են ԵԱՀԿ համանախագահների հետ, երբ նրանք դեկտեմբերին այցելել էին Ղարաբաղ: «Պատգամավորները հանդիպեցին ներկայացուցիչների հետ, իրենց բանակցային գործընթացից դուրս մնալու կապակցությամբ: Համանախագահները նշեցին, որ իրենք կարող են միջնորդ հանդիսանալ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ: Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջնորդ դառնալու ցանկություն նրանք չունեն: Հետեւաբար Արցախն իր հարցերը պետք է լուծի պաշտոնական Երեւանի հետ»:

Բաղդասարյանը նշում է, որ նախորդ տարին բավականին նպաստավոր էր, եւ այն հանգամանքը, որ միանգամից մի քանի չճանաչված պետություններ ճանաչում ստացան, անդրադարձավ Ղարաբաղի կարգավորման հարցի վրա: Ըստ նրա, վրաց-օսական պատերազմից հայկական կողմը պետք է դասեր քաղի եւ երբեք չպետք է բացառի պատերազմի վարկածը: «Չճանաչված երկրները պետք է կարողանան լուրջ քաղաքական դիրքորոշումներ ունենալ: Ստեփանակերտն իր հայացքը հառել է Երեւանին, Երեւանը` Մոսկվային: Ղարաբաղը պետք է իր հարցերն ինքնուրույն լուծի», եզրափակեց Բաղդասարյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4