«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ 2009-ԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»

capitalmarket.banks.am կայքէջի ներկայացման ժամանակ ասաց ԿԲ փոխնախագահը

«Մեդիամաքս» լրատվական գործակալությունը երեկ ներկայացրեց իր նոր նախագիծըՙ capitalmarket.banks.am կայքէջը, որտեղ կհրապարակվեն Հայաստանի կապիտալի շուկայում տեղի ունեցած գործարքների ցուցանիշները, տեղեկատվություն կտրամադրվի շուկայի մասնակիցների մասին: Բացելով մամուլի ասուլիսը, գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը հայտնեց, որ այս նախագծի նպատակն է աջակցել Հայաստանում կապիտալի շուկայի կայացմանը եւ որ իրենք համագործակցելու են Հայաստանի ֆոնդային բորսայի (NASDAQ OMX ARMENIA) հետ:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը այս նախագծին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նա նաեւ նշեց, որ նոր կայքէջն ավելի հանգամանալից տեղեկատվություն կտա սպառողներին, իսկ նրանց շահերը պաշտպանելու լավագույն մեթոդը սպառողներին առավել շատ տեղեկատվություն տրամադրելն է: NASDAQ OMX ARMENIA-ի տնօրեն Արմեն Մելիքյանն այն կարծիքը հայտնեց, որ վեբկայքն ավելի շատ դեպի ներդնողներն ուղղվածություն կունենա: Նոր կայքէջի ստեղծումը ողջունեցին նաեւ «Ամերիաբանկի» եւ «Կապիտալ ասսեթ մենեջմենտի» ներկայացուցիչները:

«OMX-ի Հայաստան մուտք գործելուց հետո կապիտալի շուկան ինչպե՞ս է փոխվել» հարցին Արմեն Մելիքյանը պատասխանեց, որ այդ ընթացքում ավելացել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը, որը միայն OMX-ի գալով չի պայմանավորված: Շուկան պատրաստ էր դրան:

  «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս կարելի է գնահատել փաստը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո որոշ ընկերություններ Հայաստանում հրաժարվել են բաժնետոմսեր թողարկել եւ ի՞նչ պետք է անել, որ Հայաստանի կապիտալի շուկայում տեղի չունենա այն փլուզումը, որ կատարվեց միջազգային բորսաներում, Արմեն Մելիքյանը նշեց, որ շուկան չի կարող միշտ աճ ունենալ եւ չունենալ անկում: Պարզապես պետք է ուսումնասիրել սխալները եւ դրանք չկրկնել: Վաչե Գաբրիելյանն ավելացրեց, որ կապիտալի շուկայում ակտիվության անկում է արձանագրվում ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Արժեթուղթ թողարկողները պակասում են եւ այդ գործընթացը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա: Ըստ ԿԲ փոխնախագահի, եթե 2008-ին կապիտալի շուկայում ավելի մեծ ծավալների հույսեր կային, ապա այս տարի կան զարգացման հեռանկարներ, որոնք լայնածավալ ու մեծամասշտաբ չեն: «Մենք հավատում ենք, որ կապիտալի շուկայում ակտիվությունը եւս կլինի եւ հույս ունենք տեսնել առաջին թողարկված IPO-ն», ասաց Վաչե Գաբրիելյանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4