«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Ալբերտ Ազարյանին հուզում է մարզաձեւի մասսայականության հարցը

Լրացավ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակը: Չնայած պատկառելի տարիքին, օղակների արքան շարունակում է իր ակտիվ մարզական գործունեությունը: Նա իր անունը կրող մարզադպրոցի տնօրենն է, մարմնամարզության հանրապետական ֆեդերացիայի նախագահն է, ՀԱՕԿ-ի անդամ: 1956-ին Մելբուռնի օլիմպիադայում Ալբերտ Ազարյանը ոսկե 2 մեդալ նվաճեց. մեկը` ԽՍՀՄ հավաքականի կազմում թիմային հաղթանակի, մյուսը` օղակների վրա վարժությունում հաղթող ճանաչվելու համար: Չորս տարի անց Հռոմում կայացած օլիմպիական խաղերում նա կրկնեց հաջողությունը` կրկին լավագույնը ճանաչվելով օղակների վրա կատարած վարժությունում, թիմային պայքարում էլ արժանացավ արծաթե մեդալի: Ավելորդ չէ հիշեցնել, որ անվանի մարմնամարզիկը Հայաստանի մարզական պատվիրակության դրոշակակիրն էր Պեկինի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Ալբերտ Ազարյանն այսօր էլ իրեն առույգ ու երիտասարդ է զգում. «Եթե գիշերները չհաշվենք, ապա 40 տարեկան եմ», կատակում է Ազարյանը: Բազում պատմություններ են հյուսվել նրա կատարած «խաչ» վարժության մասին, որը հայտնի է «ազարյանական խաչ» անվամբ: Իսկ, ըստ անվանի մարզիկի, ամեն ինչ հանպատրաստից է ստացվել: 1953-ին նա ԽՍՀՄ հավաքականի կազմում Հրանտ Շահինյանի հետ մասնակցում էր մարմնամարզության աշխարհի 13-րդ առաջնությանը: ԽՍՀՄ-ի մարզիկների առավելությունը մրցակիցների նկատմամբ նկատելի էր եւ մրցավարները սկսել էին միտումնավոր ցածր գնահատել նրանց ելույթները: Օրինակ, Հրանտ Շահինյանի ելույթն օղակների վրա գնահատվել էր 9,2 բալով: Այդ փաստը զայրացրել էր Ազարյանին, որն օղակների վրա վերջինը պետք է ելույթ ունենար: Դրանից էր կախված չեմպիոնության հարցը: Օղակների ապագա արքան Հռոմի օլիմպիական մարզադաշտում հավաքվածներին մատուցեց արտասովոր նորույթ` «խաչ» վարժության ուղղահայաց դիրքում նա կատարեց մարմնի աջ եւ ձախ դարձումներ, որոնք ապշեցրին բոլորին: Ըստ կանոնների, մրցավարները «խաչ» վարժությունը կատարված էին համարում, եթե նվազագույնը 3 վրկ մարզիկն անշարժ ֆիքսում էր դիրքը: Պարզվում է, որ Ազարյանը մարմնի աջ եւ ձախ դարձումներ էր կատարել, որպեսզի դիմի մրցավարներին ու նրանց հարցնի, թե արդյոք բավարա՞ր է դիրքի ֆիքսումը: Մրցավարներին դիմելու համար Ազարյանին նույնիսկ ցանկացել էին որակազրկել:

Փառքի դժվարին ճանապարհ է անցել Ալբերտ Ազարյանը եւ մինչ օրս էլ չի բաժանվում սիրած մարզաձեւից: Նա ցավով է նշում, որ այսօր հանրապետությունում մարմնամարզությունը, որ շատ մարզաձեւերի հիմքն է, մասսայականություն չի վայելում: Գործում են միայն իր եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցները, որոնց սաներից մի մասը պարապմունքների են հաճախում փողոցից կտրվելու, ինչ-որ զբաղմունք ունենալու համար: Ճիշտ է, այժմ էլ առանձին հաջողություններ գրանցվում են հայկական մարմնամարզությունում: Օրինակ, Հարություն Մերդինյանն աշխարհի չեմպիոնի կոչմանն է արժանացել նժույգաթափերում, Վահագն Ստեփանյանը մրցանակակիր է դարձել օղակների եւ զուգափայտերի վրա կատարած վարժություններում: Սակայն առայժմ գումարը չի բավականացնում, որպեսզի Հայաստանի հավաքականն իր ողջ կազմով մասնակցի միջազգային մրցումներին, անհրաժեշտ փորձ ու հմտություն ձեռք բերեն մեր մարմնամարզիկները: Ճիշտ է, վերջին տարիներին զգալի ուշադրություն է դարձվում նաեւ մարմնամարզությանը, սակայն բարձր արդյունքների գրանցման համար արվածը բավարար չէ: Ալբերտ Ազարյանը գտնում է, որ մարմնամարզություն առարկան պետք է իր կայուն տեղը գտնի հանրակրթական դպրոցների ծրագրերում: Մինչդեռ շատ դպրոցների մարզադահլիճներում բացակայում են մարմնամարզության գործիքները: Ինչեւէ, Ալբերտ Ազարյանը լավատես է եւ հույս ունի, որ Հայաստանում կվերականգնվեն մարզաձեւի երբեմնի լավ ավանդույթները:

Իսկ մեզ մնում է շնորհավորել Ալբերտ Ազարյանին իր 80-ամյա հոբելյանի առթիվ եւ ցանկանալ ամենայն բարիք: Ի դեպ, փետրվարի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա Ալբերտ Ազարյանի մեծարման երեկոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4