«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2009-02-12 | #24, 2009-02-13 | #25, 2009-02-14


ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Անցած մրցաշրջանում Հայաստանի մարզիկներն իրենց հաջող մրցելույթներով բազում ուրախալի պահեր պարգեւեցին մարզասերներին: Հայաստանի կառավարությունն էլ, ազգային օլիմպիական կոմիտեն եւ առանձին գործարարներ առատաձեռնորեն պարգեւատրեցին միջազգային մրցասպարեզներում առավել աչքի ընկած հայ մարզիկներին: Թեեւ հաղթանակներն արդեն պատմության գիրկն են անցել եւ մարզիկներն էլ սկսել են նախապատրաստությունը նոր մրցաշրջանի պատասխանատու մրցումներին, սակայն պարգեւատրումները դեռեւս շարունակվում են:

Նման հաճելի արարողություն երեկ տեղի ունեցավ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում: Դեռեւս 2008-ի դեկտեմբերի 29-ին «Օջախ» ռեստորանում կայացած հայ մարզիկների մեծարման եւ պարգեւատրման արարողության ժամանակ «Տաշիր» ընկերության տնօրեն, ներկայում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկները կպարգեւատրվեն 10 հազարական դոլարով: Ինչպես նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, պարգեւատրման արարողությունը մի փոքր ձգձգվեց այն պատճառով, որ ուսումնամարզական հավաքների հետեւանքով դժվար էր մարզիկներին մի տեղ հավաքելը: Տարբեր պատճառներով պարգեւատրման արարողությանը ներկա չէին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Յուրի Պատրիկեեւը, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, Նազիկ Ավդալյանը: Բացակայող շախմատիստների հասանելիք գումարը հանձնվեց Գաբրիել Սարգսյանի հորը, Յուրի Պատրիկեեւի փոխարեն պարգեւը ստացավ նրա մարզիչը, իսկ Նազիկ Ավդալյանի պարգեւավճարը հանձնվեց նրա հորը:

Ներկաներից պարգեւատրվեցին նաեւ Դրեզդենի շախմատային օլիմպիադայի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ, Եվրոպայի չեմպիոններ, ծանրորդներ Տիգրան Վարդանի եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանները, Եվրոպայի չեմպիոնուհի Մելինե Դալուզյանը, ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Առաքել Միրզոյանը, թհեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Դանիելյանն ու Էդուարդ Համբարձումյանը եւ ըմբշամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն Ռոբերտ Ղարիբյանը:

«Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Վահե Կարապետյանը շնորհավորելով պարգեւատրվածներին, նրանց նորանոր հաջողություններ մաղթեց: Մարզիկների կողմից էլ շնորհակալական խոսք ասացին Տիգրան Մարտիրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4