Երբ 10 տարի առաջ ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ժողովրդագրական բումի նոր կուրսի մասին էր հայտարարում, ըստ որի առաջիկա տասնամյակում ԼՂՀ բնակչությունը պետք է հատեր 300.000-ի սահմանը, հազիվ թե նրան որեւէ մեկը լրջորեն հավատում էր: Եվ պատկան կառույցներն էլ պարզապես ի պաշտոնե ձայնակցում էին կառավարության ղեկավարին: Իրողությունն այն է, որ անցած շուրջ 10 տարում ԼՂՀ բնակչության թվաքանակը նույնիսկ նվազել է:
Ակնհայտ է, որ միայն բնական աճի հաշվին դժվար է ժողովրդագրական թռիչք ակնկալել: Հատկապես դա դժվար է լինելու առաջիկա տասնամյակում, որովհետեւ նորաստեղծ ընտանիքները հիմնականում կազմավորվելու են 1988-1994 թթ. ծնվածների հաշվին, որոնք, հասկանալի պատճառներով, անհամեմատ քիչ թիվ են կազմում:
ԼՂՀ նոր իշխանություններն այս առումով ավելի պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում, մասնավորապես, նորաստեղծ ընտանիքներին աննախադեպ չափերով պետական աջակցություններ ուղղելով: Անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած ղարաբաղյան մեծ հարսանիքը դրա մի վկայությունն է: Ուշագրավ է նաեւ, որ ծննդաճը խթանելու նպատակով զգալի գումարներ են նախատեսված պետական բյուջեից ու հովանավորական միջոցներից: Եվ ամենակարեւորըՙ այժմ այլեւս մտացածին թվեր չեն շրջանառվում ժողովրդագրական ծրագրերում, այլ խոսվում է կայուն տեմպերով աստիճանական աճի մասին:
Այդուհանդերձ, համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա հունվար ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը 21 է, ինչը պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ ամուսնալուծությունների թիվը կազմել է 8` նախորդ տարվա հունվար ամսվա 12-ի դիմաց:
Ամուսնությունների նվազումը կարելի է բացատրել նաեւ սպասվող նոր համաարցախյան հարսանիքի հեռանկարով, սակայն միաժամանակ շեշտենք, որ անցյալ տարի Ղարաբաղում բոլոր հարսանիքները չէ, որ կայացել են կոլեկտիվ հարսանիքում: Արդյոք 2009-ին ԼՂՀ-ում դարձյալ կգրանցվի՞ ռեկորդային թվով հարսանիք: Այդ մասին հստակ կարող ենք խոսել միայն տարեվերջին: Եվ եթե հաշվի առնենք, որ բնական աճը մեծմասամբ նոր ընտանիքների ստեղծմամբ է տեղի ունենում, ապա վերապահումներն այս առումով մնում են ենթադրությունների առանցքում: Նկատենք նաեւ` ամուսնալուծությունները համամասնորեն աճել են:
Զուգահեռաբար, կան հուսադրող այլ ցուցանիշներ: Այսպես, հունվար ամսում ԼՂՀ-ում ծնվել է 232 երեխա` համեմատական ժամանակաշրջանի 204-ի փոխարեն: Իսկ մահացածների թիվը նվազել է 47 մարդով:
Հարսանեկան իսկական սեզոնն սկսվում է հուլիս ամսից, եւ հունվարյան ցուցանիշները չեն կարող, իհարկե, վճռորոշ լինել, բայց բոլոր դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակչության թվաճը չպիտի կապել միայն բնական վերարտադրության հետ: Շատ կարեւոր է օտար ափերում դեգերող ղարաբաղցիների վերադարձը հայրենի բնօրրան: Արցախյան շարժումից առաջ, հատկապես նաեւ` ղարաբաղա-ադրբեջանական առճակատման հատվածում, զգալի արտահոսք է եղել Ղարաբաղից, որոնց միայն ժառանգները ԼՂՀ բնակչության ներկա թվաքանակից թերեւս մեծ թիվ են կազմում: Անդրադառնանք նորից հունվար ամսվա վիճակագրությանը ԱՎԾ տվյալներով:
2009-ի հունվար ամսում ԼՂՀ -ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 68 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 27 մարդ: Ամիսների համամասնությամբ թվերի տարբերությունները հազիվ թե շոշափելի լինեն, իսկ ահա եկող-մեկնող հարաբերակցությունը աճի տեմպերի տեսակետից` ոգեւորիչ համարել չես կարող:
Մնում է ընդգծել այն համոզմունքը, որ ժողովրդագրության քաղաքականության մեջ վերադարձման խնդիրը մնում է գերկարեւոր: Ղարաբաղի չճանաչվածության պարագայում միգրացիոն խնդիրները ռազմավարական նշանակություն ունեն, եւ ուրախալի է, որ պետությունը սկսել է դրան ավելի լուրջ ուշադրություն հատկացնել:
Գուցե թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարմար պատրվակ է, որպեսզի մեր վտարանդի համերկրացիները վերադառնան իրենց պապենական օջախները: Հայրենի տան պատերի ներսում արտաքին աղետներն այնքան էլ սարսափելի չեն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ