Ռուսաստանցի հրեա քաղաքական մեկնաբանները, որպես կանոն, խուսափում են իրենց ազգային պատկանելությունը հրապարակայնորեն ցուցադրելուց ու առավել եւս հրեա ազգի եզակիությունը անթաքույց տարփողելուց: Այդ իմաստով անակնկալ էր հրապարակախոս Լեոնիդ Ռադզիխովսկու մի հոդվածը, որը տպագրվել է «Լեհաիմ» հանդեսում: Հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրվում հրեական եւ անգլո-սաքսոնական կապիտալի սերտացման ու գերիշխման եւ առհասարակ ԱՄՆ-ում հրեաների գործնական-ֆինանսական բացառիկ ընդունակությունների եւ կարողությունների վրա:
Ռուսական նացիոնալիստական մամուլն անմիջապես խայթիչ տոնով նկատեց, որ եթե այդ հոդվածում «հրեա» բառի փոխարեն գրվեր «ռուս», ապա նյութը վայրկենապես կճանաչվեր ծայրահեղական ու ազգամիջյան երկպառակություն հրահրող:
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հիշյալ հոդվածը:
Ռ. Հ.
Համաշխարհային տնտեսության ճգնաժամը, որի անխուսափելիության մասին այնքան երկար խոսում էին հենց ամերիկացիները, կարծես թե սկսվել է: Հիպոթեկը, բանկերը, շինարարությունը, դոլարի արժեզրկումը, աճի տեմպերի դանդաղումը լուրջ գործ են:
Ամերիկան «վատն» է, թե «լավը»` ուրիշ առանցք գլոբուսը վաղուց չունի: Ուստի մեր նույնիսկ ամենահիվանդ «հայրենասերները» այնքան էլ չեն ցնծում ամերիկյան ճգնաժամի առթիվ: «Բոլոր կանխատեսումները լիուլի իրականացան», բայց ցնծացողների ձայնը չի էլ լսվում:
Ճիշտ է, թե որքան խոր կլինի ճգնաժամը, ինքը` Ուորեն Բաֆեթն էլ չի ասի: Այնուամենայնիվ հիմքեր կան հուսալու, որ չեն կրկնվի ոչ միայն 1929-ի մեծ ճգնաժամը, այլեւ 1970-ականների անհամեմատ փոքր հետընթացները: Ասում են, ԱՄՆ-ում ճգնաժամերի կարգավորման մեխանիզմները կարգավորվում են:
Այս ամենն ամենաանմիջական ձեւով առնչվում է հրեաներին:
Այսօր եւ վերջին 10-15 տարիներին ԱՄՆ կապիտալիզմը դարձել է իրոք անգլո-հրեական: Նվաճումները, աղետները, պատասխանատվությունը` ամեն ինչ ընդհանուր է:
«Արձանագրություններին» եւ Հենրի Ֆորդի զառանցանքին հակառակ, 20-րդ դարի սկզբի ամերիկյան կապիտալիզմում հրեաների դերն ավելի քան համեստ է եղել: Կարի արդյունաբերություն, Հոլիվուդ, շատ փոքր ազդեցություն բանկային ոլորտում (նույն «Գոլդման-Սաքսը» եւ «Սոլոմոն Բրազերսը» այսօրվանից անհամեմատ քիչ ազդեցություն ունեին), սա է թերեւս այն ամենը, ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին:
Միայն պատերազմից հետո եւ մանավանդ 1960-ականներից որակապես փոխվեց հրեաների դերն ամերիկյան բիզնեսում:
Բանկեր, հեջ-ֆոնդեր, բարձր տեխնոլոգիաներ, անշարժ կայք, առեւտուր, ԶԼՄ-ներ, զվարճանքներ, բիոարդյունաբերություն, ինչպես նաեւ ավանդական (այդ թվումՙ նավթի) արդյունաբերություն` այժմ ամենուրեք հրեաների դերը վիթխարի է: Բաժնետոմսերի փաթեթը կամ շրջափակող է, կամ հսկիչ:
Ահա թե ինչպես է երեւում թվերով:
Վերցնենք «Ֆորբսի» 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկը (ի դեպ, 2007-ին հատույթի շեմը 1,3 մլրդ դոլար կարողությունն էր): Իհարկե, ցանկը չի ընդգրկում ԱՄՆ-ի ամբողջ գործարար ընտրախավը, բայց պատկերը դարձյալ բավական ներկայացուցչական է:
Ահա այդ ցանկը ըստ ազգությունների (փակագծերում նշված է տվյալ էթնիկ խմբին պատկանող ԱՄՆ քաղաքացիների թիվը):
«Ֆորբսի» ցանկում կան մեկական ռուս (1 մլն), կորեացի (1,5 մլն), նեգր հաղորդավարուհի Օփրա Ուինֆրի (40 մլն), քուրդ (տվյալներ չկան), լեհուհի (10 մլն), հայ (1 մլն), պարսիկ (600 հազ.), նորվեգ (4,5 մլն), մակեդոնացի (45 հազ.), կուբացի (1,5 մլն), մեքսիկացի (28 մլն), 2 շվեդ (4 մլն), 3 հոլանդացի (5 մլն), 4 հնդիկ (2,6 մլն), 4 արաբ (3,5 մլն), 54 հույն (3 մլն), 7 չինացի (3,5 մլն), 7 իռլանդացի (36 մլն), 11 իտալացի (17 մլն), 12 գերմանացի (50 մլն):
Ցանկում կա 140 հրեա (ԱՄՆ հրեական համայնքի թվակազմը 5-7 մլն է): Վերցնենք առավելագույն թիվը (7 մլն), որի մեջ մտնում են նաեւ կիսահրեաները, քրիստոնեություն ընդունածները եւ այլն: Ստացվում է 1 միլիարդատեր 50 հազար բնակչին. սա աննախադեպ ցուցանիշ է:
Անգլոսաքսերի (ներառյալ շոտլանդացիները) մեջ կա 194 միլիարդատեր (33,5 մլն):
Անգլոսաքսերը եւ հրեաները միասին կազմում են մոտ 40 մլն` ԱՄՆ բնակչության 13 տոկոսը եւ «Ֆորբսի» ցանկի ավելի քան 83 տոկոսը:
ԱՄՆ առանձին նահանգներում պատկերն էլ ավելի հետաքրքրական է: Օրինակ, Կալիֆոռնիան ունի 38 մլն բնակիչ (ԱՄՆ բնակչության 12,6 տոկոսը) եւ «Ֆորբսի» ցանկի 88 անդամ (ցանկի 22 տոկոսը): Կալիֆոռնիայում անգլոամերիկացիները կազմում են 7,4 տոկոս, հրեաները` 3 տոկոս, երկուսը միասին` 10,4 տոկոս: Իսկ «Ֆորբսի» ցանկում կա 37 հրեա (այդ թվումՙ առաջին երեք տեղերը) եւ 27 անգլոամերիկացի, միասին` 64 հոգի կամ ցանկի մոտ 73 տոկոսը:
Ի դեպ, երկրի Սենատում Կալիֆոռնիան ներկայացնում են երկու դեմոկրատ հրեուհիներ:
Միանգամայն առանձնահատուկ դեպք է աշխարհի, Ամերիկայի եւ աշխարհի հրեաների մայրաքաղաք Նյու Յորքը:
Նյու Յորքի նահանգում կա մոտ 19 մլն բնակիչ (հրեաները կազմում են 1,75 մլն կամ 9,3 տոկոս), Նյու Յորք քաղաքում` 8,2 մլն բնակիչ (12 տոկոսը կամ 1 միլիոնը կազմում են հրեաները. դա ամենամեծ հրեա համայնքն է աշխարհի քաղաքների մեջ): Նյու Յորքի ինտելեկտուալ եւ գործարար շրջան Մանհեթենում կա 1,611 մլն բնակիչ (հրեաները` 314 հազար կամ 20 տոկոս): Ի դեպ, 1950-ին Նյու Յորքում ապրում էր 2,1 մլն հրեա (քաղաքի բնակչության 26 տոկոսը):
Նյու Յորքի նահանգում (ԱՄՆ բնակչության 6,3 %) ապրում է «Ֆորբսի» ցանկի 73 անդամ (18 %): Նրանք բոլորը ապրում են Նյու Յորքում (ԱՄՆ բնակչության 2,7 %): Այդ 73-ից 57-ը հրեաներ են (78 %):
1934-ին Նյու Յորքում առաջին անգամ ընտրվեց հրեա քաղաքապետ: Նրան հաջորդած 10 քաղաքապետներից 4-ը հրեաներ են, ներառյալ ներկայիս քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Տարօրինակ կլիներ, եթե մարդկության պատմության հրաշքներից մեկը դարձած Նյու Յորքը չլիներ նաեւ հրեաների պատմության մի հրաշալիքը: