«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2009-02-13 | #25, 2009-02-14 | #26, 2009-02-17


ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

Տաղանդաշատ 20-ամյա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը փետրվարի 2-8-ը Վիեննայում անցկացված Worthersee կրթաթոշակի միջազգային 8-րդ մրցույթում 44 մասնակիցների շարքում փայլեց իր կատարողական արվեստով եւ գրավեց առաջին տեղը: Այս մրցույթն անցկացվում է «Kartner Sparkasse» բանկի կողմից Ավստրիայի հարավում գտնվող Վելդեն (Velden am Worthersee) քաղաքում: Այս տարվա մրցույթին մասնակցում էին դաշնակահարներ աշխարհի 18 երկրներից, այդ թվումՙ Ճապոնիայից, Իտալիայից, Նոր Զելանդիայից, Չիլիից, Կորեայից, Էստոնիայից, Ռուսաստանից... 44 մասնակիցներից երկրորդ փուլ անցան 21-ը, իսկ եզրափակիչ փուլին հասան 6-ը: Ընդ որում, նրանցից երեքը Ռուսաստանը ներկայացնող շնորհալի տղաներ էին, որոնցից եւ ոչ մեկին մրցանակային տեղ բաժին չընկավ: Մրցանակներ ստացան միայն աղջիկները: Նարեն առաջին տեղի համար «Քարտներ Շպարկասե» բանկի կողմից ստացավ 10 000 եվրո կրթաթոշակ, երկրորդ տեղը գրաված 16-ամյա իտալուհի Բիատրիս Ռանան ստացավ 2-րդ մրցանակըՙ 4000 եվրո պարգեւատրմամբ, իսկ 25-ամյա կորեացի Ժեանգ Մունը 3-րդ մրցանակըՙ 1500 եվրո պարգեւավճարով:

Ճանաչված երաժիշտներից բաղկացած ժյուրին գլխավորում էր Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ֆաբիո Լուիսին, ով ավստրիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում շեշտեց, թե այս տարվա մասնակիցների մակարդակը շատ բարձր էր: Ի դեպ, ժյուրիի կազմում էին նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Kartneri Musikverein տնօրեն Էռնստ Հոյթզլը, հայտնի դաշնակահարներ Կարլո Գրանտեն (Իտալիա) եւ Մարգարիտա Հոհենռայդերը (Գերմանիա): Մրցույթին ներկա էր նաեւ հայտնի իտալական «Ֆազիոլի» դաշնամուր արտադրող ֆիրմայի նախագահ Պաոլո Ֆազիոլին, որի արտադրած «Ֆազիոլի» դաշնամուրի վրա էին նվագում մրցույթի մասնակիցները:

Ավստրիական մամուլին եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցներում Նարե Արղամանյանը նշեց. «Դաշնակահարը պետք է զգա, թե ինչ է ցանկացել ասել կոմպոզիտորը»: Դիտելով Նարեի վերջին կատարումը, անվարան կարելի էր ասել, որ նա լիովին զգում էր կոմպոզիտորին: Լիստի թիվ 2 h-moll բալլադի նրա կատարումը հիացրել էր ժյուրիի անդամներին: Նրանք հատկապես նշում էին Նարեի կատարողական բարձր տեխնիկան եւ զգացմունքայնությունը: Վիեննայի երաժշտական համալսարանում հայտնի երաժիշտ Հայնց Մեջիմորեցի ուսանող Նարեն այս տարի մայիսին կթողարկի նաեւ իր առաջին խտասալիկըՙ CD-ն: Իսկ մինչ այդ մրցույթում հաղթած դաշնակահարների համար կկազմակերպվեն մենահամերգներ Ճապոնիայում, Ավստրիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մեր ընթերցողներին հիշեցնեմ նաեւ, որ Նարե Արղամանյանն իր բազմաթիվ պատվավոր հաղթանակների շարքում, 2008-ին տարել էր ամենակարեւորըՙ կանադական Մոնրեալի միջազգային ամենահեղինակավոր մրցույթում շահելով Գրան Պրին եւ մրցանակային մեծ գումարը: Անցյալ դեկտեմբերին նա նաեւ փայլուն հանդես եկավ չեխական Սենատում կազմակերպված հայաստանյան երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված երեկոյին:

Նարե Արղամանյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը կարդացեք «Օրեր» եվրոպական ամսագրի առաջիկա համարում:

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


Նկար 1. Նարե Արղամանյանը բանկի ղեկավարների եւ ժյուրիի նախագահի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4