ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վաղը լրանում է նախագահական ընտրությունների մեկ տարին: Մտադիր էի քաղաքական ուժերի ղեկավարներից գնահատանքներ ստանալ այդ առթիվ, բայց դա կարելի է անել նաեւ վաղը, մանավանդ բավական է հիշել, որ նույն մարդիկ 10 տարի շարունակ, ամեն առիթ-անառիթ կարծիք են հայտնում եւ դժվար թե նոր բան ասեն, որ մենք էլ մի օր առաջ ջանանք հասցնել այդ նորն ընթերցողին:
Փորձենք մեր ուժերով քչփորել, թե ի վերջո այս դժվար ժամանակը, որ դեռ չի էլ հանգուցալուծվել, ի՞նչ է խոստանում մեզ` 2009 թվականի մեջ ապրողներիս, ի՞նչ տվինք ու առանք նոր-հին իշխանավորներով այս ժամանակի մեջ, կարողացա՞նք գոնե մի քիչ լիցքաթափել հետընտրական եւ հետմարտիմեկյան բացասական լիցքերի կուտակիչ ժամանակը, ու ի՞նչ է սպասում մեզ բոլորիս:
Դիմացըՙ մարտի 1, զոհվածների տարելից, որը պարտավոր ենք հիշել բոլորս` ազգի մեծ ու պստիկ, իր դասերով հանդերձ. մարտի 1, որը հառիթ սակայն չեն խորշելու իրենց հոգեդարձը կազմակերպել մեր թանկարժեք ընդդիմադիր առաջնորդները, փոխանակ համեստորեն իրենց մեղքի բաժինն ընդունելու եւ ներողություն խնդրելու գոնե մարտի 1-ին զոհվածների հարազատներից, ինչն, ի դեպ, պահանջվում է նաեւ մեր բարձրագույն իշխանավորներից: Առաջինի դեպքում ամեն ինչ պարզ է` մի տարի իրենց համար ապրում էին ու ասուլիս տալիս, հանգստանում էին ու ասուլիս տալիս, ու այսպիսի առի՞թ` մեռած հանրահավաքները ռեինկառնացնելու, մանավանդ որ հանրահավաքներին ընդառաջ կարող են գնալ արդեն տնտեսական ճգնաժամի առաջին շորշոփներն ապրած նոր դժգոհներ, հարկային կարգուկանոնի հաստատման արդյունքում նեղացածներ, մի խոսքով` դժվար կեցության մեջ հայտնված նոր շերտերը: Այդպիսով, ակամա, այս նոր հանրահավաքը կարող է դժգոհների ինչ-որ նոր շերտի հավաքել` սա ճգնաժամի եւ մեր դանդաղ հակազդեցության շնորհիվ: Գումարած բանտարկյալներ թնջուկը` չնայած երկրի նախագահը վերջին շրջանում խոսում էր փոխադարձ համաներումից, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե ի՞նչ կա նրա մտքին, եւ արդյոք դեռ անակնկա՞լ է լինելու, եւ մինչեւ մարտի 1-ը նա ինչ-որ միջանկյալ լուծո՞ւմ է առաջարկելու:
Այս մեկ տարում, փաստորեն, ՀՀ սովորական քաղաքացին նյարդայնանալու շատ պատճառներ ուներ` վերը նշված բոլոր անհարմարությունները նախ նրան էին վերաբերում. երկուստեք նրա ականջն էին սղոցում իշխանական եւ ընդդիմադիր ճամբարների կարկառուններն իրենց «միակ անսխալական» դիֆերամբներով: «Մենք քաղբանտարկյալներ ենք», գալիս էր ձայնը ձերբակալված ընդդիմադիրների ձայնային տիրույթից, «Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան», պատասխանում էին իշխանական հարկաբաժիններից: Հասկանում եք` սովորական մարդու նյարդերը կարող են եւ չդիմանալ էս մեր «ընտրախավի» տուրեւառին, ինքն էլ մարդ է, չէ՞: Հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ հրաման չունեցավ նույնականացնելու կրակողների զենքն ու փամփուշտները, չնայած երկրորդ դասարանի աշակերտին էլ պարզ է, որ երբ 4 զենքից կամ հատուկ միջոցից կրակում են, եւ 3 մարդ մահանում է, ուրեմն թվաբանական այս պարզ խնդրի արդյունքում գոյություն ունի երեք մարդասպան կամ ավելի հումանիստական ոճով` ծառայողական հրահանգ կատարող. բայց դե` դա ծառայողական խնդիր է, ավելի ճիշտ կլիներ նույնականացնել մարտի մեկը սարքողին եւ երկու կողմի հրահանգ տվողներին` ջրաղացը թողած չախչախի հետեւից ինչո՞ւ ենք ընկել:
Ընդհանրապես` այս մեկ տարում մի շարք չախչախների հետեւից էինք ընկած` ջրաղացի մասին միտքն անտես անելով: Ազգը մասնատող թելերն իրար կապել չհաջողվեց առայժմ, մեզ չի գոհացնում ոչինչ եւ ոչ ոք` առավոտյան կուռք սարքելն ու երեկոյան ջարդելն ազգիս համար ակտուալ է մնացել մինչ օրս:
Մեզ ձեռք չի տալիս ոչ մի փոխզիջում ու համաձայնություն:
Մեզ ձեռք չի տալիս ամբողջի մասը, մեզ ողջն է հարկավոր:
Մեզ ձեռք չի տալիս, որ մտածող ու կրթված վարչապետ կարելի է ունենալ` անպայման թույնը թափում ենք... ու փողատեր ենք դեմ անում` բա բոլոր պաշտոններում չունենա՞նք հարթ ուղեղով, ճկույթին փթանոց մատանի տեսակին, գիտելիք ու ինտելեկտ ունեցողը մեր ինչի՞ն է պետք. երկու տող ելույթը թղթից մի կերպ կակազելով կարդացող պաշտոնյան մեզ հերիք է, մեզ պե՛տք են ամեն օր գունափոխվող քաղաքականներ, մեզ պե՛տք են պոպուլիզմի հուշարձան-ընդդիմադիրներ, մեզ պետք են ամեն ինչի շատը, չաղը, փայլունը, ամեն ինչ եւ բոլորը` բացի կրթվածից, ինտելիգենտից, բարեկիրթից եւ պրոֆեսիոնալից, այն, ինչ ոսկու կուրացնող փայլն ունի, անճաշակ, ճոխ անճաշակություն` անկապ խոսողներ, մատները չռող եւ Տերյանին Չարենցի հետ շփոթող... պաշտոնյա ու «զոն նայող» կամ այս երկուսը` մեկտեղ:
Ինչ-որ բան նկարագրեցի՞: Կարողացա՞ տեղ հասցնել, որ այս մեկ տարում ոչ մի բան էլ չի կատարվել ազգիս կյանքում. մնացել ենք նույն գավառականը եւ նույն նեղմիտը` իշխանություն եւ ընդդիմություն, չենք մեղմել մարտի 1-ի հետեւանքները` իշխանություն եւ ընդդիմություն, եւ շարունակում ենք երազել միմյանց ճզմելու մասին` իշխանություն եւ ընդդիմություն, ու այնքան ենք ներփակվել մեր քլթքլթացող կաթսայում, որ չենք նկատում մեր շուրջը կատարվող ոչինչ.ու անհասկանալի է մնում` ո՞նց կարելի է տնտեսական ճգնաժամի եկող հեղեղի դեմն առնելու փոխարեն` դեռ կրիտիկական զանգված եւ իշխանափոխություն երազել, ո՞նց կարելի է բանտարկյալ ընդդիմադիրների ականը տակ դրած` սպասել սելավի մեջ հայտնված տաշեղի վերածող գլոբալ փոփոխությունների եւ նույնիսկ մտածել դրանք հաղթահարելու մասին: Այ տնաշեններ, ավել-պակաս շուոներ սարքող էս մեր ընդդիմադիրներին տուն ուղարկեք, տեսնենք էլ ինչի՞ շուրջն են աղմկելու, պե՞տք էր այդ ականով գալ-հասնել մարտի 1-ի տարելիցին: Հիմա 10 իմաստունի խելք է պետք, որ. 1. ճգնաժամից չոր դուրս գանք, 2. ընդդիմության հանրահավաքային ականը չպայթի ու ազգի տունը չվնասի, 3. մեծ տերությունների հրահրելիք լոկալ պատերազմիկների մեջ չներքաշվենք, քանի որ բոլոր ժամանակների տնտեսական ճգնաժամերին միշտ ուղեկցել են ռեսուրսներն ու ազդեցությունները վերաբաժանելու աշխարհի հզորների գզվռտոցները` մենք ոտքի տակ չգնանք:
Մնացյալն` ըստ կարգի մեր քաղաքականներից վերցնելիք հարցազրույցներում: