ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
2009-ին Հայաստան է ներկրվելու ավելի քան մեկ միլիոն դոլար արժողության նոր սարքավորում, որը ծխախոտային արտադրության գերժամանակակից հոսքագիծ է:
«Ծխախոտագործությունն այս տարի ավելի է զարգանալու, ծխախոտագործության ծավալները մեծանալու են», երեկ «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը :
Գործարարը տեղեկացրեց, որ իրենք Տավուշի մարզում մեծ պահեստներ են ստեղծել, որտեղ կմթերվեն ապրանքները: Այս պահին արդեն ընկերությունը չորացման 108 պահեստներ ունի: Բացի այդ, Հրանտ Վարդանյանի մատուցմամբ, իրենք սիգարետի արտադրության համար արդեն ձեռք են բերել վերջին սերնդի մեքենաներ:
«Գրանդ հոլդինգը» սկսել է հյութեր արտադրել, նաեւ օղի է արտադրելու, քանի որ, զարմանում է Հ. Վարդանյանը, Հայաստանում այդքան օղի են արտադրում, բայց չկա այն որակը, որ կարողանա մրցակցել արտասահմանյանի հետ: «Այդ ոլորտում էլ ես փորձելու եմ մի բան անել», ասում է Հրանտ Վարդանյանը: Նա նաեւ Հայաստանում սեւ շոկոլադ է արտադրելու, որը համարում է «դեղին հավասար մի բան»:
Գործարարը խոսելով կառավարության հակաճգնաժամային միջոցների մասին, բավական յուրօրինակ խորհուրդ է տալիս կառավարությանը: Ըստ նրա, եթե Տիգրան Սարգսյանը հարցներ իրեն, ապա ինքը խորհուրդ կտար մոռանալ բոլոր տեսակի օրենքները, բանաձեւերը, օքսֆորդներն ու քեմբրիջները, գիտելիքները, մոռանալ ու սկսել անհատական աշխատանքը ըստ ոլորտի, ըստ գործարարի, ըստ ձեռնարկության:
«Եթե կառավարությունը ուզում է հաջողություն ունենալ հակաճգնաժամային պայքարում, ապա պետք է մի կողմ դնի բոլոր տեսակի «կլասիկ» միջոցներն ու ապավինի ոչ ստանդարտ, անհատական մոտեցումներին», ընդգծեց գործարարը` ավելացնելով, որ Հայաստանում, նաեւ գյուղական շրջաններում, կան շատ տաղանդավոր մարդիկ, գործարարներ, որոնց ծրագրերը պետք է լսել, որոնց հետ աշխատանքով պետք է պայքարել ճգնաժամի դեմ:
Ըստ գործարարի, պետք է պաշտպանենք մեր շուկան, որպես արժեք, պետք է տուրք չտանք միջազգային ֆինանսական կազմակերպություններին: Հրանտ Վարդանյանն ասում է, որ եթե մենք 90-ականների սկզբին դիմացել ենք, ապա այժմ էլ կդիմանանք ճգնաժամին, պարզապես պետք է լինել միասնական, «վերջ տալ ընդդիմություն-իշխանություն աթոռակռվին» եւ քաղաքականության մասին մտածել միայն այն բանից հետո, երբ ճգնաժամն անցած կլինի: Ի դեպ, Հրանտ Վարդանյանը նաեւ հերքեց մամուլի միջոցներում հայտնված հրապարակումները, թե ինքն ունի վարչապետական հավակնություններ: Հրանտ Վարդանյանի խոսքերով, ինքն ուզում է աստիճանաբար հեռանալ ակտիվ բիզնեսից, այն թողնելով որդիներին, եւ զբաղվել իր առողջությամբ, «էլ ուր մնաց վարչապետ դառնալ»:
Հ. Վարդանյանը ներկայացրեց իր ծրագրերը 2009 թվականի համար, ասելով, թե ոչ մի աշխատողի չի կրճատելու եւ չի պակասեցնելու նաեւ որեւէ մեկի աշխատավարձը. «Այս տարի անձամբ ես եմ ժողովրդին խոսք տվել, որ ոչ մի աշխատատեղ 2009-ին չի պակասելու: Մի լումա աշխատավարձից չի պակասելու, հակառակը ավելանալու են նաեւ աշխատատեղերը»:
Հրանտ Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց իր նախանշած ծրագրերը, որոնց շրջանակներում կառուցվելու են անվճար սպորտային համալիր, Շենգավիթի համայնքի փախստականների ու վատ տներում ապրող բնակիչների համար նոր շենք, Տավուշում կառուցվելու են գյուղմթերքների պահեստամասեր, որոնք կօգնեն գյուղացիներին իրենց արտադրած գյուղմթերքներն իրացնել:
Հարցերից մեկին, թե ինչպես է գործարար Հ. Վարդանյանը վերաբերվում «Բջնիի» գործարանի աճուրդին եւ այն խոսակցություններին, որ գործարանը գնել է մեկ այլ գործարարՙ Ռուբեն Հայրապետյանը, «Գրանդ հոլդինգի» ղեկավարն այսպես պատասխանեց. «Բջնին» մեր ազգային, պետական, եթե ուզում եք, պետության, ժողովրդի արժեքն է: Դա ստեղծել է «ՍԻԼ գրուպը»ՙ Սուքիասյանների ընտանիքը դրա վրա աշխատել է երկար տարիներ, բայց հիմա, փաստորեն, պետությունը, իր հավակնություններով, ստուգումներով, վաճառում է: Ի՞նչ տարբերություն, որ Հայրապետյան Ռուբիկըՙ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է առնում, կամ առնում է Վարդանյան Հրանտը կամ Պողոսյան Պողոսը, պետությունից առնում է: Ամենակարեւորը, որ «Բջնին» մի օր, մի ժամ շուտ բաց թողնեն, որ այդ արժեքը չմահանա: Ես այդպես եմ դա ընկալում եւ ընդունում»:
Օրերս մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, որ հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը մոտ 35 միլիոն դրամ է վճարել ճանապարհային ոստիկանությունում այսպես կոչված ոսկե համարների աճուրդի ժամանակ եւ ձեռք է բերել նման համարներից: Վարդանյանի խոսքերով` ինքն այդ գումարը պետբյուջե էր վճարելու, եթե վճարեր: Բայց պարզվում է, որ չի վճարել, այլ հայտնել է վճարելու պատրաստակամություն. «Դիմել ենք ճանապարհային ոստիկանության պետին, որ նա այդ «ոսկե համարներից» հատկացնի մեզ: Օհանյանը դրան պատասխանեց, թե այդ համարների հարցով զբաղվում է «նախարարը», այսինքնՙ ոստիկանապետը»:
Հրանտ Վարդանյանն ասում է, որ ոստիկանապետին ինքը լավ է ճանաչում եւ վստահ է, որ նա նման կարգի հարցերով չի զբաղվում, չի հետաքրքրվում պետհամարանիշների աճուրդներով: Հենց այդ պատճառով էլ նա իր ներկայացուցիչներին ասել է, որ գնան ու մասնակցեն աճուրդին, որ տեսնեն, թե ինչ է կատարվում իրականում: Հրանտ Վարդանյանն ասում է, որ իրականում այդ աճուրդը մաքուր չէ եւ այնպես են անում, որ մաքուր մասնակցողները դուրս մնան դրանից, ինչն էլ բացահայտելու համար իրենք աճուրդին մասնակցել են ու գինն այդպես բարձրացրել:
Հարցին, թե ինչո՞ւ ինքն այդ մասին չի դիմել ոստիկանապետին, եթե մոտ է նրա հետ, որպեսզի նա լուծի աճուրդների խարդախության հարցը, Հրանտ Վարդանյանն ասաց, թե հավանաբար ոստիկանապետը կզբաղվի այդ հարցով: Չի բացառվում, որ զբաղվի նույնիսկ նախագահը: Վարդանյանը տեղեկացրեց լրագրողներին, որ ինքը նաեւ նախագահին է դիմել, ասելով, որ օրենսդրական փոփոխություններ են պետք այդ հարցը կարգավորելու համար:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ