«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2009-02-14 | #26, 2009-02-17 | #27, 2009-02-18


«ՕՖԵԼՅԱՅԻ ՍՏՎԵՐՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ»

ԱՊՀ պետությունների միջազգային թատերական փառատոնում

Բեմադրիչ Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումով Հայաստանը կներկայանա Մոսկվայում ապրիլին կայանալիք ԱՊՀ պետությունների միջազգային թատերական փառատոնում: Ինչպես տեղեկացրեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման ղեկավար, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը , բեմադրիչը նախապես ներկայացրել էր երկու ներկայացման հայտ, բայց հրավեր ստացել է վերոնշյալ բեմադրության համար: Միջազգային թատերական փառատոնը կազմակերպում են «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոնը եւ ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամը: Ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակը սահմանել է ՌԴ թատերական գործիչների միությունըՙ որպես մասնագիտական մրցանակ թատերարվեստի բոլոր տեսակներում լավագույն աշխատանքների համար: Ըստ Ռ. Բաբայանի` նշված փառատոնը միտված է դառնալու լուրջ ներկայացուցչական թատերական համաժողով: Այն նաեւ նպատակ ունի ընդլայնելու ԱՊՀ պետությունների թատերական հյուրախաղերի աշխարհագրությունը, զարգացնելու թատերախմբերի ու թատերական գործիչների միջեւ ստեղծագործական եւ պրոֆեսիոնալ կապերը:

Ներկայացվող բեմադրությունների ընտրության համար ստեղծվել էր ռուսաստանյան առաջատար թատերական քննադատների փորձագիտական խորհուրդ: Ընտրությունը կատարվել է 2006-2008 թթ. ստեղծված աշխատանքների տեսագրությունների ու տեղերում անցկացվող դիտումների արդյունքում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումով Հայաստանը մասնակցել էր Գերմանիայում տեղի ունեցած թատերական փառատոնին եւ արժանացել թե՛ ժյուրիի, թե՛ մասնակիցների ու հանդիսատեսի հիացական գնահատականներին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4