Հայազգի անվանի բռնցքամարտիկ, Ուզբեկստանում բնակվող Արթուր Գրիգորյանը, որը ժամանակին թեթեւ քաշում նվաճել է WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, փետրվարի 24-ին կրկին ռինգ դուրս կգա: 42-ամյա բռնցքամարտիկը, որն իր մարզական կարիերան ավարտել է 2004-ին, կմասնակցի Universum պրոմոութերական ընկերության 25-ամյակին նվիրված շոուին: Նա 6 ռաունդանոց մենամարտ կանցկացնի բուլղարացի Կիրկոր Կիրկորովի հետ: Հետաքրքրական է, որ աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը մյուս ուժեղագույն բռնցքամարտիկների` Ինա Մենցերի, Ալեսյա Գրաֆի եւ Ռեգինա Հալմիխի հետ հանդես կգան իրենց համար անսովոր դերում` ռինգ մտնելով ռաունդները ցույց տվող ցուցանակներով:
Արթուր Գրիգորյանը հայ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, որին հաջողվել է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1996-2004-ին նրան է պատկանել թեթեւ քաշում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր կարիերայում Գրիգորյանը 38 մենամարտերից շահել է 37-ը: Նա միայն մեկ պարտություն է կրել այն տարիներին անպարտելի բրազիլացի Ասելինո Ֆրեյտասից: Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո Գրիգորյանը որպես մարզիչ մնաց աշխատելու Universum պրոմոութերական ընկերությունում:
Կիրկորովի հետ մենամարտը կկայանա Համբուրգում: Բուլղարացի բռնցքամարտիկը 40 տարեկան է: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 49 մենամարտ, որից 28-ում հաղթել է, 21-ում պարտվել է: Վերջին հանդիպումը Կիրկորովն անցկացրել է 2008-ի հոկտեմբերի 21-ին: Մինչդեռ Արթուր Գրիգորյանն արդեն 4 տարուց ավելի է, ինչ թողել է ռինգը: Վերջին հանդիպումը նա անցկացրել է Բուդապեշտում, 2004-ի սեպտեմբերի 11-ին եւ տեխնիկական նոկաուտով հաղթել է Վասիլի Հերցեգին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Գրիգորյանի մականունը «Արթուր արքա» է: Իհարկե, Կիրկորովի հետ մենամարտն ավելի շատ ցուցադրական մրցախաղ է լինելու, որն անցկացվելու է շոուի ծրագրի շրջանակներում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ