«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2009-02-14 | #26, 2009-02-17 | #27, 2009-02-18


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱԵՐՈՖԼՈՏԻ» ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Մոսկվայում մեկնարկում է «Աերոֆլոտի» հովանու ներքո արդեն 8-րդ անգամ անցկացվող շախմատային փառատոնը: Այս տարի սահմանվել է մրցաշարի համար ռեկորդային մրցանակային հիմնադրամՙ 180 հազար եվրո: Շախմատային փառատոնի շրջանակներում կանցկացվեն չորս մրցաշարեր: Գլխավորՙ A1 մրցաշարում, որին կմասնակցեն 2549-ից բարձր անհատական վարկանիշ ունեցող շախմատիստները, կխաղարկվի 70 հազար եվրո: Հաղթողը կպարգեւատրվի 21 հազար եվրոյով եւ իրավունք կստանա մասնակցելու հուլիսին Դորտմունդում կայանալիք սուպեր մրցաշարին: Այս մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեն ֆրանսիացի Էթիեն Բաքրոն (2722), Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը (2693), ռուսաստանցիներ Ալեքսեյ Դրեեւն (2688) ու Նիկոլայ Վիտյուգովը (2687) եւ հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը (2678): Բացի Գաբրիելից, A1 մրցաշարում հանդես կգան նաեւ Ռաֆայել Վահանյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Քոթանջյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը, Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը, Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանը եւ ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը:

A2 մրցաշարում հանդես կգան 2399-ից բարձր եւ մինչեւ 2550 անհատական վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 36 հազար եվրո է: Այդ մրցաշարում Հայաստանից հայտավորվել են Արա Մինասյանը եւ Դավիթ Պետրոսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակվող Մելիքսեթ Խաչիյանը: Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաեւ B եւ C մրցաշարերում: Առաջինում հանդես կգան 2200-2399 անհատական վարկանիշ ունեցողները: Մրցանակային հիմնադրամը 19500 եվրո է: 2-րդում մասնակիցների վարկանիշը ցածր է 2200-ից, իսկ մրցանակային հիմնադրամը 12 հազար եվրո է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4