Ասում է չեխ արտգործնախարարը
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
«Հայաստանը ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում, ուր ես այցելեցի անցած տարի, հանդիպեցի հայոց կաթողիկոսի հետ եւ շատ տպավորված եմ այդ երկրի դարավոր մշակույթով: Հռոմեական կայսրությունից էլ հին քաղաքակրթություն ունեցող այդ երկիրըՙ Հայաստանը, հատուկ կարեւորություն ունի աշխարհի համար», այսպիսի գնահատականով սկսեց ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը : Փետրվարի 18-ին Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարները մոտ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին: Չեխ արտգործնախարարը մասնավորապես նշեց, որ քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, չեխ-հայկական կապերի ներկա փուլը, երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծված հարաբերությունները եւ Արեւելյան հարեւանության ծրագրի հետ կապված հարցերը, այդ թվում` տարածաշրջանային խնդիրներըՙ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Չեխ արտգործնախարարը շեշտեց, որ ներդրումների աջակցության պայմանագիրը հնարավոր է, որ շուտով կստորագրվի եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն ավելի կզարգանան: Նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծեց, որ անցած տարի Երեւանում տեղի ունեցած հայ-չեխական բիզնես ֆորումից հետո երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման միտումներ կան:
Պատասխանելով «Ազգ» օրաթերթի հարցին, թե ինչ կոնկրետ սպասելիքներ ունի Եվրոպական միությունը Հայաստանից եւ իր հերթին Հայաստանըՙ Եվրոպական միությունից, Կարել Շվարցենբերգը մասնավորապես պատասխանեց. «Եվրոմիությունը երկու կարեւոր սպասելիքներ ունի Հայաստանից: Առաջինըՙ արդեն մենք տեսնում ենք, որ շատ արդյունավետ հարաբերություններ են սկսվել հարեւանների հետ, այդ թվում` Թուրքիայի, ինչպես նաեւ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետՙ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, եւ հույս ունենք, որ մոտ ապագայում այդ իրավիճակը կնորմալանա: Երկրորդ ուղղությունը կապված է ներքին իրավիճակի հետ, մարդու իրավունքների, քաղաքական բանտարկյալների, եւ այդ ուղղություններով նույնպես որոշ աշխատանքներ տարվում են: Պետք է նաեւ փաստենք, որ Հայաստանն այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է իրադրությունը բարելավելու ուղղությամբ, բայց պետք է շարունակի իր ջանքերը: Եվ ես հուսով եմ, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կշարունակվի»:
Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով մեր հարցին, նշեց, որ Հայաստանի համագործակցությունը եւ անհատական ծրագրերը շատ հաջող են ընթացել ԵՄ Գործընկերության ծրագրի շրջանակներում: Եվ այժմ էլ ԵՄ Հարեւանության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար տարբեր մակարդակներում: Նախարարի ասելով. «Երկու ամիս առաջ մենք արդեն առաջարկությունների արձանագրություն ենք ուղարկել Եվրոպական հանձնաժողովին, Հայաստան հրավիրելով ԵՄ փորձագետներիՙ տարբեր ոլորտներումՙ գործադիր, իրավական եւ արդարադատության, բարեփոխումներ իրականացնելու համար: Ես ուրախ եմ, որ մենք շարունակում ենք տեխնիկական բարեփոխումները, դա մեր ժողովրդի եւ ղեկավարության ընտրությունն է: Ես պետք է նշեմ նաեւ, որ Հայաստանում ոչ մի քաղաքական բանտարկյալ չկա, եւ Եվրոմիության վերջին հայտարարություններում կամ ընդունած հռչակագրերում նման ձեւակերպում չկա: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւերում եւս նման բնորոշում չկա: Կան մի քանի առաջարկություններ, որոնք ընդգրկված էին նաեւ վեհաժողովի նախորդ երկու բանաձեւերում եւ որոնց 90 տոկոսը Հայաստանի իշխանությունները կյանքի են կոչել: Մենք պատրաստ ենք իրագործել նաեւ եվրոպական բոլոր այն կառույցների տված առաջարկությունները, որոնց Հայաստանը անդամակցում է: Պետք է անենք առավելագույնը, քանզի դա բխում է մեր ժողովրդի ու մեր պետության շահերից եւ մեր կատարած ընտրությունից»:
Նշենք, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ այն դեռ հստակեցման փուլում է:
Հայաստանի արտգործնախարարը օրվա առաջին կեսին հանդիպել էր նաեւ Չեխիայի Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ եւ քննարկել խորհրդարանական համագործակցության հետ կապված հարցեր: Ըստ դիվանագիտական հավաստի աղբյուրների, այս տարվա երկրորդ կեսին ծրագրվում է Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Չեխիա:
Հայաստանի արտգործնախարարը Չեխիա էր ժամանել Լեհաստանից, ուր նույնպես բանակցել էր այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Վերջում նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա ՀՀ արտգործնախարարի առաջին աշխատանքային այցն էր Չեխիայի Հանրապետություն, ինչը վերջապես կխթանի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի համագործակցությունը: