«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ խորհրդարանում «ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցությունն այլեւս թվով ամենամեծը չէ: Երեկ կայացած ԱԺ լիագումար նիստում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է խմբակցությունից հինգ հոգու դուրս գալու որոշումը: Հրաժարական է տվել նաեւ խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը` մնալով որպես խմբակցության քարտուղար: Նրան փոխարինել է ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Ժողովրդավարությունից» առանձնացած հինգ պատգամավորները ստեղծել են նոր խմբակցություն` «Արցախատուն» անվամբ, որը ղեկավարում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը: Ընդ որում` նորաստեղծ խմբակցության երկու անդամներ շարունակելու են Արցախի ժողովրդավարական կուսակցությանն անդամակցությունը: Մյուս երեք պատգամավորները, թեպետ 2005-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցել են ԱԺԿ-ի ակնհայտ աջակցությունը, այդ կուսակցության անդամ չեն:

Չորրորդ գումարման խորհրդարանի գոյության ընթացքում դա քաղաքական ուժերի երկրորդ վերադասավորումն է, այդուհանդերձ, ինչպես նախորդ անգամ, որեւէ քաղաքական ուժ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն չի ստացել: Այս գումարման խորհրդարանի լիազորությունները կավարտվեն 2010 թվականի հունիսին, եւ մինչեւ լիազորությունների ավարտը, թերեւս, Ազգային Ժողովը կգործի չորս խմբակցությունների առկայությամբ:

Ո՞րն էր «ժողովրդավարության» տրոհման պատճառը: Խմբակցությունից հեռացած պատգամավորները չեն թաքցնում իրենց դժգոհությունը, որ ԼՂՀ պետբյուջեի ընդունման ժամանակ, 2009-ի դեկտեմբերի 29-ին, խմբակցությունը հանդես էր եկել իրենց դիրքորոշումից տարբերվող հայտարարությամբ: Հնչեցվել էր մի տեքստ, որն, ըստ նրանց, համաձայնեցված չի եղել խմբակցության բոլոր անդամների հետ: Մեջբերում այդ հայտարարության տեքստից. «...խմբակցությունը խիստ մտահոգիչ է գնահատում այն իրողությունը, որ բյուջեի մուտքերի եւ միջպետական վարկի տոկոսային հարաբերակցությունը մնում է գրեթե անփոփոխ: Միաժամանակ, սեփական եկամուտների եւ միջպետական վարկի աճի դինամիկան նույնպես չի խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գոնե ստեղծվում են ինքնաբավ տնտեսական համակարգի հիմքերը» («Հայրենիք» թերթ, N20, 30.12.08 թ.): Տեքստի վերջում նաեւ նշվում է, որ 2007-ի նախագահական ընտրությունների փուլում ձեւավորված քաղաքական համաձայնությունների շրջանակը հաշվի առնելով եւ հարգելով կուսակցության ԿԽ կայացրած որոշումը, «Ժողովրդավարություն» խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել 2009-ի պետբյուջեի օրինագծին, ինչն էլ ըստ էության արվել է:

Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նոր խմբակցության ստեղծման առթիվ, փաստելով, որ խորհրդարանը աշխատում է կոնսենսուսի պայմաններում: Իբրեւ ԱԺԿ նախագահ, նա նաեւ ողջունել է իր կուսակիցների կողմնորոշումը` շեշտելով դրա ժողովրդավարական բնույթը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4