«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


«ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

«Օրերս ծանոթներիցս մեկը, նայելով ամպամած երկնքին, տագնապեց. «Վայ թե Թումանյանի հոբելյանը հարամ լինի», բայց իսկույն վրա բերեց. «Չի կարող պատահել, Թումանյանը բախտավոր մարդ է եղել»: «Թումանյանը բախտավոր մարդ է եղել »,-այս տպավորությունն ունեն համարյա բոլորը: Որտեղի՞ց է այս տպավորությունը: Թումանյանի գրականությունից, նրա կենսափիլիսոփայությունից, նրա ողջ կերպարից»:

Սիլվա Կապուտիկյան

Օրն արեւոտ էր, բայց դրսում ցուրտ էր եւ ուժեղ քամի: Սակայն եղանակը բնավ չէր խանգարել, որպեսզի մարդիկ շտապեին Թբիլիսիի հայկական պանթեոն: Նրանք իրենց կատակով թումանյանասերների միության անդամ են համարում եւ մեծ բանաստեղծի ծննդյան օրը նշելու համար պատրաստ են անտեսել եղանակն ու հնարավոր բոլոր խոչընդոտները, հատկապես երբ տարին հոբելյանական է: Այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի 140-ամյակը:

Վրաստանում գործող «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը ներկայացնում է բոլոր այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել 2009 թվականի ընթացքում. «Կազմակերպվելու են շարադրության մրցույթներ Վրաստանի հայկական բոլոր դպրոցներում: Պատրաստվում ենք այդ մրցույթում ընդգրկել նաեւ վրացական դպրոցները: Անցկացվելու է գրական ստեղծագործությունների մրցույթ: Հայ եւ վրաց գրողների մասնակցությամբ կազմակերպելու ենք կոնֆերանս «Թումանյանը եւ Վրաստանը» թեմայով»:

Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշեց, որ թատրոնի խաղացանկում բեմադրություն կա Թումանյանի հեքիաթների մոտիվներով: «Սա, իհարկե, բավարար չէ: Մայիսից կսկսենք բեմադրել «Անուշը» եւ պրեմիերան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արդեն այս տարվա աշնանը», ասաց Արմեն Բայանդուրյանը:

Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը հոբելյանական տարին կարեւորում է բանաստեղծի ցանկություններից մեկի իրագործմամբ: «Հովհաննես Թումանյանի ցանկությունն էր Թբիլիսիում տեսնել Սայաթ-Նովայի արձանը: Հիմնաքարն արդեն տեղադրված է հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու շրջակայքում: Արձանը կտեղադրվի այս տարվա ընթացքում», ասաց Հրաչ Սիլվանյանը:

Թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանն ասաց, որ պարտադիր ծրագրից բացի, ուսուցիչները աշակերտներին պատմում են նաեւ Թումանյանի հասարակական գործունեության մասին: «Բանաստեղծին փորձում ենք ներկայացնել նաեւ որպես հասարակական գործչի եւ հրապարակագրի, ով մեծ ավանդ ունի հայ վրացական կապերի սերտացման գործում: Բանաստեղծը երազում էր ժողովուրդների բարեկամության մասին եւ դրա համար արեց ավելին, քան հնարավոր էր», նկատեց Կարինե Մանուկյանը:

«Նա սովորեցնում է ինձ` ինչքան էլ դժվար լինի ժամանակդ, ինչքան էլ կյանքդ` ծանրաբեռ ու ճանապարհդ` քարքարոտ, մշտապես մնալ անվհատ եւ հավատավոր, բարձր եւ լայնանիստ, սիրող ու լավատես:

Թումանյանը ինձ սովորեցնում է բախտավոր լինել»:

Սիլվա Կապուտիկյան

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4