Արդեն հինգերորդ անգամ փետրվարի 21-ը Հայաստանի Հանրապետությունում պետականորեն կնշվի որպես Մայրենի լեզվի օր: Լեզվի պետական տեսչության աշխատակիցներն ուսումնասիրել են եթերի, մամուլի, հրատարակչության լեզուն` հայտնաբերելով բազմաթիվ սխալներ:
Իսկ երեկ «Ուրբաթ» ակումբում լեզվի պետական տեսչության կողմից 2008-ի լավագույն հրատարակություն ճանաչված ՀՀ Ազգային ատլասի Բ հատորի խմբագիր Մանուկ Վարդանյանը, 2008-ի լավագույն լեզվաբանական հետազոտություն ճանաչված Հայոց լեզվի բարբառային ատլասի հեղինակ, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանըՙ հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար, «Դիպված» հաղորդաշարի հեղինակ Զավեն Հարությունյանը, ինչպես նաեւ Երեւանի Ավ, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը արժանացան պատվոգրերի:
Լեզվի պետական տեսչության ղեկավար Լավրենտի Միրզոյանի խոսքերով, իրենք յուրաքանչյուր ամիս պատրաստում են հորդորակներ, ամփոփագրեր եւ ուղարկում ԶԼՄ ղեկավարներին, որպեսզի վերջիններս իրենց հետագա գործունեության ընթացքում աշխատեն եթերից հնչող թերությունների վրա: Միրզոյանի մատուցմամբ` եթերում առկա են այնպիսի սխալներ, որոնց ուղղությամբ պետք է վերահսկողություն իրականացնի տվյալ լրատվամիջոցի ղեկավարը: Լեզվի տեսչության պետը նշում է, որ Արտեմ Սարգսյանի «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը եզակիներից է, որն այսօր ունի 19 տոկոս վարկանիշ:
Ինչեւէ, մինչ Լ. Միրզոյանը կգովաբաներ այս կամ այն հեռուստաընկերության հաղորդաշարն ու հաղորդումը, ակումբում ներկաներից մեկը հարց ուղղեց Լ. Միրզոյանին, որ եթե «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը 19 տոկոս ռեյտինգ է ապահովում, արդյոք հաշվե՞լ է Լ. Միրզոյանը, թե ինչ ռեյտինգի են արժանի «Ճակատագրի գերիները», «Դժբախտ երջանկությունը», «Կարգին հաղորդումը», որոնք հեռարձակվում են նույն «Արմենիա» հեռուստաընկերությամբ, եւ որեւէ պատասխանատվություն կրե՞լ է Արտեմ Սարգսյանը իր հեռուստաընկերության համար:
Հարցին ի պատասխան, Արտեմ Սարգսյանը հայտնեց, որ վատ սերիալների մտահոգությունը բոլորին է վերաբերում: Անդրադառնալով սերիալներին` նա նշեց հետեւյալը, որ գողին գրական, ընտիր հայերենով խոսեցնելով ոչինչ չի փոխվի. «Այդ սերիալները արտացոլում են մեր իրական կյանքը: Եթե խոսում ենք անգամ «Դժբախտ երջանկության» մասին, կարող եմ ասել` կա նաեւ հակառակ կողմը: Այդտեղ քննչական բաժնի բոլոր աշխատողները դրական են»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ հարցն այն է, թե ինչպես են մատուցվում նման հաղորդումները հեռուստադիտողին: Նույն այդ լրագրողը բերելով «Մենավոր ընկուզենու» օրինակը` նշեց, որ ֆիլմում Արմեն Ջիգարխանյանը ոչ պատշաճ արտահայտություն է թույլ տալիս, սակայն նույն ազդեցությունը չի ունենում հեռուստադիտողի վրա, ինչ Գոռ Վարդանյանի ֆիլմի հերոսների «կեղտոտ խոսքերը»:
Ա. Սարգսյանը լիովին համաձայն էր դրան. «Այդ առումով կարող եմ պատասխանել, որ մենք մեր հեռուստատեսությամբ բացել ենք մի նոր երկկողմանի կապ: Ինքը` հեռուստադիտողը, կարող է գնահատել. եւ եթե վատ է գնահատում, այդ հաղորդաշարը կամ այդ սերիալը դուրս կմնա»:
Ակումբում ներկա ԵՊՀ լեզվի ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանն էլ իր հերթին միջամտեց. «Չգիտե՞ք, որ սեղանի վրա աղջիկ պարեցնելը վատ բան է, ժարգոնը վատ բան է, անատամ հումորը վատ բան է»:
Ա. Սարգսյանը մտավախություն ունի, որ երբ սերիալները փակվեն, վատ սերիալների բազմացված տարբերակները տարբեր կրպակներում կիրացվեն. «Այ սա է մտահոգիչը»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ