«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


ՄԵԾԱՐՄԱՆ ՋԵՐՄ ԵՐԵԿՈ, ՈՐ ՆՎԻՐԵՑԻՆ ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՅԻՆ

Փետրվարի 17-ին օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը ծփում էր ջերմությունից եւ հուզմունքից: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի 80-ամյա հոբելյանն էր, որին գեղեցիկ ու հուզիչ այդ երեկոն նվիրել էր ՀԱՕԿ նախագահ, մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը:

Հուզված էին բոլորը. թե՛ միջոցառման կազմակերպիչները, թե՛ Ազարյանի բազում ընկերներն ու սաները եւ թե՛ օղակների արքան, որը անկեղծորեն խոստովանեց, որ իր հուզմունքն անսահման եւ անափ է, եւ որ ինքն անգամ օլիմպիական բարձունքներ հաղթահարելիս այդքան չէր հուզվել, ինչքան այդ երեկո: Եվ իրապես, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սպորտի մեծ վարպետի մեծարման երեկոն կազմակերպեց այնպես, ինչպես վայել է մարդուն, որը գիտի եւ կարողանում է գնահատել իրական վաստակն ու իրական արժանիքը: Իսկ Ալբերտ Ազարյանը, որը ճանաչվել էր 20-րդ դարի լավագույն հայ մարզիկը, արժանի էր նման մեծարանքի, երախտիքի բազում ջերմ խոսքերին, որ գեղեցիկ ու բարի այդ միջոցառման ժամանակ հնչեցին:

Լեփ-լեցուն դահլիճը ծափողջույններով ընդունեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքըՙ նրա բարձր գնահատանքը սպորտի մեծ նվիրյալին ու բարեմաղթանքները: «Մենք բոլորս հպարտ ենք, որ ունենք Ալբերտ Ազարյանի նման անգերազանցելի վարպետ, որը մեր հայրենակիցն է: Եվ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գնահատել եւ մեծարել մեր ազգի մեծերին, ովքեր իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայ ժողովրդի պատմության մեջ: Անհնարին ոչինչ չկա, եթե կա ուժ, կա ձգտում, աշխատանք, արդյունք եւ իհարկեՙ գնահատանք: Ալբերտ Ազարյանը իր նվիրումով, իր աշխատանքով այդ ամենն իրականացրել է եւ հիմա եկել է գնահատանքի պահը: Ու մենք պետք է արժանավայել գնահատենք մեր մեծերին: Այսօր ոչ մեկին որեւէ բանով զարմացնել հնարավոր չէ, միայն հարգանքով, ուշադրությամբ եւ հոգատար վերաբերմունքով: Առավել եւս այն մարդկանց հանդեպ, որոնցից ամեն մեկն իր ոլորտում մեր պատմության մի մասնիկն է կերտել: Մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, դաստիարակենք այն ոգով, որ նրանք կարողանան գնահատել մեր մեծերի վաստակը, սովորեն նրանցից եւ փորձեն գերազանցել իրենց նախորդների արդյունքները», իր ջերմ խոսքում ասաց ՀԱՕԿ նախագահը, մեծ վարպետին մաղթելով երկար տարիների կյանք, անկոտրում աշխատունակություն եւ երիտասարդական կորով: Ու ավելացրեց, որ այսուհետեւ եւս բոլոր օլիմպիադաներին Ալբերտ Ազարյանն անպայման լինելու է Հայաստանի հավաքականի հետՙ որպես հաղթանակի ու հաջողության թալիսման, ինչպես Պեկինի օլիմպիադայում էր:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օղակների մեծ արքային շնորհեց նաեւ ՀԱՕԿ-ի բարձրագույնՙ «Տրդատ Մեծ» մեդալը, նաեւ ջիփ ավտոմեքենա:

Ահա այսպես են գնահատում եւ մեծարում այն մարդկանց, ովքեր իրենց ապրած կյանքով լուրջ հետագիծ են թողել մեր երկրի տարեգրության մեջ: Որովհետեւ որքան նվիրյալ են մեր հերոսները, նույնքան նվիրյալ են այն մարդիկ, ովքեր կարողանում են դա գնահատել եւ արժեւորել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4