Հայաստանում է վրաց արտգործնախարարը, որին կհաջորդի խորհրդարանի նախագահը
Հայ-վրացական հարաբերությունները յուրօրինակ ու տարօրինակ են միեւնույն ժամանակ: Դրանք համ կան, համ էլ չկան, ու երբ խնդիրներ են ծագում, ակնհայտ է դառնում, որ եղբայրական Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանը միայն այդ խնդիրները չէ, որ ունի: Ամեն դեպքում, նախորդ տարի մի քանի պաշտոնական այցեր տեղի ունեցան հարեւան Վրաստան, ու երեւի թե դրանց տրամաբանական շարունակությունն էլ այս տարի սպասվելիք փոխադարձ այցերն են:
Այսօր արդեն երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են Վաշաձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Վրաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, իսկ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից անմիջապես հետո ԱԳՆ սրահում տեղի կունենա նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Մի քանի օր հետո Հայաստանը կհյուրընկալի նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահին: Ու դժվար է ասել, թե հարցերի կարեւորության քննարկումը, եթե այդպիսին ընդհանրապես նման հանդիպումներում տեղի ունի, այն էլ հայ-վրացական հարցերում, ուր կհասցնի` հաշվի առնելով բազմաթիվ չլուծված խնդիրները, որ կան երկու երկրների ու ժողովուրդների միջեւ:
Ամեն դեպքում, դժվար թե Վրաստանի արտգործնախարարը, որ կարող է վաղը հայտնվել, ասենք, գլխավոր դատախազի պաշտոնում կամ էլ ընդհանրապես փոխարինվել նոր մի պաշտոնյայով, կամ թեկուզ խորհրդարանի ղեկավարը որեւէ պատասխան տան այն հարցերին, որ կարող են բարձրացնել ավելի շուտ հայկական լրատվամիջոցները, քան հայաստանյան պաշտոնյաները:
Մասնավորապես, հաստատապես միօրինակ ու լավագույն դեպքում խուսափողական են լինելու պատասխաններն այն հարցերին, որ վերաբերում են հայկական եկեղեցիների, ընդհանրապես հայ եկեղեցու կարգավիճակի, Ջավախքում առկա խնդիրների, այդ տարածաշրջանում հայ ազգային փոքրամասնության իրավունքների, հայերենի կարգավիճակի ու այլ նմանօրինակ հարցերի լուծմանը:
Ավելի շուտ հերթական անգամ երեւի վերեւներում «կփաստեն», որ հայ-վրացական հարաբերությունները իդեալականից մի քիչ են տարբերվում, որ բոլոր հարցերը «լուծելի են» երկու հարեւանների համար եւ որ հաստատուն է մեր դարավոր «եղբայրությունը»:
Իսկ, որ վրացական եկեղեցին վրաց պետության հաշվեկշռում գտնվող հայկական եկեղեցիների հարց է փորձում լուծել, վրաց խորհրդարանն էլ բնավ չի մտածում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության իր իսկ վավերացրած խարտիայի դրույթները իրագործելի դարձնելու համար օրենսդրական քայլեր անել, իսկ Ջավախքում էլ սոցիալ-տնտեսական հարցերի աննկարագրելի խորացումն արդեն չի տարբերվում տարիներ շարունակ խորացած ու «լայնացած» ազգամիջյան խնդիրներից, հայաթափության նպատակով կիրառվող մեթոդներից ու վախ սփռող ձերբակալություններից, դժվար դառնան երկու երկրների կառավարող էլիտայի օրակարգային կետեր:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(Վրաստանի արտգործնախարարի ժամանման առթիվ երեկ «Ջավախք» կազմակերպությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը եւ «Երկիր» միությունը հայտարարություն հրապարակեցին, որին կարելի է ծանոթանալ «Ազգ»-ի կայքէջում):