Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում CYCLONE-30 իզոտոպերի արտադրության համալիրի տեղադրման եւ միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու կառավարության հավանությանն արժանացած որոշումները երեկ լրագրողներին ներկայացրին առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ֆիզիկայի ինստիտուտում իզոտոպերի արտադրության սարքըՙ բելգիական արտադրության աքսլերատորը տեղադրվելու է բելգիական կառավարության տրամադրած 17 մլն եվրո պետական արտոնյալ վարկով: Ինչպես նշեց Հարություն Քուշքյանը, դա հնարավորություն կտա շատ ավելի ճշգրտորեն եւ ամենավաղ փուլում ախտորոշելու քաղցկեղը, ուռուցքները եւ սրտանոթային հիվանդությունները: Ծրագիրը մասնավոր ձեռնարկ է եւ իրականացվում է ֆրանսիական ընկերության հետ համատեղ: Այն իրականություն կդառնա 2011-ին եւ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարելու քաղցկեղի դեմ: Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում քաղցկեղով 30 հազար հիվանդ կա: Ռադիոիզոտոպների արտադրության այդ սարքավորման հիման վրա առաջիկայում կստեղծվի միջուկային բժշկության կենտրոն, որպիսին չկա տարածաշրջանումՙ 2000 կմ շառավղով: Այսինքն, կենտրոնը ոչ միայն կծառայի մեր ժողովրդի առողջության պահպանմանը, այլեւ հնարավորություն կունենա այլ երկրներից հիվանդներ ընդունելու սկզբնական շրջանում ախտորոշման, իսկ հեռանկարում նաեւ բուժման համար:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնեց, որ երկու ծրագրերը միասին կարժենան 30 մլն դոլար: Դրանք կունենան առողջական եւ սոցիալական նշանակություն: Ախտորոշումից բացի, ստեղծվելու է դեղագործական բարձրորակ արտադրանք ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Հեռանկարում հնարավոր է, որ կիրառվի նաեւ ռադիոիզոտոպային թերապիան այդ հիվանդության բուժման համար:
Ներսես Երիցյանը երեկ ներկայացրեց կառավարության կողմից եւս մեկ մասնավորՙ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Սորսիո» ընկերությանը 125 մլն դրամ տրամադրելու որոշումըՙ ընկերության կապիտալում պետական մասնակցության տեսքով: Ընկերության բիզնես ծրագրով արտերկրի պատվերների հիման վրա ծրագրում իրականացնող այս ընկերությունն առաջիկայում նպատակ ունի սեփական արտադրություն կազմակերպել եւ ավելացնել իր արտադրանքի արտահանումը 120 անգամ, ստեղծելով բարձր վարձատրությամբ 200 նոր աշխատատեղեր: Այդ ծրագիրը նախատեսված է 5 տարվա հեռանկարով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ