«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Հինգ տարի առաջ Բուդապեշտում զինվորական ուսումնառության մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարեց ադրբեջանցի մարդասպանը: Ընդամենը 26 տարեկան սպայի կյանքն ընդհատվեց, սակայն այդ ընդհատումն ունի մի նոր սկիզբ, եւ դրա վառ ապացույցը երեկ, Գուրգեն Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցի առիթով հավաքված հոծ բազմությունն էր:

Սգո միտինգին Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի փոխնախագահ Արթուր Մկրտչյանը նշեց. «Մենք հարազատ հայրենակցի կորստի ու ցավի անմոռաց զգացումը պահելով մեր հոգում, պիտի միշտ մնանք արթուն եւ զգոնՙ գիտակցելով, որ թուրք-ադրբեջանական զավթողական ու անմարդկային նկրտումներին մենք պիտի հակադրենք մեր ուժն ու հզորությունը: Վայրագությունն ու դավադիր կեցվածքը երբեք հարիր չեն եղել հային: Մեր զենքը մեր քաջության, մեր ուժի մեջ է: Քաջարի հայի, ազնիվ ու նվիրյալ զինվորականի իսկական կերպար էր նաեւ Գուրգեն Մարգարյանը, որ իր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ, վստահ ենք, փառքի շատ օրեր էր ապրելու, բայց ավա՜ղ... »:

«Գուրգեն Մարգարյան» հիմնադրամի նախագահ Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ քաղաքապետարանը Աջափնյակ համայնքում հատկացրել է 3000 քմ տարածք Լենինգրադյան եւ Լենինականի փողոցների խաչմերուկում, որտեղ կկառուցվի Գուրգեն Մարգարյանի անվան հուշահամալիր: Համալիրի կառույցի ու հուշաքարի ճարտարապետն է Արտյոմ Մխիթարյանը: Նախատեսվում է, որ զոհվածների ծառուղում Աջափնյակից արցախյան պատերազմում զոհվածների պատվին կտնկվեն ծառեր, իսկ Գուրգեն Մարգարյանի հիշատակին կկանգնեցվի խաչի տեսքով հուշակոթող: Հուշամահալիրի արժեքն է 75 մլն դրամ եւ այդ գումարը հանգանակելու համար նա դիմեց ժողովրդին:

«Ազգը» Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՀՀ ՊՆ ներկայացուցիչ (այժմ Ցեղասպանության թանգարանի տնօրեն) Հայկ Դեմոյանին դիմեց: Վերջինս ասաց: «Անցած տարի առիթ ունեցա անձամբ զրուցելու Հունգարիայի արտգործնախարարի հետ ու արտահայտեցի իմ մտահոգությունը: Նախարարը նշեց, որ տեղյակ է, թե ինչ քստմնելի հանցագործություն էր եւ ինչպիսի արձագանք կար Հունգարիայում, եւ վստահեցրեց, որ հունգարական կողմը տեղի չի տա ադրբեջանական պնդումներին ու ճնշումներին եւ չի հանձնի Ռամիլ Սաֆարովին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4