«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ԵՐԵՎԱՆՅԱՆ ՎԵՐՆԱՏԱՆԸ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲԱԶՈՒՄ ՀՐԱՇԱԼԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Ժամանակակից գրողների, գրականագետների, հասարակական գործիչների եւ ուսանողների հոծ զանգված էր երեկ հավաքվել Հյուսիսային համալսարանում` նշելու Թումանյանի ծննդյան 140 ամյակն ու ականատեսը դառնալու Երեւանում բացվող Վերնատան: Կառույցը խոստանում է դառնալ թումանյանագիտական կենտրոն, որտեղ ուսանողները կատարելու են վերլուծություններ, մշակումներ, հետազոտություններ: Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը նշում է, որ կենտրոնի անվան գաղափարը հուշել է բանաստեղծի թոռնուհին` Իռմա Սաֆրազբեկյանը, որ թեպետ գտնվում է Գերմանիայում, սակայն շնորհավորական ուղերձ է ուղարկել կենտրոնի բացման կապակցությամբ: Հոբելյանական օրվա առթիվ Աշխեն Թումանյանը երեւանյան Վերնատանն է նվիրաբերել անվանի թումանյանագետ Էդվարդ Ջրբաշյանի թումանյանագիտական բոլոր աշխատությունները, մենագրությունները: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էլ ձեռնունայն չէր եկել Վերնատան բացման արարողությանը: Վերջինս կենտրոնին նվիրեց Թումանյանի գիտական հրատարակության 10-հատորյակը: Սուսաննա Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում Վերնատան մասունքները կավելանան, մանավանդ, որ բանաստեղծի թոռնուհին խոստացել է Թումանյանի անձնական իրերից նվիրաբերել կենտրոնին, որպեսզի մթնոլորտն էլ տրամադրի թումանյանագիտությամբ զբաղվելու: Իսկ մթնոլորտն իսկապես տրամադրող էրՙ շնորհիվ Թումանյանին, Լոռվա բնությունը պատկերող գեղանկարների: Որպեսզի մթնոլորտն ավելի ազդեցիկ լինի, կազմակերպիչները նաեւ պատվիրել են կահույք, նմանությամբ Թբիլիսիի Վերնատանը Թումանյանի օգտագործած կահույքի:

Վերնատան բացման արարողությանը մասնակցեցին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, հասարակական ականավոր այլ գործիչներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4