«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ԴՍԵՂՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140 ԱՄՅԱԿԸ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Լոռու մարզի Դսեղ համայնք` մասնակցելու Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: «Հովհաննես Թումանյանը բացառիկ երեւույթ է ինչպես մեր գրականության, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում։ Իմ համոզմունքն է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին եւ գեղագիտական հաճույք ստանալ, այլեւ դասեր քաղել մի մարդուց, ում կենսագրությունը սեփական երկրին ու ժողովրդին ամբողջական նվիրման օրինակ է», Դսեղում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված իր խոսքում նախագահ Սարգսյանը հիշեցրեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ Թումանյանի ծննդյան օրը համընկնում է նաեւ Վարդանանց տոնին։ «Այս առիթով ես, անշուշտ, շնորհավորում եմ մեր ժողովրդին», ասում է Հայաստանի նախագահը ու հավելում, որ Վարդանանց սխրանքը դարեր շարունակ սերունդներին մատուցվել է որպես ազգային ինքնության, ինչպես նաեւ ազատությունը կյանքից վեր դասելու օրինակ։

«Թումանյանական այս տարվա մեր հոգսըՙ չակերտավոր ու նաեւ իրական հոգսը, Թումանյանին նոր սերնդին վերադարձնելն է», Թումանյանի ծննդավայր Դսեղում լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Անդրադառնալով Վրաստանում Հովհաննես Թումանյանի տունգրադարանի, վաճառքի մասին խոսակցություններինՙ մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ տան սեփականատերը պարտքի դիմաց որոշակի գումար է փոխանցել ինչ-որ մեկի հաշվին, սակայն այդ գործողությունը եղել է շատ վաղուցՙ 10 տարի առաջ, եւ մինչ օրս որեւիցե բան չի փոխվել։ Ըստ նախարարիՙ խոսակցություն է եղել Թումանյանի տունգրադարանից գրքերի մի մասը այլ վայր տեղափոխել։

«Այն պահից, որ սեփականությունը որոշեն վաճառել, իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Մշակույթի նախարարությունը մտածելու խնդիր ունեն, բայց քանի դեռ նման խնդիր չկա, նախարարությունը չի կարող միջամտել»,նշեց Հասմիկ Պողոսյանը։  Դսեղյան միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, գրողներ, մշակույթի գործիչներ:

Նշենք նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր Լոռու մարզ այցի շրջանակներում այցելել է «Տաշիր» կարի ֆաբրիկա, ինչպես նաեւ «Տաշիր Կաթ» ընկերություն: Նախագահը Վանաձորում ներկա եղավ նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի արձանի բացման արարողությանը, որից հետո այցելեց Վանաձորի նորակառույց շախմատի դպրոց:

Ն. Մ., Լոռի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4