«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԻ ԳԱՎԱԹԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ

Այսօր Աշգաբադում մեկնարկում է «Թուրքմենբաշիի գավաթի» հերթական խաղարկությունը: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Կապանի «Գանձասարը», որը 2-րդ անգամ է մասնակցում մրցաշարին: 2007-ին կապանցիները երկու խաղերն էլ Թուրքմենստանի «Նեբիթչիի» եւ Ղազախստանի «Օրդաբասիի» հետ ավարտել էին ոչ-ոքի միեւնույն 0-0 հաշվով:

Մրցաշարի մասնակից 8 ակումբները բաժանվել են երկու ենթախմբի: «Գանձասարն» ընդգրկվել է «B» ենթախմբում, որտեղ հայ ֆուտբոլիստների մրցակիցները կլինեն Տաջիկստանի «Փարվոզը», Բահրեյնի երիտասարդական հավաքականը եւ Թուրքմենստանի «Աշգաբադը»:

«A» ենթախմբում հանդես կգան Թուրքմենստանի չեմպիոն, Աշգաբադի ԹԹՄՀ-ն, Ղրղըզստանի «Աբդիշ-Աթան», Իրանի «Հեմատը» եւ Ռիգայի «Սկոնտոն»: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 35 հազար դոլար է, որից 20 հազարը կստանա հաղթողը: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխանաբար 10 եւ 5 հազար դոլարով:

Նախորդ 14 խաղարկություններում առավել հաճախՙ 4 անգամ հաղթող է ճանաչվել Աշգաբադի «Նիսան»: 2-ական անգամ հաջողությունն ուղեկցել է «Կոպետդաղին» եւ ԹԹՄՀ-ին: Մեկական անգամ էլ գավաթակիր են դարձել Իրանի «Էսթեղլալը», Քութաիսի «Տորպեդոն», մոլդովական «Դաչիան», Աշգաբադի հավաքականը:

Ենթախմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը կիսաեզրափակիչում: «Գանձասարը» մրցաշարը կսկսի այսօր «Փարվոզի» հետ կայանալիք հանդիպումով: Փետրվարի 23-ին կապանցիների հյուրը կլինի Բահրեյնի երիտասարդական հավաքականը, իսկ երկու օր անց ավարտական խաղում «Գանձասարը» կհանդիպի «Աշգաբադի» հետ: Ինչ խոսք, մրցաշարը մեր թիմի համար ուժերի լավ ստուգատես կլինի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Թիմի կազմում չէ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի որդինՙ Ալեքսանդրը, որը փորձաշրջան է անցնում Չինաստանի թիմերից մեկում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4