Միջին քաշային կարգում WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Կելի Պավլիկի պրոմոութեր Բոբ Արումը ֆինանսական տեսակետից նպատակահարմար չի գտնում Արթուր Աբրահամի հետ իր սանի մենամարտի կազմակերպումը: Բանն այն է, որ երկու բռնցքամարտիկներն էլ խոշոր պարգեւավճար կպահանջեն, բացի այդ էլ, մենամարտի ցուցադրման համար խոշոր գումարներ անհրաժեշտ կլինի: Ըստ Արումի, Արթուր Աբրահամն առայժմ ԱՄՆ-ում մեծ ճանաչում չունի, ուստի դժվար թե Պավլիկ-Աբրահամ մենամարտի ցուցադրման համար խոշոր գումարներ վճարվեն:
Ելնելով այդ ամենից, Կելի Պավլիկի համար որպես մրցակից են ընտրել Նյու Յորքում մեծ հեղինակություն վայելող իռլանդացի Ջոն Դադիին: Արումը համոզված է, որ նրա հետ մենամարտն ավելի եկամտաբեր կլինի: Կելի Պավլիկը փետրվարի 21-ին չեմպիոնական իր գոտիները պետք է պաշտպանի Մարկո Անտոնիո Ռուբիոյի հետ մենամարտում: Եթե Պավլիկը հաղթի, ապա ելնելով Բոբ Արումի հայտարարությունից, դժվար թե ընդունի Արթուր Աբրահամի մարտահրավերը, որը վաղուց է երազում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի նվաճման մասին: Թեեւ Բոբ Արումը չի բացառում, որ ինչ-որ ժամանակ հնարավոր է կազմակերպվի այդ մենամարտը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ