Նալբանդյան. «Վիրահայոց խնդիրներն անկեղծ, շահագրգիռ քննարկման առարկա են հայ-վրացական հանդիպումներում»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպմանը գործնական զրույց է տեղի ունեցել երկկողմ օրակարգի լայն շրջանակով, նախորդ տարի Հայաստանի նախագահի Վրաստան կատարած այցելության, իսկ ավելի ուշՙ միջկառավարական քննարկումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքով:
Երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ բանակցություններում լուրջ ուշադրություն է դարձվել տնտեսական կողմին, քննարկվել են առեւտրատնտեսական հարցեր: «Հայաստանը Վրաստանի կայունությամբ եւ խաղաղությամբ ամենաշահագրգիռ պետությունն է», բանաձեւեց Նալբանդյանն, ավելացնելով, որ դա ոչ միայն առեւտրի, Վրաստանում հայ համայնքի առկայության, այլեւ երկու ժողովուրդների «ավանդական բարեկամության» առումով:
Հետաքրքրական է, որ, Նալբանդյանի խոսքով, վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաեւ վիրահայությանը մտահոգող խնդիրներին, շեշտադրմամբ, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Վրաստանում ապրող հայերի խնդիրները եւ «հետամուտ է դրանց լուծմանը Վրաստանի իշխանությունների հետ համագործակցաբար»:
Համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ կրկնեց այն, ինչ հայ-վրացական հարաբերությունների տարբեր մակարդակների հանդիպումներում ընդգծվում է հատուկ հիշատակմամբ, թե չկա մի հարց, որ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները համագործակցաբար չկարողանան լուծել:
Վրաց արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծելով, որ նախարարություններն այսուհետեւ կհամագործակցեն առանձին վարչությունների մակարդակով, ավելացրեց, թե Հայաստանի ու Վրաստանի միջեւ կան նուրբ հարցեր: Դրանք, սակայն, Վաշաձեի համոզմամբ, կարգավորելի են երկու երկրների կառավարությունների մակարդակով:
Հարցին, թե նախարարն ինչպես կմեկնաբանի Ջավախքում տեղի ունեցող ձերբակալությունները ( «Ազգի» ընթերցողները քաջատեղյակ են վերջերս մի շարք ջավախահայ ակտիվիստների ձերբակալությունների մանրամասներին-Ա. Հ.) եւ դրանք ինչպես կարող են ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, Վաշաձեն պատասխանեց ընդհանրական, թե ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են: Ըստ Վրաստանի ԱԳ նախարարի, նրանք չեն ձերբակալվել այն պատճառով, որ ապրում են Ջավախքում կամ հայ են, այլ որ «մեղադրվում են հանցագործության մեջ, նրանց իրավունքները պաշտպանված են, փաստաբանները մասնակցում են գործընթացին»:
Վրաց նախարարին հիշեցրին, որ ձերբակալված ակտիվիստների գործերի նախաքննության փուլերում եւ դատավարությունում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ, այդ թվումՙ խոչընդոտել են փաստաբանների մասնակցությունը, ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել անգամ վրաց օմբուդսմեն Սոզար Սուբարին: Ամեն դեպքում, Վաշաձեի դիտարկումն այն էր, թե ձերբակալությունների պարագայում խնդիրը հայ լինելը չէ, կասկածվող անձինք կձերբակալվեին, եթե անգամ լինեին քենիացի կամ աֆրիկյան այլ պետությունից: Վաշաձեի ներկայացմամբ, չկա Ջավախքի խնդիր, այլ առկա է Ջավախքի սոցիալ-տնտեսական հարց: «Եթե որեւէ մեկը կարծում է, թե Քութայիսում ապրում են ավելի լավ, քան Սամցխե-Ջավախքում, սխալվում է», վրացալեզու ելույթի այս հատվածը Վաշաձեն հնչեցրեց ռուսերեն, ապա վրացերեն շարունակեց. «Մեր խնդիրն այն է, որ Վրաստանի հայերի ինտեգրումը չի ընթանում այն տեմպերով, որ ցանկանում են հայերը եւ Վրաստանի կառավարությունը»:
Նալբանդյանը Ջավախքի ձերբակալությունների առնչությամբ ավելացրեց, որ Հայաստանը հետաքրքրվում է այդ հարցով եւ համապատասխան բացատրություններ է ստացել վրացական կողմից: «Վիրահայոց խնդիրներն անկեղծ, շահագրգիռ քննարկման առարկա են հայ-վրացական հանդիպումներում», պարզաբանեց նախարարը:
Հ. Գ. Մարտին Հայաստանում տեղի կունենան վրացական մշակույթի օրեր, որին իր մասնակցությունը կբերի վրաց արտգործնախարարը, եւ, ամենայն հավանականությամբ, ապրիլին պատասխան այցելությամբ Վրաստանում կլինի Էդվարդ Նալբանդյանը: