ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած հայաստանյան պատվիրակությունը Ստեփանակերոտւմ մասնակցել է ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին, որի ընթացքում ըստ օրակարգի` քննարկվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության մասին օրենսդրական, կրթագիտական ոլորտի խնդիրներին վերաբերող եւ այլ հարցեր:
Նիստից հետո Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այնուհետեւ զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով:
Այցի շրջանակում ներկայացուցչական պատվիրակությունը եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում, ՊԲ տարբեր զորամասերում, հանդիպել սահմանագծում հերթապահող զինվորների հետ:
Պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ղարաբաղյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին: Շուշիում նրանք այցելել են Արցախի թեմի առաջնորդարան եւ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի։
Շուշիից պատվիրակության անդամները մեկնել են Երեւան:
Կ. Գ., Ստեփանակերտ