Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ծառայության 2008-ի վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարման ցուցանիշները, ինչպես նաեւ 2008-ին Հայաստանի տարեկան սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները:
Պատասխանելով «Ազգի» հարցին, Ստեփան Մնացականյանը ներկայացրեց նաեւ 2009-ի հունվար ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա հունվարին, վերջին տարիների մեջ առաջին անգամ, Հայաստանում գրանցվել է փոքր տնտեսական անկումՙ 0,7 տոկոսով: Այսինքն, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա հունվարի 99,3 տոկոսը, գերազանցելով 132 մլրդ դրամը:
Ինչպես եւ սպասվում էր, անկում է արձանագրվել արդյունաբերության մեջ, քանի որ հանքարդյունաբերական, քիմիական արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ մասնակիորեն կամ լրիվ դադարեցրել են աշխատանքը: Արդյունաբերության անկումը կազմել է 6,5 տոկոս, իսկ առանց էլեկտրաէներգիայիՙ 2,4 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն է կտրուկ նվազելՙ 21,2 տոկոսով: Գյուղատնտեսությունը փոքրիկ աճ է ունեցել 0,4 տոկոսով, մանրածախ առեւտուրըՙ 5,9 տոկոսով, սպասարկման ոլորտը (ծառայությունները)ՙ 1,4 տոկոսով: Ըստ Ստեփան Մնացականյանի հաղորդած տվյալների, 2008-ի հունվարի համեմատ ամենամեծ աճն արձանագրել է շինարարությունըՙ 13,4 տոկոս:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 4,7 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 14,4 տոկոսով, կազմելով մոտ 94 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 76 հազար դրամ, մասնավորումՙ 119 հազար դրամ:
Արտաքին առեւտուրը կազմել է 254,3 մլն դոլար կամ նախորդ տարվա հունվարի 75,5 տոկոսը: Արտահանումը կազմել է 34,2 մլն դոլար կամ նախորդ տարվա հունվարի 56,1 տոկոսը, ներմուծումըՙ 220,1 մլն դոլար կամ նախորդ տարվա 79,8 տոկոսը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ