Ութ գրոսմայստերների մասնակցությամբ Լինարեսում մեկնարկեց շախմատի ավանդական գերմրցաշարը: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ մրցաշարի 2-րդ շրջանն անցկացվում էր մեքսիկական Մորելիա քաղաքում, այս անգամ բոլոր հանդիպումները կանցկացվեն Իսպանիայում: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 314 հազար եվրո է, որից 100 հազարը կստանա հաղթողը: Նշենք, որ մրցաշարի 8 մասնակիցներից 7-ը մտնում են աշխարհի 15 ուժեղագույն գրոսմայստերների ցանկի մեջ, իսկ ամենացածր անհատական վարկանիշը կուբացի Լենիեր Դոմինգեսինն է (2718): Լեւոն Արոնյանն իր վարկանիշով (2750) 5-րդն է, իսկ ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (2791):
Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ ոչ-ոքի արդյունքով մեկնարկեց Լինարեսում: Սակայն համառ պայքար չստացվեց: Երկու շախմատիստներն էլ միմյանց լավ են ուսումնասիրել: Նրանք առաջինն ավարտեցին իրենց մրցավեճըՙ քայլերի կրկնությամբ 37-րդ քայլում հաշտություն կնքելով: Մի փոքր ավելի երկար տեւեց Վան Յուե-Վասիլի Իվանչուկ պարտիան, որը եւս ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանրապես մեկնարկային տուրը հարուստ էր ոչ-ոքիներով: Հաշտություն կնքեցին նաեւ Դոմինգեսն ու Գրիշչուկը: Միակ արդյունավետ պարտիան Անանդի եւ Ռաջաբովի մրցավեճն էր: 61-րդ քայլում մատի սպառնալիքի տակ Ռաջաբովը ստիպված էր կանգնեցնել ժամացույցը:
2-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ է սպասվում Լեւոն Արոնյանի եւ Վիշվանաթան Անանդի մրցավեճը, որում հայ գրոսմայստերը խաղալու է սեւերով: Կկայանան նաեւ Ռաջաբով-Իվանչուկ, Գրիշչուկ-Վան Յուե, Կառլսեն-Դոմինգուես պարտիաները:
Այս տարի Լինարեսի մրցաշարը 26-րդ անգամ է անցկացվում: 1978-ին կայացած առաջին մրցաշարում, որն ընդամենը ՖԻԴԵ-ի 5-րդ կարգի էր, հաղթող էր ճանաչվել շվեդ ոչ հայտնի շախմատիստ Յան Էլսոնը: 1981-ին Լինարեսում հաջողությունն ուղեկցել էր աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին: Յուրօրինակ ռեկորդակիրը Գարի Կասպարովն է, որը 9 անգամ տիրել է գլխավոր մրցանակին: Երեքական անգամ հաղթող են ճանաչվել Վիշվանաթան Անանդն ու Վասիլի Իվանչուկը, ընդ որում հնդիկ գրոսմայստերին հաջողությունն ուղեկցել է 2007-ին եւ 2008-ին: Իսկ ահա Իվանչուկն իր առաջին հաղթանակը, տոնել է 20 տարի առաջ: 2005-ին կայացած մրցաշարը հիշարժան էր նրանով, որ ավարտից հետո Գարի Կասպարովը հայտարարեց շախմատից հեռանալու մասին: Լեւոն Արոնյանը 4-րդ անգամ է մասնակցում 8 ուժեղագույն գրոսմայստերների մրցավեճին: Նա 2006-ին հաղթող է ճանաչվել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ