«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2009-02-20 | #30, 2009-02-21 | #31, 2009-02-24


ԻՆՉՊԵՍ ՍՆԱՆԿԱՑՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ

Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Պետությունների անկախության խորհրդանիշների կարեւորագույն բաղկացուցիչն է ազգային դրամական միավորը: Դեռ հնում, երբ որեւիցե իշխանավորի հաջողվել է դրամ հատել, սա միանշանակ ցույց է տվել ոչ միայն այդ երկրի քաղաքական ու տնտեսական հզորությունը, այլեւ անկախության աստիճանը, որը նրան հաջողվել էր հասնել այլ երկրների նկատմամբ: Դրամ արտադրելու հնարավորություն ունեին շատ քիչ պետություններ, եւ նույնիսկ հետագայում, երբ շրջանառության մեջ մտցվեցին թղթադրամները, շատերը նախընտրում էին այն երկրների դրամական միավորը, որոնց տնտեսական եւ քաղաքական հզորությունը կասկած չէր ներշնչում: Այսինքնՙ սեփական դրամական միավորը եւ դրա կայունությունը ոչ միայն տնտեսական, այլեւ ընդգծված քաղաքական նշանակություն ունի երկրի զարգացման ու այդ երկրի միջազգային հեղինակության համար: Սակայն դրամական միավորը նաեւ կարեւոր նշանակություն ունի այդ երկրի ազգային անվտանգության տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ դեռ հնում, որեւէ երկրի տնտեսությունը քայքայելու եւ քաղաքական հզորությունը թուլացնելու համար նախ եւ առաջ սկսում էին ոչնչացնել նրա դրամական միավորը: Ազգային դրամի թուլացումը եւ մեծ սղաճը կարող են պետության հասցնել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կործանման: Այս գործընթացըՙ հակառակորդ-թշնամի երկրի դրամական միավորի թուլացումը, ակտիվ կերպով կիրառում էին միմյանց դեմ պատերազմող երկրները, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ այս գործընթացը զանգվածային բնույթ էր կրում:

Պատերազմի ընթացքում թշնամի ճամբարներում գտնվող երկրները մեծ քանակով տպագրում էին միմյանց դրամները եւ ապա տարածում տվյալ երկրի տարածքում, ինչը հանգեցնում էր ազգային դրամի արժեզրկմանը եւ որպես հետեւանք տնտեսական ճգնաժամի, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիները տպագրում էին կեղծ ֆունտ ստեռլինգներ եւ դրանք ինքնաթիռներով տարածում Անգլիայում: Նույն գործով ակտիվ կերպով զբաղվում էին նաեւ բրիտանացիներըՙ Գերմանիայի տնտեսությունը թուլացնելու համար տպագրում էին գերմանական մարկեր: Ֆրանսիա ներխուժելուց առաջ Հիտլերի հրամանով տպագրվում էին մեծ թվով ֆրանսիական ֆրանկները, որը լրջորեն թուլացրեց այդ երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, ինչը նպաստեց Գերմանիային շատ արագ գրավելու մայրցամաքային Եվրոպայի իր հիմնական թշնամուն եւ մտնել Փարիզ:

Ինչեւէ, տնտեսության հետագա զարգացումը եւ գլոբալացումը, դոլարիՙ որպես համաշխարհային դրամական միավորի ներմուծումն արտարժութային գործարքները դարձրեցին ավելի բացահայտ եւ արդեն առանց կեղծ դրամական միավորների էլ հնարավոր դարձավ կազմակերպել այս կամ այն երկրի պետական դրամական միավորի արհեստական արժեզրկումը դրանից բխող բոլոր հետեւանքներով: Թերեւս նման ամենահայտնի գործարքներից մեկը անցած դարի վերջում իրականացրեց միջազգային ֆոնդային սակարանների ամենախոշոր սպեկուլյանտներից մեկը` միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը կարողացավ մի քանի օրում արժեզրկել Ասիայի ամենաարագ զարգացող երկրներից մեկի դրամական միավորը` ինդոնեզական ռուպին: Ինդոնեզիայի ազգային դրամի արժեզրկումը հանգեցրեց ոչ միայն ադ երկրի ղեկավար Սուխարտոյի կառավարության հրաժարականին, այլեւ մահմեդական բնակչությամբ ամենամեծ պետությանը կանգնեցրեց քաղաքական եւ տնտեսական խոր ճգնաժամի առաջ, սնանկացնելով երկրի ողջ բնակչությանը: Նման գործընթաց կատարեց Սորոսը նաեւ մալայզիական դրամի` պինգիտի հետ, ինչը նորից այդ երկիրն ու նրա բնակչությանը հասցրեց լիակատար աղքատության: Նկատենք, որ նմանատիպ արդյունքների հասնելու համար վերջինս օգտագործում էր ոչ միայն իր մոտ առկա, տվյալ երկրի արժույթի հսկայական պաշարները, որը նա կարող էր մեկ օրվա մեջ նետել սակարան, արհեստական կերպով առաջացնելով դրամական այդ միավորի արհեստական ավելցուկ, այլեւ այն խուճապը, որը հետեւում էր այդ գործընթացին: Նմանատիպ խուճապի համար Սորոսը ակտիվ կերպով օգտագործում էր տեղական մամուլը, որն էլ ավելի խիտ գույներով էր ներկայացնում իրավիճակը, խուճապ ստեղծում, բնակչությունը զանգվածաբար փորձում էր ազատվել իր ձեռքում գտնվող տեղական դրամից եւ գնել դոլար: Պետությանը եւ նրա բնակչությանը սնանկացնելու դասական սխեման գործում էր մոտավորապես այս ձեւով: Կարծում եմ, ավելորդ է նշել, որ այս իրավիճակից Ջորջ Սորոսը միշտ դուրս էր գալիս հաղթող, միլիարդներ վաստակած:

Սորոսյան հանցագործ այս գործընթացը վերջին օրերին փորձում են կիրառել ՀՀ առաջին նախագահի թիմի քաղաքական կարիքները սպասարկող լրատվամիջոցները, ամեն օր կեղծ լուրեր տարածելով հայկական դրամի մոտալուտ արժեզրկման մասին: Այդ լուրերից հետո վերջիններս ուրախությամբ գրում են, որ իբր թե արդեն սկսվել է խուճապ եւ դրամը սկսել է արժեզրկվել: Լեւոնական ապազգային ընդդիմության համար նման գործընթացի եւ դրա հնարավոր հետեւանքների քաղաքական դրդապատճառներն ավելի քան հասկանալի են: Շուտով մարտի մեկն է, այդ օրվան ընդառաջՙ վերջիններս ցանկանում են հնարավորինս սրել քաղաքական իրավիճակըՙ այն համեմելով տնտեսական բարդություններով եւ հասկանալի է, որ դրամի արժեքի հնարավոր անկումը «լավագույնս» կօգնի այս գործընթացին: Հասկանալի է, որ եթե այս սցենարն իրականանա եւ դրամի անկում իսկապես գրանցվի, իսկ խուճապի առաջացման դեպքում դա հնարավոր է, հհշական ընդդիմությունը կփորձի այս իրավիճակից ստանալ հնարավոր առավելագույնը, սեփական քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար: Բացառված չէ, որ նման գործելաոճը պայմանավորված է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական դրդապատճառներով: Գաղտնիք չէ, որ հհշական ընդդիմությունն ակտիվ կերպով սնվում է դրսից, եւ հասկանալի է, որ այնտեղից հայկական դրամներ չեն փոխանցում: Ինչեւէ, անկախ դրամական միավորի անվանումից, եթե նրանց հաջողվի իսկապես խուճապ առաջացնել եւ դրամը արժեզրկել, թեկուզ եւ ժամանակավորապես, ապա այդ ընթացքում կհաջողացնեն իրենց գումարները փոխանակել ավելի բարձր կուրսով, քան այսօր է, այսինքնՙ «շահելով» ոչ միայն քաղաքական, այլեւ դրամական լրացուցիչ միլիոններ: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը եւ հհշական ընդդիմության փորձերըՙ սասանելու հայկական դրամի կայունությունը, չի կարելի գնահատել որպես քաղաքական գործընթաց, սա երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործ գործողություն է եւ պետք է ստանա համապատասխան օրգանների արձագանքը: Իշխանությունների խղճուկ արձագանքըՙ հայկական դրամի կայունությունը արհեստական ձեւով սասանելու փորձեր կատարող գրչակների լրատվությանը հերքմամբ պատասխանելը, միայն ամրացնում է նրանց դիրքերը եւ լկտիությունը, պնդելու, թե իբր իրենց տեղեկությունները հավաստի աղբյուրներից են: Որ այս գործընթացն իսկապես վտանգավոր է եւ կարող է հանգեցնել միլիոնավոր քաղաքացիների զանգվածային սնանկացմանը, չի մտահոգում այսօրվա ընդդիմությանը: «Ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով շարժվելով, վերջիններս վտանգում են պետության կայունությունը, ինչն արդեն չի կարելի գնահատել որպես ներքաղաքական պայքար: Սա ընդդեմ պետության կատարվող քայլ է, ինչը թվում է, թե պետք է ուրախացնի միայն մեր թշնամիներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4