Հավաստիացնում են ոլորտի ներկայացուցիչները
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նրա ազդեցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա թեմայով տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ասուլիսի բանախոսներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ «Սինոփսիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ճգնաժամ եղել է 2000-2001-ին: Այժմ ոլորտը նույնպես չի կարող զերծ մնալ ճգնաժամի ազդեցություններից: Ինչպիսի՞ն են այդ ազդեցությունները: Առաջինը այն կազմակերպություններն են, որոնք կորցրել են պատվերներ տնտեսության այլ ճյուղերիցՙ բանկային համակարգից, մեքենաշինությունից եւ այլն: Երկրորդը այն կազմակերպություններն են, որոնց բաժնետերերը խնայելու են այս ոլորտի վրա: Սակայն կան երրորդ խումբ ընկերություններ, որոնք փորձում են շահեկանորեն դուրս գալ այս իրավիճակից: Հայաստանում կառավարությունը քայլեր է անում ՏՏ ընկերություններին աջակցելու համար մասնակցային ներդրումներ կատարելու կամ նոր պատվերներ գտնելու ուղղությամբ: Պետության աջակցության մեկ օրինակ արդեն կա:
Հովիկ Մուսայելյանն այն կարծիքը հայտնեց, որ նման ճգնաժամի պայմաններում հնարավոր է անգամ զարգացում ունենալ, քանի որ տարբեր ճյուղերի ընկերություններ փորձում են նոր տեխնոլոգիաներ կիրառել իրենց մոտ: Սակայն նա ափսոսանքով նշեց, որ Հայաստանում նոր տեխնոլոգիաների բաժինը ապրանքի ինքնարժեքի մեջ փոքր է: Այդուհանդերձ, ըստ նրա, զարգացումներ կլինեն այն երկրներում, որտեղ ՏՏ ընկերությունները կթողարկեն ցածր ինքնարժեք եւ բարձր որակ ունեցող արտադրանք: «Սինոփսիսի» հայաստանյան տնօրենը հավաստիացրեց, որ իր ղեկավարած ընկերությունը 2008 նոյեմբեր - 2009 փետրվար ժամանակաշրջանում կայուն աճ է ունեցել, եւ վստահություն հայտնեց, որ աճը կշարունակվի այս տարի եւս:
Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ միջին տարեկան 20 տոկոս աճը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պահպանվում է: Անցյալ տարվա շրջանառությունն այստեղ կազմել է 110 մլն դոլար: Դրական է նաեւ այն, որ արձանագրվում է արդյունավետության եւ նորաստեղծ ընկերությունների աճ: Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրենի, կան կազմակերպություններ, որոնք փակվել են, եւ կան, որոնք կրկնակի աճ են արձանագրել: Նա կանխատեսեց, որ 2009-ին կնկատվի նորաստեղծ կազմակերպությունների աճ:
«Ազգի» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում 300 մլն դրամից (1 մլն դոլար) ավել արժեքով նոր սարքավորումների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով հետաձգելու կառավարության որոշումը, Հովիկ Մուսայելյանը պատասխանեց, որ դա առաջընթաց քայլ է, բայց թերի է: Ըստ նրա, ավելի ճիշտ կլիներ, որպես այդ որոշման շարունակություն, ամրագրվեր, որ ավելացված արժեքի հարկից ազատվեն այն ընկերությունները, որոնք այդ սարքավորումները ներմուծում են սեփական կարիքների, սեփական արտադրության նորացման համար: Հարկային եւ մաքսային օրենսդրությունը Հայաստանում, ըստ Հովիկ Մուսայելյանի, կարելի է դրական համարել, ինչը չի կարելի ասել վարչարարության մասին, որը երբեմն արտասովոր կերպարանք է ընդունում:
Բագրատ Ենգիբարյանը նույնպես սարքավորումների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարումը հետաձգելու որոշումը դրական համարեց, ասելով, որ այդ հարցն անընդհատ բարձրացվում էր վերջին 4-5 տարիներին: Ըստ նրա, Հայաստանում պետք է շարունակել մոդելներ փնտրել եւ գտնել, որ մեր ՏՏ ոլորտը մրցունակ լինի այլ երկրների համեմատ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ