«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2009-02-20 | #30, 2009-02-21 | #31, 2009-02-24


ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՆԵԼԻՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ GSP+ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԱԱՊ գործադիր տնօրենը շեշտում է այդ ցանկի հրապարակման անհրաժեշտությունը

Հայաստանին Եվրոմիության երկրների հետ առեւտրի GSP+ արտոնությունների տրամադրումը պետք է, որ խթան լինի տեղական արտադրողների համար: Խոսքը շուրջ 6400 անուն ապրանքների մասին է, որոնք Հայաստանի արտադրողները կարող են արտահանել ԵՄ երկրներ առանց մաքսատուրքի կամ ցածր մաքսատուրքով: GSP+ արտոնությունների ընձեռած հնարավորությունների մասին գործարարների մոտեցումն իմանալու նպատակով դիմեցինք Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանին : Նա նշեց, որ իրենց թեեւ հայտնի է այդ արտոնությունների մասին, բայց կառույցը չունի այդ ապրանքների ցանկը:

«Էկոնոմիկայի նախարարությունից մեզ ասում ենՙ դրանք կան մեր կայքում, բայց կայքում նայում ենքՙ չկան: Մինչեւ այդ ցանկը չունենանք, չենք կարողանա բիզնեսին ներկայացնել, թե խոսքն ինչ ապրանքների մասին է: Ընդհանուր խոսվում է ապրանքախմբերի մասին: Նշվում է սննդամթերք, բայց դրա մեջ այնքան տեսականի կա: Այնպես որ գործարարների մեծ մասը տեղյակ չէ, թե խոսքն ինչ ապրանքների մասին է: Նրանք հետաքրքրվում են, իսկ մենք չենք կարողանում նրանց ասել, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը», ասաց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը:

Մեր հարցինՙ իսկ ի՞նչ է ձեռնարկում ՀԱԱՊ-ըՙ խթանելու համար գործարար ակտիվությունն ու արտահանումը, Արայիկ Վարդանյանը պատասխանեց, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում տնտեսական ակտիվությունը, արտահանումը խրախուսելու գործիքներից մեկը, որ իրականացնում է գործարարներին միավորող իրենց կառույցը, ցուցահանդեսների կազմակերպումն է: Անցյալ տարվա դեկտեմբերին Սիրիայի Հալեպ քաղաքում առեւտրի ցուցահանդես կազմակերպվեց: Այս տարվա հունիսին նախատեսվում է պատասխան ցուցահանդեսը Երեւանում, որտեղ սիրիական 70 ձեռնարկություններ կներկայացնեն իրենց ապրանքներն ու ծառայությունները: Տեղի կունենա նաեւ հայ-սիրիական գործարար համաժողով:

Հալեպի ցուցահանդեսից հետո, ՀԱԱՊ գործադիր տնօրենի հավաստմամբ, հայկական ապրանքների նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ քաղաքում Հայաստանի առեւտրի տուն բացելու մասին, որտեղ կներկայացվեն եւ կվաճառվեն հայկական ապրանքները: Տարածքի ընտրությունն է հիմա կատարվում: Այդ հարցում մեծ աջակցություն են ցուցաբերում Հալեպի քաղաքապետը, առեւտրաարդյունաբերական պալատը եւ այդ նահանգի նահանգապետը: Ընդգծելով, որ խոսքը մշտապես գործող ցուցահանդես-վաճառքի մասին է, Արայիկ Վարդանյանը շեշտեց, որ դրա ստեղծման հարցում մեծ դեր ունի տեղի հայ համայնքը:

Մարտ ամսին Երեւանում տեղի կունենա հնդկական ընկերությունների ցուցահանդեսը, որի ընթացքում մեր գործարարները հնարավորություն կունենան կապեր հաստատելու հնդիկ գործարարների հետ: Հուլիսին Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը Երեւանում գործարար համաժողով կկազմակերպի գերմանական Կարլս Ռույե քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատի հետ: Ինչպես հայտնեց Արայիկ Վարդանյանը, այժմ Գերմանիայում ՀԱԱՊ ներկայացուցիչը Կարլս Ռույե քաղաքի ԱԱՊ հետ ճշտում են այն գործարարների ցանկը, որոնք Հայաստանում հետաքրքրություններ ունեն: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը գերմանական կողմից է: Նա նաեւ հույս հայտնեց, որ կլինեն գերմանական կազմակերպություններ, որոնք ներդրումներ կանեն Հայաստանում:

Ինչպե՞ս են ընդունել գործարարներին միավորող կառույցում տեղական արտադրողներին աջակցելու նպատակ ունեցող, կառավարության վերջերս ընդունած որոշումներըՙ ներմուծվող ապրանքների նկատմամբ 15 տոկոս մաքսատուրք սահմանելու եւ 300 մլն դրամից ավելի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու մասին: Մեր այս հարցին պատասխանելով, ՀԱԱՊ գործադիր տնօրենը ողջունելի համարեց կառավարության նման քայլերը: Նա միաժամանակ կարեւոր համարեց միջազգային ճգնաժամի պայմաններում դրան արագ արձագանքելը, որովհետեւ «յուրաքանչյուր ամիսը նշանակություն ունի»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4