Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում A1 խմբում վերջին երեք տուրերում գերազանց հանդես եկավ Հայաստանի այս տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը: Մեկնարկում 3 ոչ-ոքիներից հետո նա նույնքան անընդմեջ հաղթանակ տոնեցՙ հաջորդաբար պարտության մատնելով ղազախստանցի Պավել Կոտսուրին, Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչին եւ ադրբեջանցի Էլթայ Սաֆառլիին: Հաջող խաղի շնորհիվ Փաշիկյանը 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Կուռնոսովին: 4,5-ական միավոր ունեն նաեւ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն եւ չին շախմատիստ Ժիանչաո Ցհոն:
Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Գրիգորյանցը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Գաբրիելը 4-րդ տուրում հաղթեց Յան Էլվեստին, ապա ոչ-ոքի խաղաց Մուրթազ Կազգալեեւի ու Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ: Սերգեյ Գրիգորյանցը հաշտություն կնքեց Վեսլի Սոյի եւ Ալեքսանդր Ռյազանցեւի հետ, իսկ 6-րդ տուրում պարտության մատնեց ռուսաստանցի Եվգենի Բարեեւին: 3,5-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանն ու Յուրի Հայրապետյանը: Իսկ ահա Ռաֆայել Վահանյանը հաջող մեկնարկից հետո վատացրել է իր ցուցանիշները: Մասնավորապես, նա 6-րդ տուրում պարտվեց Յանգ Վենին: Վահանյանը վաստակել է 2,5 միավոր:
A2 մրցաշարում հանդես եկող հայաստանցի չորս շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Դավիթ Պետրոսյանը: Մեկնարկային տուրում պարտվելուց հետո Դավիթը հինգ անընդմեջ հաղթանակ տոնեց եւ 5 միավորով ԱՄՆ-ում բնակվող Մելիքսեթ Խաչիյանի եւ չին շախմատիստ Լոու Յիպինգի հետ գլխավորում է աղյուսակը: 3,5 միավոր է վաստակել Արա Մինասյանը, 3ՙ Լեւոն Բաբուջյանը, 2,5ՙ Դավիթ Քալաշյանը:
B մրցաշարում էլ 7 տուրից հետո 5-ական միավորով առաջատարների թվում են Հայկ Վարդանյանն ու Վահե Բաղդասարյանը: Ընդ որում, Հայկը վերջին 4 տուրերում հաղթել էր մրցակիցներին, իսկ Վահեն վաստակել է 2,5 միավոր: 4-ական միավոր ունեն Յուրի Համբարձումյանն ու Վարդան Խոջայանը: B մրցաշարում միանձնյա առաջատարը չին շախմատիստ Լի Հանբինն է, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: 5,5-ական միավորով նրան հետապնդում են Իլյա Դուդուկինը, Ալեքսանդր Չուդինովսկիխը եւ Սերգեյ Ստրելնիկովը:
C մրցաշարում 4 տուրից հետո առանց միավորի կորստի էր ընթանում Աղասի Ինանցը: Սակայն հաջորդ երեք տուրերում նա մրցակիցների հետ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի ու առաջատարի դիրքը զիջեց 6 միավոր վաստակած ռուսաստանցի Վադիմ Կոզլովին: Ինանցը Սարգիս Մանուկյանի, Առնոլդ Մինասյանի եւ Սարգիս Սարգսյանի հետ ունի 5,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ