Երեւանի «Բանանցը» փետրվարի 20-ին մեկնել է Կիպրոս, որտեղ արտասահմանյան իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի: Կիպրոսում թիմը կմնա մինչեւ մարտի 7-ը: Նախատեսվում է ընկերական չորս հանդիպում անցկացնել: Դրանցից առաջինն արդեն կայացել է: «Բանանցը» 2-0 հաշվով հաղթել է շվեդական «Գոֆլեին»: Հաջորդ խաղը «Բանանցի» ֆուտբոլիստները կանցկացնեն փետրվարի 26-ին Կիեւի «Դինամոյի» 2-րդ կազմի հետ: Մարտի 2-ին հայկական թիմի մրցակիցը կլինի ՌԴ առաջնության 1-ին խմբի մասնակից «Նոստան», իսկ մարտի 6-ին «Բանանցը» ուժերը կչափի «Լուչ-Էներգիայի» հետ:
Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ «Բանանցը» մի շարք լեգեոնականների է փորձարկում: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դեռեւս չի կողմնորոշվել նրանց հարցում: Ակումբի ղեկավարությունը որոշել է թիմ ընդունել միայն բարձրակարգ լեգեոնականների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ