Քեմալական Աթաթուրքի ժամանակակից Թուրքիան դեռեւս կազմավորման օրից մերժել է այն, ինչ Օսմանյան կայսրության ժառանգությունն էրՙ պետական, կրոնական, դատաիրավական համակարգերը, պատմությունը, մշակույթը, այբուբենը, կենցաղը, նույնիսկ հագուկապը: Թերեւս Հայոց ցեղասպանության հարցում է, որ Թուրքիայի Հանրապետությունը պաշտպանության տակ է առնում Օսմանյան կայսրությանը: Ինչ վերաբերում է երիտթուրքերին, որոնք կայսրությանը ներքաշելով Աշխարհամարտի մեջ, նրա կործանման պատճառը դարձան, ապա նրանց առաջնորդներնՙ ի դեմս Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, հերոսի դափնեպսակի են արժանանում Թուրքիայում: Մինչդեռ վերջիններս Աթաթուրքի քաղաքական մրցակիցներն էին:
Նրանց չեզոքացումից հետո մրցակցության հանգամանքը վերացավ: Քեմալ Աթաթուրքը, նրա մերձակա շրջապատը, առավել եւս հաջորդներըՙ մասնավորապես նախագահներ Իսմեթ Ինյոնյուն ու Ջելալ Բայարը, որոնցից առաջինը մասնակցել է հայերի, իսկ երկրորդըՙ հույների բնաջնջմանը, ձեռնամուխ եղան արդարացնելու երիտթուրքերին հատկապես Հայոց ցեղասպանության հարցում: Թուրքական ժխտողականությունը հենց արդարացման նկրտումների խտացված արտահայտությունն է:
Դա ունի բազմաթիվ պատճառներ, գլխավորը թերեւս Քեմալ Աթաթուրքի իթթիհատական պատկանելությունն էր, ինչպես նաեւ հայազգի դահիճների առանցքային դերը քեմալական շարժման մեջ: Նրանք այնուհետեւ դարձան Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները, որոնց հենքի վրա էլ երկրում ձեւավորվեց առանձնաշնորհյալ ընտրախավը: Թուրքիայում Աթաթուրքը դեռեւս տաբու է: Առայժմ պահպանվում է նաեւ քեմալիզմի անձեռնմխելիությունը: Սակայն երկրում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին զուգընթաց ակտիվանում են իսլամականները: Նրանք սկսում են եթե ոչ Աթաթուրքի, ապա գոնե քեմալականների գործունեությունը ենթարկել քննությանՙ հիմք ընդունելով վերջիններիս սաբաթայական (այսպես են անվանում սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեաներին) ծագումը: Թուրքիայի Հանրապետության ստեղծումը վերագրում են համաշխարհային սիոնիզմին, իսկ հայերի բնաջնջումըՙ դիտարկում որպես սաբաթայականների ծրագիր: Ինչո՞ւ: Այս եւ մյուս հարցերին փետրվարի 18-ին «Հրեական ամբարտավանություն» հոդվածով պատասխանում է իսլամական «Էլ Ազիզ» շաբաթաթերթը: Ինչ խոսք, չենք կարող անվերապահորեն ընդունել հոդվածում Հայոց ցեղասպանության մասին արտահայտված մտքերը, սակայն մոտեցումը յուրօրինակ է, նոր եւ ինքնին երեւույթ թուրքական իրականության մեջ:
«Հայոց ցեղասպանության պնդումն. անջատողական PKK-ի ահաբեկչությունն ու Կիպրոսի հարցն ազգային հիմնախնդիրներ են, ունեն միջազգային հնչեղություն եւ տասնյակ տարիներ զբաղեցնում են Թուրքիային: Մեր ազգային հիմնախնդիրների նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը կոնյունկտուրային մոտեցում չէ: Այս երեք հիմնախնդիրների հետեւում ի սկզբանե կանգնած է եղել հենց Իսրայելը: Թերեւս պատահական չէ, որ այդ հիմնախնդիրներն ի հայտ են եկել եւ Թուրքիայի համար դժվարություններ են հարուցել 70-ականների սկզբներից, երբ երկրում նկատելի դարձավ «խորքային պետության» ազգային թեւի ազդեցությունը:
Իրավիճակը նախ սրվեց Կիպրոսում... Ապա երկրում բռնկվեցին աջակողմյան-ձախակողմյան, ալավի-սուննի, թուրք-քուրդ բախումները... Դրանց հետեւեց հայկական ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունն ու, այսպես կոչված, ցեղասպանության քարոզարշավը... Այս ամենից հետո ասպարեզ իջավ անջատողական PKK-ի ահաբեկչությունը... Այս երեք հիմնախնդիրները հիմնականում Թուրքիայի գլխին փաթաթել են Իսրայելն ու համաշխարհային սիոնիզմը, իսկ փաթաթելու որոշումը դեռեւս ընդունվել է 1897-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում գումարված Սիոնիզմի համաշխարհային կոնգրեսի որոշումներին համապատասխան:
Այսպես կոչված ցեղա-սպանության հարցը
Հետամուտ լինելով Բազելի կոնգրեսի որոշումներին, համաշխարհային սիոնիզմն Անգլիայի եւ դաշնակիցների միջոցով կործանեց Օսմանյան կայսրությունը, սառեցրեց Սեւրի ծրագիրը եւ իր սպասարկուներին կարգադրեց հիմնադրել Թուրքիայի Հանրապետությունը, որպեսզի Պաղեստինում հնարավոր լինի հրեական պետության ստեղծումը:
Հանրապետության ստեղծումը կարգադրվեց առերեւույթ կրոնափոխ հրեաներից կազմավորված սաբաթայական տարրերին, որպեսզի Թուրքիան առանց ոտքը կախ գցելու եւ խնդիրներ հարուցելու ծառայի այս (հրեական պետության ստեղծման) նպատակին: Իսկ դրա համար անհրաժեշտ էր աշխարհագրական տվյալ միջավայրը զտել նրա երկու հին եւ ազդեցիկ հասարակությունը կազմող հայ ու հույն բնակչությունից: Այլապես անհնար կլիներ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի աջակցությունը վայելող քրիստոնյա այս երկու հասարակություններին կառավարման համակարգից օտարելու միջոցով, որպես հրեական քողարկված պետությունՙ Թուրքիայի Հանրապետության ստեղծումը:
Քանի որ այս հանգամանքը մտածված էր ի սկզբանե, ուստի փոխանակման միջոցով նախ Անատոլիայից Հունաստան քշվեց հույն բնակչությունը: Հույների փոխարեն Բալկաններից տեղափոխեցին սաբաթայական համայնքի կրիպտո հրեաներին եւ բնակեցրին մահմեդականի անվան տակ: Փոխանակման շնորհիվ փաստորեն հաջողվեց մի քարով երկու թռչուն խփել: Այն առումով, որ Անատոլիան դատարկվեց հույներից, իսկ Բալկաններից եկած սաբաթայականների վերաբնակեցմամբ աննախադեպ աճեց հրեաների քանակը Թուրքիայում, այսպիսով ապահովվեց ապագա հանրապետության կազմավորման եւ կառավարման համար կադրերի անհրաժեշտ կազմը: Նույն նպատակով էր իրագործվել նաեւ դրան նախորդած հայերի տեղահանությունը:
Ներկայումս Իսրայելի եւ ԱՄՆ-ի հրեական կառույցների ձեռքին գործիք դարձած հայկական սփյուռքի միջոցով հակաթուրքական քարոզարշավի վերածված ցեղասպանության հայկական պնդումների համար հիմք հանդիսացող տեղահանությունը մտահղացումն է սաբաթայական հրեաների, որոնք երկրում իշխանությունն իրենց ձեռքն էին վերցրել Իթթիհատ վե Թերաքի կուսակցության կառավարման եւ սահմանադրական միապետության շրջանում:
Պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ Անգլիան եւ դաշնակիցները տեղահանության ձեռնարկումներում աջակցել են Անատոլիան հայ բնակչությունից զտող առերեւույթ կրոնափոխ հրեաների ստեղծած Իթթիհատ վե Թերաքի կուսակցությանը: Փաստաթղթերը մի կողմ, տեղահանությունից մոտ մեկ դար հետո Հայոց ցեղասպանության բացականչություններով աշխարհն իրար խառնող Արեւմուտքը տեղահանության ընթացքում բերանը ջուր առած դիտողի դերում էր: Չգիտես ինչու, սփյուռքահայերը ոչ մի կերպ չեն ցանկանում քչփորել Արեւմուտքի այդօրվա քար լռությունն ու դիտորդի դերում հանդես գալու պատճառները:
Երբ Անատոլիան փոխանակման միջոցովՙ հույն, տեղահանության միջոցով հայ բնակչությունից զտվեց, իսկ սաբաթայական օլիգարխիայի միջոցով հանրապետության անվան տակ երկրում հաստատվեցին Յակոբինյանի նման բռնատիրական կարգեր, ապա մահմեդական գերակշռող զանգվածն օտարվեց պետական կառավարման համակարգից, դուրս մղվեց եւ դատապարտվեց գյուղական վայրերում խղճուկ գոյություն պահպանելու:
Ինչ վերաբերում է Ստամբուլի այն հայերին ու հույներին, որոնք ազատվել էին տեղահանությունից եւ փոխանակությունից, ապա նրանց էլ ազգային փոքրամասնությունների համար հատուկ նշանակված ունեցվածքի հարկով (1941) ստիպեց երկրից հեռանալ Ինյոնյուի (Թուրքիայի երկրորդ նախագահ) Ժողովրդա-հանրապետական կուսակցության իշխանությունը: Էթնիկ զտման այս քաղաքականությունը նույնությամբ շարունակեց Դեմոկրատական կուսակցության իշխանությունը, որի օրոք 1955-ի սեպտեմբերի 6-7-ին պետականորեն կազմակերպված կողոպուտի եւ կոտորածների թիրախ դարձած հայ եւ հույն բնակչությանը ահ ու սարսափ պատճառելովՙ ստիպեցին, որ փախչի երկրից: Աշխարհի հրեաներին Իսրայելում բնակեցնելու սիոնիզմի ծրագրին համապատասխան, նախադրյալներ ստեղծվեցին, որ ունեցվածքի հարկից եւ սեպտեմբերի 6-7-ի խժդժություններից տուժեն նաեւ Ստամբուլի այն հրեաները, որոնց ազգային ինքնությունը բացահայտված էր: Այդ ընթացքում սաբաթայական կոչվող կրիպտո հրեաները, որոնց Իսրայելը չի ընդունում, առավելագույնս օգտվելով առիթից, բազմապատկեցին իրենց անաշխատ եկամուտներն ու ինչպես հարկ է թմփոշացան:
Հատկանշական է, որ արեւմտյան տերությունների երկերեսանիությունից բխող ողջամտությունը մեր օրերում Թուրքիայում պետականորեն իրականացված ունեցվածքի հարկի եւ սեպտեմբերի 6-7-ի խժդժությունների նման մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ, բառիս բուն իմաստով, խայտառակություն էր: Մի՞թե Արեւմուտքը լռությամբ կշրջանցեր հույների եւ հայերի նկատմամբ այս genocide-ը, եթե դրա իրագործումը սաբաթայական օլիգարխիային հանձնարարած չլիներ համաշխարհային սիոնիզմը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ