«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանձնարարական է տվել երկրի նախագահը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ Երեւանի քաղաքապետարան կատարած այցելությունից եւ մայրաքաղաքին վերաբերող խնդիրների քննարկումից հետո տեղի ունեցավ քաղաքապետ Երվանդ Զախարյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, որ երկրի նախագահը ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2008-ին քաղաքապետարանի կատարած աշխատանքը եւ քաղաքապետի ու համայնքապետների ուշադրությունը հրավիրել է այն խնդիրների վրա, որոնք երեւանցիների դժգոհություններն են առաջացնում:

Խոսելով 2008-ին կատարված աշխատանքների մասին, Երվանդ Զախարյանը հիշատակեց ճանապարհաշինական խոշոր նախագծերի իրականացումը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար 2 նոր շենքերի կառուցումը, 3-րդ կարգի 10 վթարային շենքերի հիմնանորոգումը, դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման համակարգերի կառուցումը, ավելի քան 2400 վերելակների նորոգումը: Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ անցյալ տարի ներկրվել են 115 նոր ավտոբուսներ եւ 18 տրոլեյբուսներ, մետրոյում կատարվել են 1,8 մլրդ դրամի նորոգման աշխատանքներ, տեղադրվել է վճարումների նոր համակարգ:

Սեփականության իրավունքի վերականգնման գործընթացի մասին խոսելով, Երվանդ Զախարյանը հայտնեց, որ վերականգնվել են 2900-ից ավելի բնակիչների սեփականության իրավունքները այն տարածքների նկատմամբ, որտեղ նրանք ապրում են տարիներ շարունակ, բայց չունեն սեփականության իրավունքի վկայական: Ընդհանուր առմամբ այդ բնակիչների թիվը 12 հազար է, եւ նախագահը հանձնարարել է արագացնել այդ գործընթացը:

Ինչ վերաբերում է 2009-ին, ապա Երեւանի քաղաքապետը տեղեկացրեց, որ նախագահը հանձնարարել է ապահովել ճանապարհաշինական աշխատանքների շարունակականությունը, ինտենսիվացնել իրացման գոտիներում աշխատանքները, ավելացնել կանաչ տարածքները եւս 125 հա-ով: Աղբահանության վերաբերյալ քաղաքապետարանն ու էկոնոմիկայի նախարարությունը աշխատում են ճապոնական «Շիմիձու» եւ գերմանական «Ֆիխտեր» ընկերությունների հետ: Ըստ քաղաքապետի, նախագահը հանձնարարել է արագացնել այդ աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ «Շիմիձուն» պատրաստվում է 2 մասից աղբավայրում այժմ գտնվող աղբի վերամշակումը կատարել, իսկ «Ֆիխտերի» հետ պատրաստվում է աղբահանության համալիր ծրագրի իրականացման համար մրցույթ հայտարարել այս տարվա հուլիսին: Հաջորդը բազմաբնակարան շենքերի պահպանման խնդիրներն են, որոնց վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են եղել: Խնդիր է դրված այս տարի լրջորեն զբաղվել համատիրությունների կայացման հարցով: Տեղեկացվեց նաեւ, որ այս տարի կսկսվի նոր թաղամասի շինարարություն Տիչինայի փողոցին հարող տարածքում, կհիմնանորոգվեն մի քանի կամուրջներ եւ ճանապարհներ:

  «Ազգի» հարցնՙ ուղղված քաղաքապետին, վերաբերում էր իրացման գոտիներում աշխատանքների արագացման նախագահի հանձնարարականին: «Այն դեպքում, երբ Երեւանի իրացման գոտիներում իրացման ու կառուցապատման աշխատանքները սառեցված են, իսկ կառավարության նախորդ նիստի որոշմամբ 1-2 տարով երկարացվեցին այդ տարածքներում իրացման աշխատանքները սկսելու ժամկետները, ինչպե՞ս են արագացվելու դրանք» հարցին քաղաքապետը պատասխանեց, որ իրացման աշխատանքների սառեցում չկա, որպես օրինակ նշելով, որ Կոնդի եւ «Ֆիրդուսնոցի» բնակիչների մեծ մասի հետ պայմանագրեր են կնքվել: Այդուհանդերձ, Երվանդ Զախարյանն ընդունեց, որ ֆինանսական ճգնաժամը ազդեցություն թողել է այս ոլորտում, «աշխատանքների տեմպերի որոշ իջեցում կա եւ կաշխատենք այդ տեմպերը պահպանել»:

Սակայն հարկ ենք համարում մեր կողմից նշել, որ Երեւանի իրացման գոտիների գերակշիռ մասում, այնուամենայնիվ, սպասողական վիճակ է եւ իրացման կամ կառուցապատման աշխատանքներ փաստորեն չեն կատարվում:

Քաղաքապետի թեկնածուին կորոշի Հանրապետական կուսակցությունը

Պատասխանելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը ի՞նչ է ասել Երեւանի քաղաքապետի պաշտոնում Երվանդ Զախարյանի թեկնածության մասին, Երեւանի քաղաքապետն ասել է, թե նախագահը հաղորդել է, որ այդ հարցը կքննարկի Հանրապետական կուսակցությունը եւ կընդունի համապատասխան որոշում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4