«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


2008-ԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

2003-ի համեմատ 2008-ին մոտ երեք անգամ ավելացել են լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները: Այս եզրակացությունն է արձանագրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը Ժուռնալիստների միությունում երեկ ներկայացրեց Հայաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին 2008-ի տարեկան զեկույցը:

«Երբ ներքաղաքական իրավիճակը սրվում է, որպես կանոնՙ ակտիվանում են նաեւ ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները, սակայն 2008-ը աննախադեպ է եղել թե՛ գրաքննության կիրառմամբ, թե՛ ճնշումների թվի ավելացմամբ», ներկայացնելով իրենց տարեկան զեկույցը` ասաց Խոսքի ազատության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ իրենք զեկույցը պատրաստելիս համեմատություններ են արել ոչ թե 2007 կամ 2006 թթ. հետ, այլ 2003-ի` նախորդ նախագահական ընտրությունների հետ:

Ըստ բանախոսի, եթե 2003-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը եղել են 7-ը, ապա 2008-ին այդ քանակն աճել է եւ դարձել 18: Զանգվածային լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները 2003-ին կազմել են 13, իսկ 2008-ին` 16 դեպքեր: Գրեթե երեք անգամ ավելացել են նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերը: 2008-ին արձանագրվել է հիշյալ իրավունքի խախտման 14 դեպքՙ 2003-ին արձանագրված 5-ի համեմատ:

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի ` 2003-ին էլ են եղել ճնշումներ, խոչընդոտներ, սակայն 2008-ը գերազանցում է: Նա անգամ օրինակներ բերեց, որ 2003-ին խոչընդոտների եւ ճնշումների թիվը եղել է 25, 2008-ին դարձել է 48:

«Բացի այդ, այս անգամ առանձնացնում ենք գրաքննությունը, քանի որ 2003-ին նման բան չի եղել. նման բան չի եղել նաեւ վերջին 17 տարիների ընթացքում: ՀՀ օրենքով գրաքննությունն արգելվում է: 2008-ի մարտի 1-ից 20-օրյա ժամկետով Երեւանում մտցվեց արտակարգ դրություն: Արտակարգ դրության մասին նախագահի հրամանագրում մեկ բառ անգամ չկա գրաքննության մասին: Խախտողները պետք է պատժվեն, որ որեւէ մեկը նման բան այլեւս չանի: Սա ՀՀ մամուլի համար սարսափելի հարված էր, որ հետ գցեց մինչեւ Սովետմիության ժամանակները», կարծում է Մեսրոպ Հարությունյանը:

Ի դեպ, զեկույցում լրագրողների հետ կատարված խախտումները բաժանված են երեք խմբի` լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումներ, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ:

Լրագրողների եւ ԶԼՄ-ի իրավունքների լուրջ խախտումները` Հայաստանում մամուլի ներկայացուցիչների դեմ բռնության դեպքերը, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված միջոցառումները համապատասխան արձագանք են ստացել նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, փետրվարի 21-ին «Լրագրողներ առանց սահմանի» (RSF) կազմակերպությունը կոչ է արել պատժել նախագահական ընտրությունները լուսաբանող լրագրողների վրա հարձակման մեղավորներին:

Բանախոսները տեղեկացրին, որ վերջին ամիսների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների առնչությամբ պատասխանատվության չի ենթարկվել ոչ մի անձնավորություն:

Նրանք հիշեցրին, որ, երբ նոյեմբերի 17-ին Երեւանի կենտրոնում ծեծի ենթարկվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» ինտերնետային հրատարակության գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ՀՀ վարչապետը խոստացավ, որ անպայման կբացահայտվի հանցագործությունը, սակայն մինչ օրս չի հայտնաբերվել հանցագործը: Նրանք հայտնեցին, որ դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես են եկել մի շարք լրագրողական եւ հասարակական կազմակերպություններ` կոչ անելով իշխանություններին «հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին»:

Բանախոսները նշանակալի են համարում «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով (հայտնի է իբրեւ «Ա1+»-ի գործ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որ հրապարակվեց հունիսի 17-ին: Եվրոպական դատարանը վճռեց, որ խախտվել է հեռուստաընկերության` տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով: Եվրոպական դատարանը պարտավորեցրեց ՀՀ-ին` վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 հազար եվրո` 20 հազարը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ 10 հազարը` որպես դատական ծախսերի փոխհատուցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4