«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՎԵՃԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐՈՎ

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը նշանավորվեց հանրապետական մի քանի ռեկորդների գրանցմամբ, ինչը չի կարող չուրախացնել եւ խոսում է առանձին ծանրորդների ցույց տված բարձր արդյունքների մասին: Այդ առումով իրեն լավ դրսեւորեց գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Նա պոկում վարժությունում գերազանցեց Աշոտ Դանիելյանին պատկանող Հայաստանի երիտասարդների ռեկորդը` բարձրացնելով 190 կգ: Ռեկորդային էր նաեւ երկամարտի նրա արդյունքը` 369 կգ: Ռուբեն Ալեքսանյանն արդեն պատանեկան եւ երիտասարդական միջազգային մրցումների զգալի փորձ ունի, դարձել է մրցանակակիր, ուստի հնարավոր է ընդգրկվի նաեւ Հայաստանի մեծահասակների հավաքականում:

Նոր ռեկորդակիր դարձավ նաեւ Արթուր Բաբայանը: 105 կգ քաշային կարգում նա 1 կգ-ով գերազանցեց մեծահասակների հանրապետական նախկին ռեկորդը` պոկում վարժությունում բարձրացնելով 181 կգ: Արթուր Բաբայանը երկամարտի արդյունքով դարձավ Հայաստանի չեմպիոն: Իսկ ահա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Վ. Մարտիրոսյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախնական քաշը եւ 0 ստանալով, դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Այդ անհաջողությունից օգտվեց սեւանցի Արամ Անդրիկյանը` 85 կգ քաշային կարգում հռչակվելով Հայաստանի չեմպիոն:

Իսկ ահա օլիմպիական խաղերի բրոնզե մյուս մրցանակակիր Տիգրան Գ. Մարտիրոսյանը թեեւ հանդես եկավ քաշային նոր կարգում (77 կգ), սակայն դա չխանգարեց նրան հաղթող ճանաչվել: Իսկ 69 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Գեւորգ Կակոյանը: Թեթեւ քաշային կարգերում չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Վարազդատ Սեպոյանը (56 կգ) եւ Վանիկ Ավետիսյանը (62 կգ): 94 կգ քաշային կարգում ուժեղագույնը Էդգար Գեւորգյանն էր:

Կանանց մրցապայքարում մեր փորձառու մարզուհիներն իրենց բարձրության վրա էին: Հիվանդությունից ապաքինվելուց հետո առաջին անգամ մրցահարթակ դուրս եկավ Մելինե Դալուզյանը` հաղթող ճանաչվելով մինչեւ 63 կգ քաշային կարգում: Իրենց հավասարը չունեին նաեւ Նազիկ Ավդալյանն (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ-ից բարձր), որոնք հանդես եկան իրենց համար քաշային նոր կարգերում:

Քաշային մյուս կարգերում չեմպիոնուհիներ հռչակվեցին Իզաբել Յաիլյանը (48 կգ), Լիանա Մանուկյանը (53 կգ), Ալլա Սամվելյանը (58 կգ) եւ Քրիստինե Պետրոսյանը (69 կգ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4