«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ՆՈՐԻՑ ՈՒ ԿՐԿԻՆ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ

Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի արծարծումներում ադրբեջանական քարոզչամեքենան միշտ էլ ցավով է շեշտում, այսպես կոչված, Խոջալուի ողբերգությունը: Հանդիսանալով հակահայ քարոզչության հերթապահ նյութ, որը պարբերաբար թարմացումներ է ունենում ադրբեջանական մամուլում, այդուհանդերձ, հարեւան երկրի համար Խոջալուն իրենց իսկ պատմության համար սեւ բիծ է թողել: Այն, ինչ ներկայացնում են նրանք գլխիվայր շուռ տված իրականության հայելում, փաստորեն, արդյունք էր Ադրբեջանում առկա ներքաղաքական լարվածության: Հայտնի է, որ սուվերենության հռչակումից հետո Ադրբեջանի Ժողովրդական ճակատը իշխանության համար պայքար էր մղում մութալիբովյան վարչակազմի դեմ, եւ որը 1992 թվականի մայիսին հանգեցրեց նախագահ Այազ Մութալիբովի իշխանության տապալմանը. հունիսից երկրի կառավարման ղեկը ստանձնեց ժողճակատի ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյը: Սահուն իշխանափոխության համար լուրջ պատճառ էր պետք: Հիմնավոր մի պատճառն էր Լեռնային Ղարաբաղում գործող ադրբեջանական մի շարք ռազմական հենակետերի վնասազերծումը հայ ինքնապաշտպանների կողմից:

Ռազմաբազաներից մեկն էլ Խոջալուն էր: Ադրբեջանն այս բնակավայրը հենակայան դարձնելու ուղղությամբ շատ ջանքեր ու միջոցներ էր ներդրել դեռեւս 1988 թվականից, երբ ԽՍՀՄ միութենական կառավարությունը բազմամիլիոն ֆինանսական միջոցներ էր հատկացրել, իբր Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման նպատակով: Ադրբեջանն այդ ֆինանսներն ուղղել էր ԼՂԻՄ-ի ադրբեջանաբնակ բնակավայրերի արհեստական խոշորացմանը: Նույն այդ ծրագրով, ընդամենը 1800 բնակիչ ունեցող Խոջալու գյուղը, որը գտնվում էր Ասկերանի շրջանի վարչական տարածքում, երկու տարվա ընթացքում վերածվեց 7000 բնակչությամբ քաղաքի: Հասկանալի է, որ ժողովրդագրական օրինաչափությամբ հնարավոր չէ միջին մեծության գյուղի բնակչության թվաքանակն այդքան կարճ ժամանակում առնվազն եռապատկել: Ընդ որում, խոշորացումը տեղի ունեցավ ոչ թե ադրբեջանցի փախստականների կամ թուրք մեսխեթցիների բնակեցմամբ, ինչպես հարեւան երկրում են պնդում, այլ հազարավոր գրոհայինների դեսանտավորմամբ:

Խոջալուն աշխարհագրորեն գտնվելով Ասկերան ավանի (որի թիկունքում Աղդամ քաղաքն էր) եւ Ստեփանակերտ քաղաքի միջեւ` ուներ ռազմավարական կարեւոր նշանակություն: Իրադարձությունների հրահրված սրացմամբ շուտով Խոջալուում տեղակայված գրոհայինները փակեցին Ասկերան-Ստեփանակերտ մայրուղային ճանապարհը: Շրջափակման մեջ հայտնվեցին շրջկենտրոնը եւ հարակից հայկական բնակավայրերը: Երբ սկսվեց զինված բախումը, Խոջալուն արդեն խոշոր ռազմակայան էր, որտեղից ամեն օր հրետակոծվում էին շրջակա հայկական բնակավայրերը:

Այս հենակետի ոչնչացումը հայ ինքնապաշտպանների համար այլընտրանք չուներ, եւ 1992-ի փետրվարի 26-ին իրականացվեց Խոջալուի վնասազերծման փայլուն ռազմագործողությունը: Արցախի ինքնապաշտպանության ուժերը միջանցք էին տրամադրել Խոջալուում մնացած խաղաղ բնակիչների համար, նրանք կարող էին անարգել դուրս գալ մարտական գործողությունների գոտուց:

Միջանցքը փաստացի գործում էր, եւ թե ինչու Աղդամի տարածքում խոջալուցիները յուրայինների կողմից ենթարկվեցին դաժան գնդակոծման, պիտի հարցնել հենց իրենց` ադրբեջանցիներին: Այդ հաշվեհարդարը հաստատող կադրերով ռեպորտաժ նույն օրերին ցուցադրել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, որի հեղինակին ժողճակատայիններն ամիսներ անց գնդակահարել են Աղդամ քաղաքում:

«Խոջալուի ողբերգության» մասին տարփողելիս հարեւան երկրում վերոհիշյալ փաստերը «մոռանում են»: Իհարկե, ամոթ է խոստովանել, որ թվով բազմակի գերազանցող իրենց կանոնավոր կազմավորումներն անզոր են եղել հայ ինքնապաշտպանների (այն ժամանակ ԼՂՀ պաշտպանական բանակը դեռեւս չէր կազմավորվել) դեմ գոտեմարտում: Ավելին, ադրբեջանական զորամիավորումների անճարակությունն օգտագործվել է իշխանությունը բռնազավթելու նպատակով:

Ադրբեջանի այսօրվա իշխանություններն ինչո՞ւ են կոծկում այս երկրորդ փաստը, մանավանդ որ ժողճակատայիններն ու մութալիբովականները ներկայումս Ադրբեջանում հալածական կարգավիճակում են: Ինչպես ասում են` սա արդեն քաղաքական նրբանկատության խնդիր է:

Ակնհայտը չփոփոխվող գաղափարախոսությունն է` ամեն մի անհաջողության մեջ հայի ձեռագիր փնտրել: Բայց պատմական ճշմարտության վերարտադրումներում նման հնարքները միշտ էլ մերժելի են:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4